Բաժիններ՝

Միհրան Պողոսյանը փորձում է այս իրավիճակից չոր դուրս գալ. ԹԻ փորձագետ

Շուրջ 8 տարի ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ղեկավարած Միհրան Պողոսյանի հրաժարականը բավականին անսպասելի էր: Պաշտոնից ինքնակամ հրաժարվելու հիմնավորման մեջ Պողոսյանը նշում է, թե ցավում է, որ իր անունն արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ «Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից»,- իր տարածած հաղորդագրության մեջ նշել է Մ.Պողոսյանը՝ խոստանալով օֆշորային հրապարակումներին հրապարակավ անդրադառնալ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու։

Միհրան Պողոսյանի հրաժարականի շուրջ զրուցեցինք Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանի հետ:

– Տիկին Տիգրանյան, Ձեր կարծիքով՝ իրականում ինչո՞ւ ԴԱՀԿ պետը գնաց այս քայլին:

– Հարցը չպետք է հասնի նրան, որ տեղական կամ միջազգային մամուլը շարունակաբար այս հարցի մասին գրեն: Եթե մեկ անգամ նրա համբավը կասկածի տակ է դրվում որպես օրինավոր պաշտոնյա, անձը պետք է հրաժարական տա՝ առանց երկմտելու և առանց հանրությունից սպասելու, որ նա ներքևից ճնշի, կամ այնքան լինի այդ հանդուրժող վերաբերմունքը՝ և´ԶԼՄ-ների, և´ հանրության կողմից, որ ստիպված այդ քայլին գնա:

Կարդացեք նաև

Այդ «ստիպվածն» էլ ես մի քիչ վերապահումով եմ ասում: Հիմնավորումը, որ այս պարագայում էլ փորձել է ոչ թե ասել, թե ցավում է, որ իր պաշտոնավարման օրինավորությանը չեն վստահում, ցավում է, որ իր անունը շրջանառվում է տեղական կամ միջազգային ԶԼՄ-ներում, այլ շատ պոպուլիստական հիմնավորում է տվել, դեմագոգ ելևէջներով, որ ցավում է, թե իր անունը դրվել է Ադրբեջանի ղեկավարի անվան հետ նույն հարթության մեջ:

Իհարկե, հասկանալի է, որ նա փորձում է այս իրավիճակից չոր դուրս գալ. որ ոչ թե գնում է, որովհետև իսկապես ընդունում է, որ եղել են նման դեպքեր, այլ որովհետև Ադրբեջանը բռնապետ երկիր է, ինքն էլ այդ շարքում չի ուզում հայտնվել: Այս չորսօրյա պատերազմի ֆոնին հիմնավորումը շատ հայրենասեր է թվում, բայց, բնակաբար, երևի իրավապահ մարմիններն էլ արդեն հոգնել են նրա վերաբերյալ դիմումներ ստանալուց և երևի թե նշանակողը մեկ անգամ վերանայել է իր նշանակումը և  որոշել է, որ նա պետք է գնա:

Չեմ կարծում, թե Միհրան Պողոսյանն ինքնակամ է որոշել, որ պետք է գնա: Եվ, ընդհանրապես, նա հաջողակ գործարար է, թող իր բիզնեսի հաջողություններին հասնի, բայց ոչ պետական ապարատով: Պետական ապարատն ի վերջո պետական ծառայության համար է: Եթե որևէ անգամ շահերի բախման մասին կասկած է առաջանում, իսկ հանրությունն իրավունք ունի կասկածելու, նա պետք էհրաժարական տար: Բայց եթե ինքը կամավոր հրաժարական տար, ինչպես արեց Իսլանդիայի վարչապետը, դա կաներ վաղուց, այսինքն՝ ճնշումներ եղել են: Կուսակցապետական երկիր ենք, և եթե կուսակցությունն է որոշում՝ ով է տեղում, ով ոչ, երևի այս անգամ որոշեցին, որ շատ է նրա մասին խոսվում, հանկարծ հանրապետականի վրա մի բիծ չլինի: Շատ նախանձախնդիր են իրենց անբասիր հեղինակության համար:

– Նախկինում փորձ ունենք, որ Տիգրան Սարգսյանը օֆշորային սկանդալում հայտնվեց, շատ ավելի ուշ ինքնակամ հրաժարական տվեց, բայց որոշ ժամանակ անց նշանակվեց ԱՄՆ-ում դեսպան, հիմա էլ ղեկավարում է ԵՏՄ գործադիր մարմինը: Այս պրակտիկան ինչո՞վ է պայմանավորված և ի՞նչ սպասել Պողոսյանի դեպքում:

– Անկեղծ ասած՝ այնքան անկանխատեսելի են մեր երկրում և´ պաշտոնանկությունները, և´ պաշտոնի նշանակումները և թե որ արժանիքի համար է նշանակվում, և որ վատ վարքագծի համար հեռացվում, դժվար է կանխագուշակել: Չենք զարմանա, որ մի օր Միհրանին տեսնենք երկիրը ներկայացնող այլ պաշտոնում:

– Պահանջ կար իրավական հետաքննություն սկսելու: Ի՞նչ ունենք այս մասով:

–  «Հետքի» հրապարակման հիման վրա Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը նյութեր էր նախապատրաստում օֆշորային սկանդալի վերաբերյալ, բայց թե ընթացքը որ փուլում է, տեղյակ չեմ: «Հետքը» և ԹԻ-ն դիմել էին նաև Էթիկայի հանձնաժողովին, որը պետք է ուսումնասիրեր նրա հայտարարագրերի համապատախանությունը իրականությանը, շահերի բախման առկայությունը, պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշների դեպքում իրավունք ուներ նորից նյութերն ուղարկել գլխավոր դատախազություն:

Նախկինում մի առիթով ասել եմ՝ չեմ կարծում, որ Միհրան Պողոսյանն այն պաշտոնյան է, որին կարելի էր զոհել՝ ցույց տալու համար, թե կա իրական պայքար կոռուպցիայի դեմ, որովհետև տարիների ընթացքում զգացել ենք, որ շատ ամուր է, խոշոր ձուկ է, բայց գուցե սա այն պահն էր, որ պետք էր զոհել՝ ցույց տալու համար, թե պայքարում են կոռուպցիայի դեմ: Իսկ թե մինչև ո՞ւր կզոհեն, կնշանակե՞ն պաշտոնի, թե՞ ոչ, կտեսնենք հետագայում:

– Ըստ Ձեզ՝ իրավապահների հետաքննության արձագանքը դեռ կլսե՞նք:

– Ես մի քիչ կասկածում եմ, որ ամեն ինչ սրանվ էլ կվերջանա: Պետք է նրանց շարունակաբար հիշեցնել, հարցնել՝ ուր հասան, ինչ եղավ: Մեր երկրում նորություն չէ, թե ինչպես են գործեր հարուցվում, բայց երբևէ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվում, հանցագործության փաստ որպես այդպիսին չի արձանագրվում: Չգիտեմ, ինչ ասեմ՝ հիմա կանխատեսում կլինի, բայց լավ կլիներ, որ իրավապհնմերը գոն մի անգամ սկզբից մինչև վերջ զարմացնեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս