«Վանքից մենք ենք գալիս, դուք եք ասում՝ մեղա, Աստված». Հովհաննես Սահակյան

«Նույնականացման քարտին համաձայն ենք՝ որպես միասնական փաստաթուղթ»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նշեց, որ «4+4+4» ֆորմատով քննարկումների ժամանակ Դավիթ Հարությունյանը մերժել է ընդդիմության այդ առաջարկը՝ ասելով, որ տեխնիկապես հանրավոր չէ մինչև պառլամենտական ընտրություններն այդ հարցը լուծել:

«Չգիտեմ՝ Դավիթ Հարությունյանն ինչ է մերժել, բայց այստեղ կա փաստաթուղթ: Վանքից մենք ենք գալիս, դուք եք ասում՝ մեղա, Աստված»,- հայտարարեց Հ. Սահակյանը:

Ա. Մանուկյանը կրկնեց, որ վերջին երկու քննարկումներին, երբ Հ. Սահակյանը ներկա չէր, Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ միասնական ID քարտ չի լինելու:

Կարդացեք նաև

Հ. Սահակյանը կարդաց իրենց պատրաստած տեղեկանքի (որտեղ ներառված են այն փոփոխությունները և լրամշակումները, որոնք տեղ են գտել այդ քննարկումների արդյունքում, և որը ներկայացվելու է ուրբաթ օրը) այն հատվածը, որը վերաբերում է ID քարտերին. «Քվեարկության մասնակցել միայն միասնական փաստաթղթով, որը պարունակում է բիոմետրիկ տվյալներ, օրինակ, ID քարտ: Կողմ ենք հետևյալ նախապայմանների դեպքում՝ դոնոր կազմակերպությունները կհամաձայնեն ֆինանսավորել բոլոր ցանկացողների կողմից ID քարտի տրամադրումը, UNDP-ի փորձագետը եզրակացություն է կազմել, որ դա հնարավոր է արդյունավետ իրականացնել մինչև ԱԺ հերթական ընտրություններ»:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը նույնպես վկայեց այն մասին, որ վերջին երկու հանդիպումների ժամանակ Դավիթ Հարությունյանն ասել է, որ դա հնարավոր չէ. «Ըստ Դավիթ Հարությունյանի պնդման՝ դա հնարավոր չի լինելու, դրա համար եմ ասում՝ այդ տեղեկանքը, որ պատրատվել է՝ որքանո՞վ է վերջնական հիմքի վրա կազմվել»:

Հ. Սահակյանը հավաստիացրեց, որ այն, ինչ այդ տեղեկանքի մեջ է գրված, հնարավոր է իրականացնել:

Տեսանյութեր

Լրահոս