«Բաքուն պատերազմական գործողություններ սկսելու քարտ-բլանշ էր ստացել». ԼՂՀ նախկին արտգործնախարար

168.am-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

– Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղաադրբեջանական սահմանի շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմը և դրա հետևանքները, և, առհասարակ, ինչո՞վ եք պայմանավորում Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունը:

– Այս քառօրյա պատերազմը ՀՀ-ի և ԼՂՀ-ի կողմից տարիներ շարունակ վարվող քաղաքականության ցավալի արդյունքն է՝ մենք մեր բանակցային պահվածքով բավական տևական ժամանակի ընթացքում թույլ տվեցինք, որ ստեղծվեն և ամրապնդվեն այն նախադրյալները, որոնք և հնարավորություն ընձեռեցին պաշտոնական Բաքվին՝ աստիճանաբար ավելացնելով լարումը ճակատային գծում, ի վերջո, դիմել այս ռազմական խոշոր արկածախնդրությանը: Պետք է ասեմ, որ այն Ադրբեջանին ոչ թե՝ ռազմական, այլ՝ քաղաքական կարևոր առավելություններ տվեց՝ Բաքուն կարողացավ հենց պատերազմական գործողությունների դիմելու միջոցով խախտել ավելի քան 20 տարի առաջ հաստատված տարածքային ստատուս-քվոն:

– Ըստ Ձեզ՝ որո՞նք էին հայկական կողմի բացթողումներն այս պատերազմում:

Կարդացեք նաև

– Ես ռազմական փորձագետ չեմ և պատերազմական գործողություններում մեր զինված ուժերի կողմից թույլ տված սխալների մասին որևէ բան ասել չեմ կարող: Մի բան գիտեմ՝ մեր մարտիկները բացառիկ խիզախություն դրսևորեցին և կարողացան լուրջ հակահարված հասցնել հակառակորդին, պատճառել նրան ցավոտ կորուստներ, իսկ ոլորտային սխալների վերլուծություն և ուղղում պետք է կատարեն տվյալ ոլորտի մեր մասնագետներն ու փորձագետները:

– Բացի մարդկային զոհերից, որ ունեցանք այս պատերազմի հետևանքով, ի՞նչ տվեց այն մեզ, և ի՞նչ դասեր կարելի է քաղել այս ամենից:

– Իմ գնահատմամբ՝ մենք այժմ լավ հնարավորություն ունենք իրավիճակում արմատական բեկում մտցնելու համար, իսկ կկարողանա՞նք դա անել, թե՞ ոչ՝ դա այլ հարց է:

– Կոնկրետ ի՞նչ պետք է արվի:

– Նպատակահարմար չեմ գտնում կոնկրետ քայլերի մասին բաց խոսել, դա վնասակար է:

– Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ դեր ունեցան այս ամենում միջազգային խաղացողները, մասնավորապես՝ Ռուսաստանը, Արևմուտքը, Թուրքիան, և ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող էին անել, որ չարեցին:

– Ցանկացած պատերազմ այլոց համար լավ հնարավորություն է ընձեռում՝ ուրիշների տված զոհերի հաշվին սեփական շահերն առաջ մղելու համար: Այդ առումով բոլոր օտարների պահվածքն էլ միանգամայն համարժեք կարելի է համարել՝ անակնկալ որևէ բան չեմ տեսնում: Ակնհայտ է, որ Բաքուն պատերազմական գործողություններ սկսելու քարտ-բլանշ էր ստացել:

– Ո՞ւմ կողմից է ստացել այդ քարտ-բլանշը:

– Ես չեմ նշի՝ ում կողմից է ստացել, կարող եմ ասել միայն, որ առանց դրա՝ Բաքուն նման քայլի չէր գնա:

Այս շրջանում շատ խոսվեց, որ հնարավոր է՝ պահանջ ներկայացվի, որ Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցային կողմ: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է դա իրատեսական:

– Առանց հայկական կողմերի բանակցային մոտեցումների լուրջ, բովանդակային վերանայման՝ Արցախը բանակցային սեղանի մոտ նստեցնելը կարող է սպասված արդյունքը չտալ: Մենք պետք է մեր խնդիրներն ընդհանուր մեկ հայեցակարգային համալիրի մեջ տեղավորենք՝ այդ դեպքում մեր ցանկացած քայլի, ցանկացած փաստարկի ուժը կբազմապատկվի:

Նաև խոսվում է այն մասին, որ ՀՀն՝ որպես ռազմավարական գործընկեր, պետք է պահանջի ՌԴից, որ նա այլևս Ադրբեջանին զենք չվաճառի, այս հարցի առնչությամբ ի՞նչ դիրքորոշում ունեք, կարո՞ղ է արդյոք ՀՀն հիմա նման պահանջ ներկայացնել, և ներկայացնելու դեպքում՝ ի՞նչ կարելի է ակնկալել ռուսական կողմից:

– Հայաստանն անվերջ կարող է դրա մասին խոսել, տարբեր ատյանների բողոքներ ներկայացնել, սակայն ցանկալի արդյունքը ստանալու համար նախ՝ պետք է լուրջ վերանայումների ենթարկի սեփական ռազմավարությունն ու դրա համատեքստում կիրառվող մարտավարությունը:

– Վերջերս հանդիպեցին ՀՀ առաջին և գործող նախագահները՝ քննարկելու սահմանային լարված իրավիճակը, ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը, և ըստ Ձեզ՝ ի՞նչ կտա այն:

– Լիարժեք տեղեկատվություն չկա նրանց հանդիպման և զրույցի բովանդակության վերաբերյալ: Այն տպավորությունն ունեմ, որ կրկին իրավիճակի քննարկումն անցել է հին, անարդյունավետ մոտեցումները վերակենդանացնելու տրամաբանության շրջանակներում: Չէի ցանկանա, սակայն, որ այս հարցում իմ իրավացի լինելն իր հաստատումը ստանար:

Տեսանյութեր

Լրահոս