Հայաստանը կարո՞ղ է կանխել ռուսական պլանի իրականացումը

168.am-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան, երեկ Ադրբեջանի նախագահի հասարակականքաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ մոտ ժամանակներս ինտենսիվ բանակցություններ կսկսվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, ինչը հերքվեց ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանի կողմից: Այնուամենայնիվ, Հասանովի հայտարարությունը փաստում է այն մասին, որ ռուսադրբեջանական որոշակի գործընթաց է գնում, որից Հայաստանը դուրս է մնացել, և որը տեղի է ունենում Ադրբեջանի` ռազմադաշտում մի քանի հարյուր մետր հաջողության ֆոնին: Ձեր տպավորությամբ` ի՞նչ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, ու որքանո՞վ դրանք կարող են վտանգավոր լինել հայկական կողմերի համար:

– Այժմ գտնվում ենք մի շրջափուլում, որը կրկնվում է 2008-ից: Մենք ունեցել ենք նման մի  գործընթաց 2008թ., խոսքը «Մայնդորֆի» մասին է: Իհարկե, ելակետերը տարբեր են. բայց գործընթացը նույնն է Ռուսաստանի շահագրգռությունների տեսանկյունից: Ռուսաստանը փորձում է պարզապես ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել Ադրբեջանին և նաև ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Ես առիթ ունեցել եմ հիշեցնելու, որ 2008թ., ոչ միայն՝ գրավոր, այլև՝ բանավոր, Ռուսաստանն Ադրբեջանին խոստացել է այն, ինչը երեկ հրապարակեց «Իզվեստիա» թերթը (Կրեմլին մոտ կանգնած «Իզվեստիա» թերթն իր հոդվածում որոշ մանրամասներ էր ներկայացրել կարգավորման ռուսաստանյան ծրագրից, որի համաձայն՝ Ադրբեջանին պետք է վերադարձնել տարածքների մի մասը, խաղաղապահներ տեղակայել, վերադարձնել փախստականներին, օրինականացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն, ինչպես թերթն է գրում, ապահովել սահմանների բացումը և տնտեսական կապերի վերականգնումը, և հետո, երբ կրքերը հանդարտվեն, Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնել.- Ա.Մ.), և դա անելու համար նրան, թերևս, պետք է նախ՝ միայնակ տանել կարգավորման գործընթացը և  ապահովել այդպիսի ելք ու ուժեղացած ներկայություն ոչ միայն՝ բանակցությունների գործընթացում, այլև՝ անմիջապես Արցախում: Պատահական չէ, որ լուրը հրապարակեց ադրբեջանական կողմը: Ձեր ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել ևս մեկ հանգամանքի վրա, նրանք խոսում են ՌԴ նախագահի հովանու ներքո կազմակերպվելիք հանդիպման մասին, ՀՀ նախագահի խոսնակը խոսում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում հանդիպման պայմանավորվածություն չունենալու մասին: Այսինքն` կարծեք թե Հայաստանն ակնարկում է, որ ակնկալում է բանակցությունների շարունակություն ԵԱՀԿ շրջանակներում, և, թերևս, դա ճշգրիտ և ճիշտ մոտեցում է Հայաստանի կողմից:

Խնդիրն ամենևին նրա մասին չէ, որ Ադրբեջանի դիրքերը ամուր են, բացարձակապես համաձայն չեմ, ի վերջո, Ալիևն ապացուցեց, որ 24 ժամում ի վիճակի չէ անգամ գյուղ վերցնել, 24 ժամում այդպիսի մեծագույն կորուստներով նա կարող է վերցնել ընդամենը մեկ բլուր: Ուստի չենք կարող ասել, թե ամրացել են Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում, քանի որ, եթե դրանք ուժեղ լինեին, հավատացեք, նա հեշտ ու հանգիստ բանակցային գործընթացի մեջ չէր մտնի և գլուխը կախ չէր վերադառնա բանակցային սեղան: Պարզապես նա համոզվեց, որ ռազմական եղանակով չի կարողանում վերցնել, հետևաբար՝ իրեն ոչինչ չի մնում, քան կրկին Ռուսաստանի խնամակալության ներքո անցնելն ու Պուտինի ողորմությունը հայցելը՝ բանակցային գործընթացին օգնելու և տարածքներ վերադարձնելու համար: Այս պլանը թույլ չտալու համար հայկական կողմը պետք է պնդի, որ բանակցությունները շարունակվեն ՄԽ շրջանակներում, և այս կապակցությամբ որևէ պայմանավորվածություն դեռևս չկա, իսկ ինչ վերաբերում է մնացած հարցերին, թերևս, Ադրբեջանի հետ կարող են քննարկվել ինչ-ինչ հարցեր, եթե Ադրբեջանն ամբողջությամբ ետ քաշվի շփման գծից, դադարեցնի հրետակոծությունները և նստի ԼՂՀ-ի հետ բանակցային սեղանի շուրջ: Եթե Ռուսաստանն այդքան շատ է ցանկանում դա անել, ապա նա պետք է ապահովի նաև պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունը:

– Վերջին օրերին տեսակետներ են շրջանառվում ու տպավորություն կա, որ ՄԽ արևմտյան համանախագահները կարծես թե համակերպվել են Ռուսաստանի ակտիվ միջնորդական դերի հետ, դրա վկայությունն էր նաև Երևանում նրանց ասուլիսը, որի ընթացքում բոլոր գլխավոր ուղերձները հայտնեց Իգոր Պոպովը, ով իր համանախագահության ընթացքում երբեք ակտիվ չէր զբաղվել կարգավորման գործընթացով և նույնիսկ հրապարակայնորեն հանդես չէր եկել: Ի՞նչ է կատարվում ԵԱՀԿ Մինսկի խմբում, այն, ինչ նախաձեռնելու է Մոսկվան, որքանո՞վ է համաձայնեցված լինելու մյուս համանախագահ երկրների հետ, որքանո՞վ Հայաստանը կարող է իր հույսը դնել արևմտյան գործընկերների վրա:

– Եկեք ճիշտ հասկանանք Մինսկի խմբում ստեղծված իրավիճակը: Մինսկի խումբը և՛ 2008թ., և՛ այժմ հասկանում է, որ հակամարտության կողմերի վրա ամենաշատն ազդում է Ռուսաստանը, և, եթե Ռուսաստանը կկարողանա կյանքի կոչել Մադրիդյան սկզբունքները, կապ չունի, թե ինչ հերթականությամբ և ինչպես, ապա, թերևս, Մինսկի խումբն ու Արևմուտքը դեմ չի լինելու, դա հստակ հասկանանք: Բայց մեկ խնդիր կա, Ռուսաստանն ամենևին շահագրգռված չէ խնդիրը լուծել այնպես, ինչպես ամրագրված է նույն Մադրիդյան փաստաթղթում: Ռուսաստանի ողջ «փորացավը» եղել է Ղարաբաղի վրա ուղղակի վերահսկողության հաստատումը և ռազմական կոնտինգենտի տեղաբաշխումը: Ահա հենց այս խնդրում է, որ Մինսկի խումբը թույլ չի տալու ռուսական պլանի իրականացում:

– Պարոն Սաֆարյան, եթե Հայաստանը ՄԽ ձևաչափի շրջանակում տարվող բանակցությունների կողմնակիցն է, ապա ի՞նչ հնարավորություն ունի մերժելու ռուսական առաջարկը, եթե արդեն հանդիպման կազմակերպչական աշխատանքներ տարվեն:

– Հայաստանի իշխանություններն իրենց չեն դրել այն վիճակի մեջ, որ կարողանան հրաժարվել այդ նախաձեռնությունից: Ուստի կմասնակցեն, բայց դա ձևական բնույթ կկրի: Ինչպես ասացի՝ մենք Մայնդորֆյան շրջափուլում ենք և պետք է դասեր քաղաքծ լինեինք: Այժմ պարզապես իրավունք չունենք սխալվելու:

Տեսանյութեր

Լրահոս