
ԼՂ հակամարտության ռազմական լուծում չկա. Ջոն Քերին կողմերին կոչ է արել խստորեն հետևել զինադադարին

ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է զինադադարի խախտումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և զսպվածության կոչ է անում կողմերին, քանի որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«ԱՄՆ-ը ամենավճռական կերպով դատապարտում է զինադադարի լայնամասշտաբ խախտումները Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով, որը, հաղորդագրությունների համաձայն, հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- հայտարարել է Քերին:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն ու խստորեն հետևել զինադադարին … Մենք դարձյալ վերահաստատում ենք, որ հակամարտության ռազմական լուծում չկա: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ը խստորեն հավատարիմ է հակամարտության կողմերի հետ աշխատանքին՝ ամուր ու համաձայնեցված խաղաղության հասնելու համար»,- հավելել է նա: