«ԼՂՀ հետ ռազմական փոխգործակցության համաձայնագիրը դեռ քննարկման փուլում է». Վահրամ Բաղդասարյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ռազմական փոխգործակցության համաձայնագիրը դեռ քննարկման փուլում է: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա վստահեցրեց, որ իրավիճակը հսկողության տակ է, հայ զինվորի կողքին կանգնած են երկրապահները, իսկ ԱԺ պատգամավոր գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը, նաև մնացած ազատամարտիկներն իրենց ջոկատներով սահմաններում են:
Վ.Բաղդասարյանը նշեց, որ ԱԺ-ում սպասում են ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալած ռազմական գործողությունների վերաբերյալ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկմանը և արձագանքին: Նրա խոսքով` կոչ են արել ոչ միայն ՄԽ-ին, այլ ողջ միջազգային հանրությանը` հանել հավասարության նշանը, իրական գնահատականներ տալ ահաբեկիչներին և ագրեսորներին. «Հակառակ դեպքում մեր բանակը մարտունակ է և պատրաստ է ցանկացած պատասխան տալու: Իրավիճակը հսկողությունից դուրս գալու դեպքում, ես համոզված եմ, որ թշնամին անդառնելի կորուստներ կկրի»:
Հարցին` հնարավո՞ր է, որ այժմ ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ժամանակից առաջ չընկնենք»:



