«Ղարաբաղյան կարգավորման բանալին այլևս Մոսկվայում չէ». Ֆյոդոր Լուկիանով
«Ռուսաստանը գուցե Ղարաբաղում ավելի «կտրված» դիրք ստանձնի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուսական «Վալդայ» ակումբի անդամ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում գրանցված քառօրյա պատերազմին: Նա նշեց, որ արդեն 20-ից ավելի տարի բոլորը կարծում էին, թե Ղարաբաղում ստեղծված իրավիճակը երբեք չի «պայթի»:
Թեև, ըստ ռուս փորձագետի, քաղաքական կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունը, Երևանում և Բաքվում տիրող տրամադրությունները հուշում էին այն մասին, որ կողմերի միջև վստահության որևէ կաթիլ չի մնացել, ինչն արտաքին որոշակի գործոնների ազդեցությամբ կարող էր «պայթել»:
Մասնավորապես անդրադառնալով հայկական և ադրբեջանական շրջանակների` Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին, թե Ռուսաստանն է արգելափակում հակամարտության վերջնական կարգավորումը, Լուկիանովը նշեց, որ համաձայն է, որ և՛ Երևանում, և՛ Բաքվում բավական շատ է քննարկվում Մոսկվայի դերը հակամարտության կարգավորման գործընթացում, որ կարգավորման բանալին Մոսկվայում է, որ չկարգավորված հակամարտությունը ձեռնտու է Կրեմլին, քանի որ տալիս է ողջ Հարավային Կովկասի նկատմամբ ազդեցության լծակներ: Ըստ նրա, նման փուլ իսկապես եղել է: Սակայն, Լուկիանովի համոզմամբ, այդ քաղաքականությունն այլևս լուրջ բացասական հետևանքներ կարող է ունենալ, քանի որ հետխորհրդային տարածքում առկա չկարգավորված հակամարտությունները դադարել են լինել միայն տեղական հակամարտություններ: «Դրանք արդեն համաշխարհային զարգացումների, ճգնաժամի մի մասն են դարձել»,- ասաց Լուկիանովը` շարունակելով, որ դրանք արդեն դրսից ևս դժվար կառավարելի են:
Ուստի, նրա համոզմամբ, արտաքին դերակատարների ազդեցությունը, եթե այն նույնիսկ ինչ-որ առումով ազդել է, այլևս անիմաստ է քննարկել: Խոսելով Ղարաբաղում ՌԴ քաղաքականության մասին, նա նշեց, որ ուկրաինական հակամարտությամբ, իր կարծիքով, ավարտվել է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի լայն ներգրավվածության ու առճակատման շրջանը:
Ըստ նրա՝ այսօր ոչ թե պետք է Ռուսաստանի ներգրավվածության բաղադրիչները` զենքի վաճառք, միջնորդություն, քննարկել, այլ՝ ավելի խորը միջնորդությունը: «Այն գոտիներում, որոնցից մեկը Ղարաբաղն է, որտեղ գերտերությունների մրցակցություն չկա ազդեցության համար, Ռուսաստանն ավելի «կտրված» դիրք գուցե ստանձնի, բայց ավելի բարձր կառուցողականությամբ պետք է գործի՝ որպես հաջող միջնորդ: Այսօր դրա կարիքը կա»,- նման տեսակետ հայտնեց Լուկիանովը: