«Չի կարելի ամբողջ գիտակցական կյանքն ապրել մեկ այլ գործչի քննադատելով ու այլընտրանք չառաջարկելով». Արման Մուսինյան

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախագահ Տեր-Պետրոսյանի հարցազրույցի քննադատներին անհրաժեշտ է պատասխանել մի քանի (իրականում շատ պարզ) հարցերի

1. Կա՞ արդյոք այսօր Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող անմիջական ԱՐՏԱՔԻՆ մարտահրավեր: Այո կամ ոչ: Եթե չկա, թող այդ քննադատները հիմնավորեն, որ չկա:

2. Եթե կա ԱՐՏԱՔԻՆ մարտահրավեր, անհրաժե՞շտ է արդյոք ներազգային համախմբում, որն իր մեջ ներառում է իշխանությանը (առանց իշխանության համախմբումն իրականում քաոս է, եթե խոսում ենք արտաքին սպառնալիքի մասին, ավելին` մեծագույն նվեր Ադրբեջանին), ընդդիմությանը (որի անելիքը բացառապես և կոնկրետ ժամանակով, այսինքն` մինչ մարտահրավերի չեզոքացումը, տարաձայնությունները սառեցնելն է) և հասարակությունը:

Այո կամ ոչ:

Եթե կան մարդիկ, ովքեր այս հարցին բացասական պատասխան ունեն, թող հիմնավորեն: Իսկ եթե պատասխանը դրական է, բայց քննադատությունը շարունակվում է, ապա պետք է տվյալ քննադատներին վերցնել չակերտների մեջ, նրանց գործողություններում ենթադրելով այլ` Հայաստանի և Արցախի կենսական շահերի հետ որևէ կապ չունեցող մոտիվներ:

3. Բանակցելու իրավասությունն ու պարտականությունը գործող իշխանությանն է (կարծում եմ, գոնե սա չարժե հարցի ձևով ձևակերպել` հայ քաղաքական ու հասարակական մտքից վերջնականորեն չհիասթափվելու համար): Նա է գնալու բանակցությունների: Հիմա նրան խանգարե՞լ, թե ՉԽԱՆԳԱՐԵԼ (կամ այլ կերպ ասած` թուլացնե՞լ, թե չթուլացնել): Այո կամ ոչ:

4. Եվ վերջապես: Չի կարելի ամբողջ գիտակցական կյանքն ապրել մեկ այլ գործչի քննադատելով ու ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԱՌԱՋԱՐԿԵԼՈՎ: Խնդրեմ, ներկայացրեք, ձեր ծրագիրը, դիրքորոշումը, ճգնաժամից դուրս գալու պլանը: Քայլ առաջին, քայլ երկրորդ, քայլ երրորդ և այլն: Իսկ ծրագիր դու ՉՈՒՆԵՔ, հետևաբար, էն ինչ ասում եք, կարելի է կոչել գյալաջի, մուննաթ, լաց, հավայի զրույց, ինչ կուզեք, բայց ոչ ծրագիր: Հետևաբար ձեր ասածներում կամ ամեն ինչ, բացի ՀԱՅԱՍՏԱՆԻ ու ՂԱՐԱԲԱՂԻ, մեր ժողովրդի նկատմամբ ունեցած ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ: Մի մոռացեք. խոսքը ինչ-որ մի օրինագծի, կամ մեր կենցաղին վերաբերող հարցի մասին չէ: Խոսքը Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության, մեր ժողովրդի, սահմանին կանգնած մեր հերոս տղեքի ապագայի մասին է:

Հ.Գ.-1. Այն ինչ գրել եմ, չի վերաբերում հասարակ քաղաքացիներին, ովքեր կարող են էմոցիոնալ նայել հարցերին և ունենալ ցանկացած կարծիք: Նրանք ազատ են մտածել, ինչպես կուզեն: Խոսքը վերաբերում է այն գործիչներին, ովքեր հայտ են ներկայացնում կամ արդեն ներկայացրել են` մեր ժողովրդին «տանելու» դեպի պայծառ ապագա:

Հ.Գ.-2. Մեկ էլ ում` ում, բայց Կոնգրեսին մի «լուսավորեք», թե ինչպիսի իշխանություն ունենք»:

Տեսանյութեր

Լրահոս