«ԱՄՆ-ը Ղարաբաղը չի դիտարկում՝ որպես Ռուսաստանի հետ առճակատման տարածք». Սերգեյ Մարկեդոնով

«Քառօրյա լարվածությունը Ղարաբաղում չունեցավ քաղաքական հետևանքներ»,- «Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նա նշեց, որ տեղի ունեցավ լուրջ լարվածություն ԼՂ հակամարտության գոտում, սակայն   ամենակարևոր քաղաքական հարցերը դրանով չլուծվեցին. խոսքը վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակի հարցերին:

Նրա խոսքով՝ այսօրվա հակամարտությունը չհանգեցրեց քաղաքական փոփոխությունների` ԼՂՀ-ն պահպանվեց՝ որպես ԼՂՀ, ճանաչում տեղի չունեցավ, Մինսկի խումբը պահպանվեց, համանախագահները տվեցին ասուլիս, Մադրիդյան թարմացված սկզբունքները ևս պահպանվեցին, այսինքն` այդ ռազմական գործողությունները քաղաքական հետևանքներ չունեցան, կարգավորման գործընթացում արմատական փոփոխություններ տեղի չունեցան:

«Փորձ է արվում փոխել ներկայիս ստատուս-քվոն: Բայց ասել, որ նոր իրավիճակ է ստեղծվել հակամարտության գոտում, չենք կարող: Ո՞ւմ էր ձեռնտու: Պետք չէ դիտարկել գաղտնի ինչ-ինչ փաստաթղթեր և արտասովոր փաստեր՝ հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ և ինչու: Բաքվի համար ստատուս-քվոն անընդունելի էր, սա շատ է ասվել, և ռազմական լուծման հնարավորությունը մնում էր՝ որպես քաղաքական գործընթացի տապալմանն այլընտրանք: Հայաստանի համար ավելի բարենպաստ է քաղաքական կարգավորումը, դա Հայաստանի օգտին է, քանի որ ժամանակը Հայաստանի օգտին է առաջ գնում: Թեև կան խնդիրներ` տնտեսական զարգացում, արտաքին աշխարհ դուրս գալու անհնարինություն, հետընթաց, արտագաղթ»,- ասաց Մարկեդոնովը: Խոսելով Ղարաբաղում ԱՄՆ դերակատարման մասին՝ Մարկեդոնովը նշեց, որ ԱՄՆ-ի համար ԼՂ-ն չի եղել ՌԴ-ի հետ առճակատման տարածք, ինչպես Աբխազիան ու Դոնբասը: «Դա հնարավորություն է տալիս Ռուսաստանին ավելի լայն դիվանագիտական մասնակցություն ունենալ կարգավորման գործընթացում, քանի որ այստեղ ԱՄՆ-ի առճակատմանը Ռուսաստանը չի հանդիպի»,- ասաց Մարկեդոնովը:

Տեսանյութեր

Լրահոս