Կարևորագույն հարցը հիմա լուծում են այն տղաները, որ գտնվում են առաջնային գծի վրա. Վազգեն Մանուկյան

«Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ այսպիսի գործողութուններ անում էր և պետք է աներ, որովհետև Ղարաբաղի հարցի այն լուծումը, որ ինքը կուզենար` Ղարաբաղը մտներ Ադրբեջանի կազմի մեջ, անհնարին է բանակցությունների միջոցով այդպիսի արդյունքի հասնել և անբնական: Այսինքն` ինքը գիտակցում է, որ եթե այդ խնդիրն է ուզում լուծել, ապա դա պետք է ռազմական ձևով լուծի:

Դրա համար ինքն ուժեղացնում է բանակը, ժամանակ առ ժամանակ փորձեր է կատարում: Հիմա, իմ կարծիքով, Ադրբեջանը գտնում է, որ ավելի բարենպաստ ժամանակ է այդպիսի գործողություն կատարելու համար, քան նախկինում, մի քանի պատճառներով. առաջինը` ինքը բավականին զենք է կուտակել, նավթի գինն իջնում է, պաշտպանության զարգացման տեսակետից իր համար առջևում ավելի դժվար օրեր են սպասվում, մյուս կողմից էլ իր ժողովրդի ուշադրութունն է ուզում շեղել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը` խոսելով Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների դրդապատճառների մասին:

Սակայն, ըստ նրա, այստեղ շատ կարևոր դեր է խաղում Թուրքիան, որովհետև վերջին տարիներին Էրդողանը կարողացավ մի վիճակի հասնել, որ դարձավ շատ կարևոր և’ Եվրոպայի, և’ ԱՄՆ-ի համար, որոնք նրա ցանկացած հանցագործությունը ներում են, և անպատժելիության մթնոլորտ է ստեղծվել.

«Եվ հիմա այս ընդհանուր կաթսայի մեջ տեսնում են, որ կարող են այս հարցն էլ մտցնել, և այս ամեն ինչը նշանակություն ունի»:

Վ.Մանուկյանի խոսքով` այս հարձակումը համեմատելի չէ նախորդների հետ, որովհետև շատ մեծածավալ է: Նրա կարծիքով` սա մի կողմից փորձ էր հարձակվել, տեսնել մեր ուժերը, մյուս կողմից էլ, եթե իրենց հաջողվեր, սա կվերածվեր մեծածավալ պատերազմի.

«Եթե տեսնեին, որ մերոնք չեն դիմանում, կարողանում են առաջ գնալ, ամբողջ ռազմաճակատով կհայտարարեին պատերազմ և մի նոր պատերազմ կսկսվեր: Բայց, փաստորեն, այդ ուժին մերոնք կարողացան դիմադրել և լավ պատասխան են տալիս: Շատ թեժ իրավիճակ էր այնտեղ, մերոնք շատ ուժեղ հակահարված են տվել և այժմ կարելի է քննարկել տարբեր քաղաքական հարցեր, բայց հարցը լուծվում է ռազմաճակատում: Իսկ ռազմաճակատում մերոնք հաղթում են, դրանց դուրս են շպրտում, դեռ մի բան էլ քթներին խփում են, և այդ դեպքում այդ պատերազմական վիճակը երկար ժամանակով կհետաձգվի և Էրդողանն ու Ալիևը կհասկանան, որ նման գործողություններով չեն կարող հաջողության հասնել»:

Վ.Մանուկյանի կարծիքով` այժմ քարտեզի վերաձևումը որևէ բան չի տա, ավելի կարևոր է ստատուս քվոյի պահպանումը: Նա նշեց, որ այլ բան է կարճատև որևէ դիրք գրավելը, շրջապատելը, որոնք ռազմական օպերացիաներ են, բայց քարտեզի վերաձևումը ոչ միայն որևէ բան չի կարող տալ, այլ հակառակը` քաղաքական խնդիրներ է առաջացնելու: Նախկին վարչապետը կարևորեց, որ ադրբեջանցիներն էլ չկարողանան վերաձևել քարտեզը:

Վ.Մանուկյանը չցանկացավ անդրադառնալ քաղաքական մեկնաբանություններին, մասնավորապես` ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությանը, որով նա կոչ էր անում, որպեսզի «Հայաստանը զորքերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից».

«Մենք ունենք բարեկամներ, ունենք թշնամիներ, տարբեր շահեր ունեցող պետություններ կան, բայց բոլորի համար մեծ նշանակություն ունի` դու քո դիրքրը կարողանում ես

պահել, թե ոչ: Այսինքն` հիմա խնդիրը ոչ թե քաղաքական հարթության մեջ է, այլ եթե դու կարողանում ես ռազմական ճակատում քեզ արժանավայել պահել, քո դիրքերը պահել, հաղթել հակառակորդին, այդ քաղաքական դեմքերը մի քիչ դեմ, մի քիչ կողմ կխոսեն, բայց ամեն ինչ կբացատրվի և կպատճառաբանվի: Կարևորագույն հարցը հիմա լուծում են այն տղաները, այն հրամանատարները, որ գտնվում են առաջնային գծի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս