Դավիթ Բաբայանը քառօրյա պատերազմից անմիջապես հետո Լևոն Հայրապետյանի դատավճռի հրապարակումն ուղղակի զուգադիպություն է համարում

Ինչպես հայտնի է` այսօր հայազգի բարերար Լևոն Հայրապետյանին սատարող քաղաքացիները նամակներ հանձնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանում ՌԴ դեսպանատանը: Նամակի մեջ հեղինակները նաև ընդգծել էին, թե տարօրինակ զուգադիպությամբ՝ ղարաբաղցի գործարարի հանդեպ դատավճիռը հրապարակվեց հենց Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմից անմիջապես հետո:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դա ուղղակի զուգադիպություն է համարում. «Միգուցե պլանավորված է եղել, որ այդ դատավճիռն այդ ժամանակ լինի, ուղղակի քառօրյա պատերազմը ոչ պլանավորված էր: Պետք չէ մենք ինչ-որ բաներ շահարկենք, մտածենք, որ դա պլանավորված է, դա կարող է լինի ինչ-որ գործընթաց, պետք է ավելի խորն իմանալ, նոր ասել: Ես չգիտեմ, ծանոթ չեմ գործի բնույթին, չգիտեմ՝ երբ պետք է լիներ, միգուցե պետք է լիներ հենց այդ օրերին, պետք է գործի մանրամասներին ծանոթանալ»:

Դ. Բաբայանը նաև նշեց. «Մենք, իհարկե, հետևում ենք, և ցավում ենք Լևոն Հայրապետյանի համար, հույս ունենք, որ դեռևս բողոքարկելու հնարավորություն կա, մանավանդ հաշվի առնելով նրա ֆիզիկական վիճակը, հույս ունենք, որ պետք է փոխվի դատավճիռը, և Լևոն Հայրապետյանը կրկին կլինի ազատության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս