Սեյրան Օհանյանը պարզաբանում է, թե ինչու են սահմանի առաջնագծում անապահով ընտանիքների երեխաները
«Լինում են ժամանակահատվածներ, որ հիմնական շեշտն այս կամ այն հատվածի վրա է դրվում՝ մարտական գործողություներ, զուգահեռ տարվող դիվանագիտական աշխատանքներ, կամ դիվանագիտական աշխատանքներ, զուգահեռ հենց այս խախտումներին պատասխաններ»,-այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուրն իր գործն անում է, ամեն մեկն իր գործի համար է պատասախանատու: «Մեր հնարավորությունների սահմաններում, արտաքին քաղաքականության համատեքստում, մեր արտաքին քաղաքականությունն իր գործը կատարում է ՀՀ նախագահի ղեկավարությամբ»:
Հարցին, այս օրերին շատ են քննարկվում անապահով ընտանիքներից զինվորների առաջնագծում լինելու հանգամանքը, ինչպե՞ս է ստացվում, որ առանջնագծում անապահով ընտանիքների երեխաներն են, արդյոք կոռուպցիայի դրսևորում չէ՞ դա, նախարարն այսպես պատասխանեց. «Այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Կան օբյեկտիվ հանգամանքները, որ մենք պետք է պարզաբանենք՝ հասարակությունն իմանա հետևյալը. ովքեր են կարողանում այսօր բարձրագույն կրթություն ստանալ, գիտական թեզեր ունենալ, ստանալ տարկետում, ասպիրանտուրա ընդունվել: Այդ իրականության մեջ, կարծում եմ, հիմնականում միջին և բարձր խավերի ընտանիքներից են, որ ընդունվում են բուհեր, նրանց մեծ մասը հետագայում լրացնում են սերժանտական կազմը, այս կամ այն մասնագիտությունները, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերում»:
Այնուամենայնիվ, նախարարը ընդունեց, որ կարող են լինել թերություններ, բայց իրենք առավելագույնը ձգտում են տարեց տարի վիճակահանությունն էլ ավելի բարձր հիմքերի վրա դնել:
Հարցին էլ, թե եղե՞լ են դեպքեր, որ Ձեր միջամտությամբ բանակում ծառայությունից ազատվել են պաշտոնատար անձանց երեխաները կամ նրանք արտոնյալ պայմաններում են ծառայում, նախարարը պատասխանեց, որ այսօր զինված ուժերում զորակոչն իրականացվում է վիճակահանությամբ. «Կրթական ցենզ ունեցողները համալրում են հիմնական հրամանատարական կազմը, կարևոր մասնագիտությունները, որոնք գիտելիքների բարձր աստիճան է պետք»: