Հակառակորդի կողմից գնդակոծված Մատաղիսն աստիճանաբար վերականգնվում է. տարհանված բնակչության մի մասը վերադարձել է
Արցախի Մատաղիս գյուղն ադրբեջանական զինուժի կողմից ռմբակոծության ենթարկվելուց հետո աստիճանաբար վերականգնվում է, տարհանված մարդկանցից ոմանք արդեն վերադարձել են գյուղ: Արցախում գտնվող «Արմենպրես»-ի թղթակիցն այցելել է Մատաղիս գյուղ, հետևել է ընթացող վերականգնողական աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:
Մատաղիսի միջնակարգ դպրոցի տնօրեն, այս պահին գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Աղաջանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ տարհանված բնակչության մի մասն արդեն վերադարձել է գյուղ: «Նույնիսկ կանայք են սկսել վերադառնալ: Այս պահին արդեն 78 կին վերադարձել է: Մարդիկ կամացկամաց վերադառնում են: Մտավախություն, իհարկե, ունենք, որ հակառակորդը նորից կսկսի
ռմբակոծել գյուղը, բայց մեր հողն ու ջուրն է, մենք պետք է այստեղ լինենք»,- նշել է նա:
Գեղամ Աղաջանյանը, ով ժամանակավորապես ստանձնել է նաև գյուղապետի պարտականությունները, քանի որ Մատաղիսի գյուղապետը հակառակորդի կողմից գնդակոծության հետևանքով վիրավորվել է ու բուժվում է Ստեփանակերտում, պատմել է, որ ռմբակոծությունից հետո գյուղում էլեկտրանականություն չկար, սակայն արդեն երեք օր է, ինչ էլեկտրականությունը վերականգնվել է:
Հակառակորդի կողմից գնդակոծության հետևանքով վնասվել է նաև դպրոցի շենքը: Գեղամ Աղաջանյանը նկատել է, որ այս պահին դպրոցի շենքի վերականգման աշխատանքներն են սկսել՝ վստահեցնելով, որ շատ կարճ ժամանակահատվածում այդ աշխատանքները կավարտվեն: «Աշխատանքն արդեն սկսել ենք: Լավ սկիզբը գործի կեսն է: Ամենաշատը երեք օրվա ընթացքում այս աշխատանքները կավարտենք ու պատրաստ կլինենք դասերը սկսելուն»,- ասել է Գեղամ Աղաջանյանը:
Մատաղիսում այս պահի դրությամբ 45 մարդ է բնակվում: Գյուղի ընդհանուր բնակչության թիվը՝ ժամանակավոր բնակչության հետ միասին 600 է:
Մատաղիսի բնակիչ Շահեն Սահինյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ինքը երբեք գյուղը չի լքել ու չի էլ պատրաստվում լքել: «Ես մասնակցել եմ արցախյան ազատամարտին, միշտ եղել եմ Արցախում: Այս ծանր օրերին չեմ լքել հարազատ գյուղս ու չեմ էլ լքելու: Սա մեր հողն ու ջուրն է, այստեղից գնալու տեղ չունենք, հակառակորդին էլ թույլ չենք տալու մեկ մետր անգամ առաջ գալ»,- ասել է Շահեն Սահինյանը: