«Մենք ուզում ենք լսել Ձեր խոսքը, Ձեր ուղերձը…». Անահիտ Բախշյանը՝ Սերժ Սարգսյանին
Այսօրվա ասուլիսում Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, պատգամավոր Ռուզան Մուրադյանը և նկարիչ Հաղթանակ Շահումյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում քննարկեցին սահմանային իրավիճակը, անդրադարձան բանակին և կրթական համակարգին առնչվող մի շարք խնդիրների:
Անդրադառնալով երեկ Հանրապետության նախագահի Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում զինվորների հետ ունեցած հանդիպմանը՝ Անահիտ Բախշյանը նկատեց. «Երեկ նախագահը Ստեփանակերտում փառաբանեց մեր զինվորին, նրանց, ովքեր, անկասկած, արժանի են շատ ավելիին, ովքեր ամենագիտակ, ամենակարգապահ կեցվածքով պաշտպանեցին ոչ միայն՝ մեր սահմանները, այլև՝ մեր արժանապատվությունը: Ես ուզում եմ հիմա հարց ուղղել՝ իսկ ե՞րբ պետք է մեր իշխանությունն էլ դառնա ամենակարգապահ, ամենախելացի, ամենակազմակերպված ու ամենասրտացավ իշխանությունը, ե՞րբ ախր, էլ ե՞րբ»:
168.am-ի հարցին, թե մամուլում այսօր լուրեր են շրջանառվել այն մասին, որ նախագահ Սարգսյանը պատրաստվում է կոչով դիմել հասարակությանը, և ի՞նչ են արդյոք ասուլիսի բանախոսներն ակնկալում լսել այս պահին նախագահից, Անահիտ Բախշյանը շտապեց առաջինը պատասխանել. «Ես ուզում եմ առաջինը պատասխանել այս հարցին, որովհետև այս օրերին արդեն մի քանի անգամ տարբեր առիթներով դիմել եմ Նախագահին՝ ասելով՝ մենք ուզում ենք լսել Ձեր խոսքը, Ձեր ուղերձը, որտեղ Դուք կներկայացնեք այսօրվա մեր օրհասական վիճակի վերաբերյալ Ձեր քայլերը, կտաք Ձեր գնահատականը՝ ստեղծված իրավիճակի շուրջ: Մենք ուզում ենք տեսնել այն քայլերը, որոնք նախագահը նախատեսում է կամ պատրաստվում է կատարել, արդյոք դրանք համընկնո՞ւմ են մեր տեսլականի հետ: Ես շատ եմ սպասում այդ կոչին»:
Պատգամավոր Ռուզան Մուրադյանը շատ կարճ պատասխանեց. «Ինչ կոչով էլ որ հանդես գա Սերժ Սարգսյանը, ես վստահ եմ՝ դա անպայման բխելու է ժողովրդի, ազգի և պետության շահից»:
Նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ ասաց. «Սահմանադրական հանրաքվեի օրերին նախագահը հանդես եկավ ծրագրային մեծ ելույթով և նշեց մի քանի դրույթներ, որոնք կոնկրետ ինձ համար շատ ողջունելի էին, հատկապես այն հատվածը, որտեղ նա կարևորում է հանրության կարծիքը՝ հայտարարելով, որ պետք է հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ: Եթե հանրության կարծիքի հետ հաշվի նստեին, իրականում մեր երկրում շատ բան կփոխվեր, որովհետև հանրությունը կուլմինացիան է այն ամբողջ մտահոգությունների, որ կա մեր երկրում: Հանրության կարծիքի հետ հաշվի նստելը կնշանակի՝ Հայաստանը դարձնել օրինակելի երկիր, որովհետև հանրությունն է ամենաանշահախնդիր օղակն այս ողջ համակարգում: Ես կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ մեր իշխանություններն այդ միջազգային կոչված շատ կառույցների վրա ուղղակի թքած ունենան: Հիմա այն օրհասական պահն է եկել մեր երկրի համար, իշխանությունն արդեն պետք է մտածի միջազգային ատյաններում իրեն մի քիչ այլ կերպ պահելու, դրսևորելու մասին, առանց վախենալու այս կամ այն անգործ միջազգային կառույցի արձագանքից»: