Բաժիններ՝

Ղազախստանը զսպվածության կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին

Աստանան կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին ասվում է Ղազախստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ղազախստանի արտգործնախարարությունը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակին:
«Լուրջ մտավախություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի դադարեցման և մարդկային կորուստների մասին հաղորդագրությունների առնչությամբ: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն և խստորեն հետևել կրակի դադարեցման մասին պայմանավորվածություններին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ղազախստանը տեղեկացնում է, որ աջակցում է հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին և ևս մեկ անգամ վերահաստատում իր դիրքորոշումը՝ հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով:

«Ղազախստանի Հանրապետությունը կողմ է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում փոխզիջումային որոշումների որոնման գործընթացի ինտենսիվացմանը և հուսով է՝ հակամարտության կարգավորման գործընթացի շահագրգիռ կողմերը կցուցաբերեն կառուցողական մոտեցում»,- ասված է Ղազախստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս