Գյումրեցիները՝ ծանոթ, թե անծանոթ, գալիս էին հրաժեշտ տալու թշնամու կրակոցից զոհված 20-ամյա հերոսին. aravot.am
aravot.am-ը գրում է. Քիչ առաջ տեղի ունեցավ ապրիլի 1-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից մահացած 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի հոգեհանգստի արարողությունը: Գյումրեցիները՝ ծանոթ, թե անծանոթ, հերթով գալիս էին հրաժեշտ տալու Վլադիմիրին:
Նրա հորեղբայրը, որը Ռուսաստանից էր եկել տղայի հուղարկավորությանը մասնակցելու, ասաց, որ Վլադիմիրը հունիսի 2-ին զորացրվելու էր, հունիսի 26-ին էլ լրանալու էր նրա 20 տարին: Հորեղբայրն ասաց, որ թեեւ ինքը վերջին շրջանում Ռուսաստանում է, գնում է արտագնա աշխատանքի, բայց տեղյակ էր, որ եղբորորդին մեծ սիրով է ծառայում, հաճույքով, միշտ գոհ է եղել ծառայությունից: Ընտանիքի անդամները նրա հետ խոսել էին այս ողբերգությունից երկու օր առաջ:
Տղան փոխանցել էր, որ ամեն ինչ լավ է: Նրա բարեկամներից մեկն էլ, որը բնակվում էր նրանց հարեւանությամբ, ասաց, որ Վլադիմիրի հայրը Արցախյան ազատամարտին մասնակցած կամավորական է եղել, վերջինս ղարաբաղյան պատերազմից հետո հիվանդացել է, շաքարային դիաբետ է ձեռք բերել, սկզբում ոտքն են անդամահատել, այնուհետ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն չի հաջողվել փրկել:
Հոր հայրենասիրությունը, Արցախի նկատմամբ եզակի սերը անցել է նրա երկու որդիներն, Վլադիմիրի մեծ եղբայրն էլ նոր է վերադարձել ծառայությունից ու ընտանիքին օգնելու համար 1-2 ամիս առաջ մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Մայրը, ըստ գյումրեցի բժիշկների, աշխատում է Գյումրու ծննդատանը՝ որպես սանիտար:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: