Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները դեռ վերջնականապես տապալված չեն. Արամ Մանուկյան

«Վերջական տապալում ես չեմ համարում: Անկեղծորեն՝ չգիտեմ, թե ինչո՞ւ իրենք ընդառաջ չեկան, նույն առաջարկները նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն էր ասել: Իրենք ոչ մի ռադիկալ փոփոխության համաձայնություն չտվեցին, և այն, ինչ առաջարկում են, ոչ պաշտոնական մակարդակով: Օրինակ` իշխանությունները մասնակցածների ցուցակը պաշտոնապես չեն տրամադրում, ստորագրած ցուցակներից պատճենահանելու իրավունք չկա, ցուցակների մաքրմանը դեմ չեն, բայց չեն մասնակցի ու չեն տա պետական տեղեկություններ արտասահմանում գտնվողների մասին, նկարահանումներին դեմ չեն, բայց դա համացանց չի կարող գցվի ու դատարանում ապացուցողական հիմք չի համարվի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` խոսելով երեկ «4+4+4» ձևաչափով Ընտրական օրենսգրքի շուրջ բանակցությունների անհաջող ավարտի մասին:

«Անկեղծորեն՝ չգիտեմ, թե ինչու այդպես եղավ: Կարող է՝ սա հնարք էր, փորձում էին մեզ` կգնա՞նք զիջումների, թե՞ ոչ, բայց ո´չ քաղաքացիական հասարակությունը, ո´չ կուսակցությունները դա բավարար չեն համարում, գոնե բավարար նվազագույն էլ չէր դա»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ է սպասվում սրանից հետո, Ա.Մանուկյանը պատասխանեց, որ իշխանությունները պետք է մտածեն, իսկ իրենք «դուռը չեն շրխկացրել»: Ըստ նրա` փոփոխությունների առաջարկների առաջին տարբերակի 5 կետերից հետո իրենք մշակել և գրավոր ներկայացրել էին փոխզիջումային 5 կետեր` որոշակի նահանջելով նախկին տարբերակից, սակայն դրանից հետո Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք զիջելու տեղ չունեն, 99% փոխելու բան չկա. «Բայց քանի որ մեր դիրքորոշումը կառուցողական է, մենք չէինք ուզում, որ մերժեն, դուռը փակենք, գնանք: Հիմա էլ, եթե կառավարությունը գտնի տարբերակներ մեր առաջարկած լուծումներն ընդունելու, մենք կրկին պատրաստ ենք քննարկելու և ընդառաջ գնալու: Երկրորդ` մենք զիջում արել ենք մի կետի` էլեկտրոնային գրանցման հետ կապված, որն իրենք անընդհատ գովազդում են: Մեր առաջարկը համալիր, փոխզիջումային տարբերակն էր, որ մենք ընդունում ենք իրենց էլեկտրոնային գրանցման տարբերակը, իրենք ընդունում են մեր բոլոր մնացած կետերը` ցուցակները մաքրել, ցուցակները հրապարակել և այլն»:

Ա.Մանուկյանի խոսքով` իշխանությունները պետք է պատասխան տան նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին և Վենետիկի հանձնաժողովին, թե ինչու այսպես եղավ: Նա շատ դրական համարեց, որ և´ քաղհասարակությունը, և´ ՕԵԿ-ը, և´ «Բարգավաճ Հայաստանը» համաձայն էին ՀԱԿ-ի հետ. «Ընդ որում` իրենք համաձայն են տրամադրել վստահված անձանց հրապարակված ցուցակների մասնակցածների միայն համարները, բայց ո´չ անունները, ո´չ պատճենները չեն տրամադրում: Այսինքն` դա կիսաառաջարկ էր: Եվ ամեն անգամ բերել են լրիվ նոր բաներ` գունավոր քվեաթերթիկներ, անկյունը կտրած ծրար կամ դրոշմավորված ծրար, ամեն անգամ լիովին նոր, մատից ծծած բաներ են, որ չգիտես էլ՝ որտեղի՞ց գտան: Բայց այն, ինչ մենք համաձայնել ենք՝ 12 քաղաքական կուսակցություններով և հարյուրավոր քաղաքացիական խմբերով, դրանցից ոչ մեկն ամբողջությամբ չի ընդունվել»:

Կարդացեք նաև

Ա.Մանուկյանի կարծիքով` դեռ լուրջ աշխատանք կա անելու, ՀԱԿ-ը կշարունակի քաղհասարակության հետ աշխատանքը, կաշխատեն խորհրդարանում և միջազգային այն կառույցների հետ, որոնք չեն համակերպվել իշխանությունների ԸՕ նախագծի հետ, այլ հետևում են, թե որքանով է ԸՕ-ն լինելու բոլոր խմբերի հետ համաձայնեցված:

Տեսանյութեր

Լրահոս