
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել բախումները Լեռնային Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր սպառազինությունների օգտագործմամբ և մեծաքանակ զոհերի առնչությամբ:
Ինչպես ասվում է ՄԱԿ-ի մամուլի ծառայության այսօր տարածած հայտարարության մեջ, գլխավոր քարտուղարը «կոչ է անում հակամարտությանն առնչություն ունեցող բոլոր կողմերին անհապաղ վերջ դնել զինված գործողություններին, լիարժեքորեն հետևել կրակի դադարեցման համաձայնագրին ու անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացիայի ուղղությամբ»:
«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ շփման գծի երկայնքով կրակի դադարեցման ռեժիմի մասշտաբային խախտումների մասին տեղեկություններից: Նրան հատկապես անհանգստացնում են ծանր սպառազինությունների կիրառման և մեծաքանակ զոհերի մասին հաղորդագրությունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում»,- հայտնել են համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունից:
Դրա հետ կապված՝ Պան Գի Մունը հաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և բոլոր կողմերին, որոնք աշխատում են «այդ վտանգավոր իրավիճակի լուծման վրա ու հետապնդում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում՝ բանակցությունների հիման վրա»: