
«Արցախյան կողմը երբեք դիակների հետ որևէ շահարկումներ, սպեկուլյացիաներ չի արել». Դավիթ Բաբայան

Նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր ասել էր, որ հրադադարի համար միջնորդել է Կարմիր խաչը, «որովհետև բազմաթիվ դիակներ կան այն տարածքում, որը ետ է վերցվել ԼՂՀ ՊԲ-ի կողմից, և հնարավորություն է տրվում, որ ադրբեջանական կողմը ետ վերցնի իր դիակները»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման ինֆորմացիայի ծանոթ չէ.
«Ինչ վերաբերում է դիակներին, ապա այդ խնդիրը մարդասիրական ոլորտում է գտնվում և նույնիսկ 1991-94թթ. պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում այդ գործընթացը ընթանում էր: Ադրբեջանական կողմը վերջերս ընդհանրապես ավելի դեստրուկտիվ է իրեն պահում, կան նաև հայկական պատանդներ, որոնց սպանել են և դիակները մինչև հիմա չեն վերադարձրել. այսպիսի երևույթներ էլ կան: Արցախյան կողմը երբեք դիակների հետ որևէ շահարկումներ, սպեկուլյացիաներ չի արել, և մենք միշտ նորմալ համագործակցել ենք Կարմիր խաչի հետ: Փոխանակման գործընթացը միշտ էլ իրականացրել ենք»:
Մեր հարցին՝ հայկական կողմը հնարավորություն ունենո՞ւմ է զոհված հայ զինվորների մարմինները սահմանային մասերից դուրս բերելու, նա պատասխանեց. «Այդ գործընթացում արդեն Կարմիր խաչը նույնպես պետք է օգնի, ինչպես միշտ լինում է, կտեսնենք»: