
Ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջանին հանցագործություն է. Վլադիմիր Լեպեխին

Բազմիցս եմ ասել, որ հարձակողական տեսակի ռուսական սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանին Ռուսաստանի սխալն է: Այս մասին RUSARMINFO-ին տված հարցազրույցում ասել է «ԵվրԱզԷս» ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:
«Այդ սխալը հարկավոր է ընդունել: Դաշնակիցների և Եվրասիական միության անդամների նկատմամբ նման գործողություններ չի կարելի իրականացնել: Դա անթույլատրելի է»,- նշել է Լեպեխինը:
Փորձագետի կարծիքով՝ այդ մատակարարումները փաստացի հանցագործություն են:
«Այդ սխալը դարձավ Ղարաբաղում հակամարտության սրացման պատճառ ու որոշ տարաձայնություններ առաջացրեց ԵՏՄ անդամ երկրների ներսում: Ընդհանուր առմամբ, դա հեղինակազրկեց Եվրասիական տնտեսական միությունը»,- հայտնել է վերջինս:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ԼՂ-ում սկսված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը կիրառել է Ռուսաստանից ձեռք բերած հարձակողական սպառազինությունները, այդ թվում՝ «ՄԻ-25», Т-90 և Т-72 տանկեր, «Գրադ» և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ՏՈՍ1-Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանոթային համակարգը: