Intel-ը 12 000 աշխատող է կրճատել
Ամերիկյան Intel կորպորացիան 12 հազար աշխատատեղ Է կրճատում՝ նպատակ ունենալով նվազեցնել կախվածությունը անհատական համակարգիչների շուկայում պահանջարկի անկումից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է BBC-ն, ասված է ընկերության հայտարարության մեջ:
Համակարգչային միկրոպրոցեսորների արտադրողը 1,2 մլրդ դոլար է հատկացնում վերակազմման ծախսերը ծածկելու համար:
Կրճատման տակ է ընկնում ընկերության աշխատողների մոտավորապես 11 տոկոսը. նրանց հեռացման հետ կապված գործընթացը կտեւի 12 ամիս, նշվում է Intel-ի հայտարարության մեջ:
Intel-ը հայտարարել է, որ պլանավորում է «արագացնել անհատական համակարգիչներ արտադրող ընկերությունից անցումը գլոբալ ցանցերի եւ միմյանց հետ կապված միլիարդավոր բարձրտեխնոլոգիական համակարգչային սարքերի մշակողի»:
Համակարգչային միկրոչիպերի աշխարհում խոշորագույն արտադրողը նաեւ նվազեցրել է 2016 թվականին եկամուտների իր կանխատեսումը:
Ապրիլի 19-ին Ուոլ սթրիթում սակարկությունների փակումից հետո ընկերության բաժնետոմսերը կորցրել են գնի մոտավորապես 2,5 տոկոսը: Իսկ ընդամենը տարեսկզբից Intel-ի բաժնետոմսերի արժեքը նվազել Է 8,4 տոկոսով:
IDC հետազոտական ընկերության տվյալներով՝ 2016 թվականի առաջին եռամսյակում անհատական համակարգիչների վաճառքների ծավալն ամբողջ աշխարհում կրճատվել է 11,5 տոկոսով: