
Ըստ Laureus-ի՝ Նովակ Ջոկովիչը ճանաչվել է տարվա մարզիկ, իսկ Սերենա Ուիլյամսը՝ լավագույն մարզուհի

Տարվա լավագույն թիմ է ճանաչվել Նոր Զելանդիայի ռեգբիի հավաքականը:
Laureus Awards-ի պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի Բեռլինում:
Ջոկովիչից բացի, տարվա լավագույն մարզիկի կոչման համար առաջադրվել էին նաև «Ֆորմուլա-1»-ի բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը, վազորդ Ուեսին Բոլթը, բասկետբոլիստ Ստեֆեն Կարին, արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին և ամերիկացի գոլֆիստ Ջորդան Սպայետը:
Սերենա Ուիլյամսի հետ մրցակցում էին լողորդուհի Քեթի Լեդեկին, ֆուտբոլիստուհի Կարլի Լլոյդը, եթովպիացի թեթև ատլետուհի Գենզեբե Դիբաբան, ավստրիացի լեռնադահուկորդուհի Աննա Ֆենինգերը և թեթև ատլետուհի Շելի-Էն Ֆրեյզեր-Փրայսը:
Բացի նորզելանդական ռեգբիստներից, տարվա լավագույն թիմի կոչմանը հավակնում էին ֆուտբոլային «Բարսելոնա» ակումբը, ֆուտբոլի ԱՄՆ կանանց հավաքականը, «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» բասկետբոլային ակումբը, «Ֆորմուլա-1»-ի Մերսեդեսի թիմը և թենիսի Մեծ Բրիտանիայի տղամարդկանց հավաքականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը