«Սա տխուր ճանապարհորդություն է». Հռոմի պապը ժամանել է հունական Լեսբոս կղզի՝ հանդիպելու սիրիացի փախստականների հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որն այսօր ուղևորվել է հունական Լեսբոս կղզի, որտեղ գտնվում են Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ժամանած հազարավոր ներգաղթյալներ, ժամանակակից միգրացիոն ճգնաժամն անվանել է «ամենամեծ աղետը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»:
«Այս ճանապարհորդությունը տարբերվում է մյուսներից, այն անցնում է տխրության նշանի ներքո: Այլ ճանապարհորդությունների ժամանակ մենք հանդիպում ենք մարդկանց ու դա ուրախություն էր բերում նրանց: Իսկ սա տխուր ճանապարհորդություն է: Մենք գնում ենք, որ տեսնենք բազմաթիվ մարդկանց, որոնք տառապում են ու չգիտեն՝ ուր գնալ»,- ասել է Հռոմի պապը Հռոմից Լեսբոս կղզի ուղևորվելուց առաջ:
«Մենք ուղևորվում ենք ականատես լինելու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ աղետին»,- ասել է Հռոմի պապը լրագրողներին:
Հռոմի պապն արդեն Լեսբոսում է, որտեղ նրան դիմավորել են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը և Աթենքի ու համայն Հելլադայի արքեպիսկոպոս Իերոնիմը, հայտնում է RIA Novosti-ն: