Մեդվեդևը Երևանից կմեկնի Բաքու
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և նրան կտեղեկացնի Մոսկվայում Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի խորհրդի նիստն ընդունելու պատրաստակամության մասին: Ըստ Մեդվեդևի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովայի` Մեդվեդևի այցը Երևան տեղի կունենա ապրիլի 7-ին, այնուհետև նա կմեկնի Բաքու:
«Մոտակա ժամերին տեղի կունենա Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը Հովիկ Աբրահամյանի հետ: Սպասվում է, որ Մեդվեդևը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կտեղեկացնի իր գործընկերոջը, որ Ռուսաստանը պատրաստ է համաձայնել ԵԱՏՄ-ն նախագահող Ղազախստանի առաջարկին` ԵԱՏՄ գագաթնաժողովը հաջորդ շաբաթ Մոսկվա տեղափոխելու մասին»,- ասել է Տիմակովան:
«ՌԴ վարչապետի պաշտոնական այցը Հայաստան տեղի կունենա ավելի վաղ համաձայնեցված ժամանակահատվածում` ապրիլի 7-ին, դրա ավարտից հետո համաձայնեցվել է Մեդվեդևի այցը Ադրբեջան»,- տեղեկացրել է նա:
Հայտնի է, որ Եվրասիական միջկառավարական հանձնաժողովի նիստը նախատեսված է Երևանում` ապրիլի 8-ին: