Արա Աբրահամյանը կոչ է անում համախմբվել երկրի պետական իշխանության շուրջ

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունը

Այսօր մեր ժողովուրդը կանգնած է ևս մեկ փորձության առջև: Ադրբեջանի արկածախնդիր ղեկավարությունը օգտվելով աշխարհաքաղաքական խառնաշփոթ իրավիճակից՝ համոզված լինելով, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կատարելու է հովանավորի իր դերը, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումով բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Խստագույնս դատապարտելով Ադրբեջանի հերթական ագրեսիան ԼՂՀ-ի նկատմամբ՝ Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը համերաշխության և համախմբվածության կոչ են անում աշխարհասփյուռ հայությանը, իրենց համակարգված գործողություններով զորավիգ լինել հայրենիքի պաշտպանությանը, օգնել մեր փառապանծ ազգային բանակին՝ պատժելու ագրեսորին, պաշտպանելու Արցախի անկախությունն Ադրբեջանից, անվտանգ պահելու մեր ժողովրդի խաղաղ կյանքը:

– Մենք դիմում ենք Հայաստանի Հանրապետության բնակչությանը, քաղաքական և հասարակական կազմակերպություններին՝ կոչ անելով, անկախ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված տարաձայնություններից, ստեղծված այս լարված պայմաններում համախմբվել երկրի պետական իշխանության շուրջ, դառնալ մեկ բռունցք, որպեսզի զսպենք Ադրբեջանի իշխանությունների կողմից պատերազմը վերսկսելու բնազդը:

-Հրադադարը խախտելու և պատերազմը վերսկսելու ադրբեջանական ագրեսորների այս քայլն ուղղված է ոչ միայն ԼՂՀ-ի, ՀՀ-ի, այլև ամբողջ տարածաշրջանի, ինչու չէ՝ նաև միջազգային հանրության և բոլոր խաղաղասեր ուժերի դեմ: Ուստի, դիմելով միջազգային հանրությանը՝ կոչ ենք անում իրենց բողոքի ձայնը միացնել խաղաղասեր բոլոր ուժերին, խստորեն դատապարտել Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ քաղաքականությունը, ինչը ներկայումս իրականացվում է Թուրքիայի հրահրմամբ: Թուրքիան, նրա ղեկավար Էրդողանը, աննախադեպ ջղաձգության պայմաններում փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունն իրենից՝ որպես իսլամիստ-ահաբեկիչներին քաջալերող և օժանդակող պետության:

-Պատերազմ վերսկսելու պաշտոնական Բաքվի ռազմատենչ քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է ադրբեջանական ժողովրդի դեմ: Մենք դիմում ենք նրանց՝ կոչ անելով, ելնելով իրենց իսկ շահերից, փորձել զսպաշապիկ հագցնել երկրի ապաշնորհ ղեկավարությանը, հատկապես՝ պատերազմ հրահրող նախագահ Ալիևին: Կասկածից վեր է, որ Ադրբեջանի ժողովուրդը գիտակցում է՝ հրահրվող պատերազմը անկանխատեսելի ծանր հետևանքներ կունենա հենց իր համար:

-Մենք դիմում ենք Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին՝ իրենց բնակության երկրի քաղաքացիների մասնակցությամբ ամենօրյա ակտիվ պայքարով դատապարտել պաշտոնական Բաքվի ագրեսիան, Ադրբեջանի, Թուրքիայի դեսպանատների մոտ կազմակերպել բողոքի ակցիաներ և տվյալ երկրի իշխանություններին հորդորել՝ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և քայլեր ձեռնարկել ԼՂ-ի անկախությունը ճանաչելու ուղղությամբ:

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունն իր բոլոր ջանքերը կներդնի և միջազգային լայն կապերը կօգտագործի՝ նպաստելու խաղաղության հաստատմանը:

Տեսանյութեր

Լրահոս