Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններ սանձազերծվեցին, և ի՞նչ շահեր են հետապնդում գերտերություններն այսօր

168.am-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

– Տիկին Գևորգյան, այսօր աննախադեպ մարտական գործողություններ են սկսվել ԼՂ հակամարտության գոտում՝ հակամարտող կողմերին պատճառելով լուրջ վնասներ: Որքանո՞վ սա կապ ունի Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած հանդիպումների հետ:

– Այսօր ԼՂ հակամարտության գոտում ստեղծված աննախադեպ մարտական գործողությունների շարժառիթները մի քանիսն են: Նախ՝ առաջին հանգամանքը, որն աչքի է զարնում, այն է, որ իրավիճակը կտրուկ լարվեց նախագահների ԱՄՆ կատարած այցից հետո: Սակայն ներկայիս կտրուկ վատթարացումը վաղուց սպասելի էր, և բոլոր նախանշանները կային, սա չպետք է ընկալվեր՝ որպես մեծ անակնկալ: Դժբախտաբար, շատերը չէին հավատում, որ նման առճակատում հնարավոր է, որ Ալիևը նման քայլի կգնա:

Այնուամենայնիվ, շարժառիթներից մեկը տարածաշրջանում ստեղծված լուրջ անկայունությունն է, մասնավորապես՝ ՌԴ-Թուրքիա առճակատումը, Արևմուտքի այն գիտակցումը, որ պետք է այս հակամարտությունները կարգավորվեն, Ադրբեջանի ծանր տնտեսական և ներքաղաքական վիճակը, իսկ Ղարաբաղը, ինչպես նախկինում նշել ենք, շատ լավ գործիք է Ալիևի ձեռքում՝ ուշադրությունը ներքաղաքական հատկապես ծանր տնտեսական խնդիրներից շեղելու համար:

Կարդացեք նաև

– Ի՞նչ կասեք համանախագահ երկրների շահերի մասին:

– Եթե խոսենք գերտերությունների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի դիրքորոշման մասին, ապա ներկայումս լայնածավալ ռազմական գործողությունները չեն բխում որևէ կենտրոնի շահերից: Նախ՝ այս երկրներն արդեն մի շարք միջազգային ճգնաժամերի մեջ են և նոր ճգնաժամի մեջ ներքաշվելու ռեսուրսներ չունեն:

Եթե կան տեսություններ, որ սա ավելի մեծ մասշտաբի, գլոբալ, ծրագրված դավադրություն է, ապա պետք է ասեմ, որ նման ծրագիր իրականացնելը շատ դժվար է: Հաշվի առնելով, որ հայկական և ադրբեջանական կողմերը ռազմական առումով հավասար վիճակում են, նոր պատերազմն անկանխատեսելի արդյունքներ կարող է ունենալ, և գուցե՝ ավելի վատ, քան ներկայիս չեզոք վիճակը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռություն կա, հենց այդ պատճառով էլ առանց խաղաղապահների զինադադար է պահպանվել այս տարիների ընթացքում: Այսինքն` Ադրբեջանի համար հաղթանակելն այս պատերազմում այդքան էլ հեշտ չի լինի, այն կարող է շատ վտանգավոր լինել նույն Ադրբեջանի համար, քանի որ երկիրն արդեն իսկ ծանր տնտեսական վիճակում է հայտնվել` պայմանավորված, առաջին հերթին՝ նավթի գների անկմամբ և ներքաղաքական լարվածությամբ: Այս ամենի հետ մեկտեղ՝ պատերազմը կարող է պարզապես մեծ վտանգ լինել Ադրբեջանի ղեկավարության և հատկապես՝ նախագահի համար: Ռազմական պարտության դեպքում Ալիևը չի կարողանա պահել իշխանության ղեկն Ադրբեջանում:

Միանշանակ է, որ Արևմուտքը կցանկանար, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, բայց նաև լավատեղյակ է, որ երկու կողմերը ռազմական ուժի տեսանկյունից հավասար են, թեև կա նաև Ռուսաստանի գործոնը: Եթե բացառենք այն տեսությունները, թե արևմտյան պետություններն են հրահրում լարվածությունը, պետք է նույն հարցը դիտարկենք տարածաշրջանային կոնտեքստում, հատկապես՝ թուրքական գործոնի կոնտեքստում: Չնայած ադրբեջանամետ դիրքորոշմանը՝ Թուրքիան ծանր վիճակում է, քանի որ քաղաքացիական պատերազմի շեմին է գտնվում, ներգրավված է նաև սիրիական ճգնաժամում: Որքանո՞վ է իրատեսական Թուրքիայի մասնակցությունն այս թեժացած հակամարտությանը:

Բնականաբար, ցանկացած քայլ Թուրքիայի կողմից՝ կհակադարձվի Ռուսաստանի կողմից: Ռուսաստանը կհակազդի Թուրքիայի ցանկացած առաջխաղացում՝ ոչ թե Հայաստանի նկատմամբ ունեցած իր դաշնակցային պարտավորություններից ելնելով, այլ՝ քանի որ Թուրքիայի ակտիվացումը կոնֆլիկտի գոտում ուղղակիորեն վնասում է ռուսական շահերին:

Եթե դիտարկենք Թուրքիայի ազգային շահերը, ապա ևս մեկ հակամարտության մեջ ներքաշվելը Թուրքիայի շահերից չի բխում:

Իմ կարծիքով՝ ամենաիրատեսական շարժառիթները հետևյալն են. ադրբեջանական կողմի ներքաղաքական խնդիրները, տարածաշրջանում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի թույլ գործընկերությունն են, ինչպես նաև՝ խաթարված տարածաշրջանային անվտանգությունն ու նոր դաշինքների ձևավորումը, որը կարծես թե հնարավորություն է տալիս Ադրբեջանին՝ փոխել ստատուս-քվոն Ղարաբաղում:

– ԱՄՆ-ը վերջին ժամանակաշրջանում բավականին ակտիվ դերակատարություն է փորձել ստանձնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ փորձելով կողմերին առաջարկել վերահսկողական սարքերի տեղակայում շփման գծում: Որո՞նք են ԱՄՆ ներկայիս հետաքրքրությունները:

– ԱՄՆ ներկայիս ադմինիստրացիան իր վերջին օրերն է ապրում, և նրա ամբողջ ուշադրությունը գալիք նախագահական ընտրությունների վրա է: Սա էլ անկայունության հիմք է:

Արևմուտքը, երկար ժամանակ է, ինչ շատ քիչ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասին, ուր ներկայումս որոշակի վակուում է առաջացել այն առումով, որ Արևմուտքը զբաղված է շատ այլ խնդիրներով և հակամարտություններով, որի հետևանքով Հարավային Կովկասի համար ռազմավարություն ու ռեսուրս չունի: Ռուսաստանը ևս Հայաստանի հետ պայմանագրային հարաբերություններ հաստատելուց հետո որևէ լուրջ քայլի չի դիմել տարածաշրջանի կայունացման համար: Ավելին, այսպես կոչված, հավասարակշռված քաղաքականությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև որոշ առումով խրախուսում է Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը:

Պետք է նշեմ նաև Ղազախստանի դերը, որը բավականին ակտիվ ու համարձակ կերպով ցույց է տվել, որ նախընտրում է գործընկերային հարաբերություններ հաստատել ոչ թե՝ Հայաստանի, այլ՝ Ադրբեջանի հետ: Ադրբեջանն ու Ղազախստանը տնտեսական, էներգետիկ առումով մի շարք պայմանագրեր են ստորագրել, Ադրբեջանը կդառնա տարանցիկ երկիր Ղազախստանի էներգետիկ արտահանումների համար:

Ղազախստանը Լեռնային Ղարաբաղի հարցում բացահայտ աջակցում է ադրբեջանական տեսակետը, հատկապես՝ տարածքային ամբողջականության սկզբունքը: ԵՏՄ-ում Ղազախստանը Ռուսաստանից հետո երկրորդ կարևոր պետությունն է և բացահայտորեն ադրբեջանամետ դիրքորոշում ունի: Ի վերջո, Ղազախստանը ստիպեց, որպեսզի Հայաստանը ԵՏՄ-ին միանա՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Սա ևս դիվանագիտական պարտություն էր Հայաստանի համար, որը միայն կարող էր ոգևորել Ադրբեջանին՝ հիմք տալով մտածել, որ նման հզոր դաշնակիցներ ունենալով՝ Եվրասիական տնտեսական միությունում կարող է ցանկացած քայլ ձեռնարկել Ղարաբաղի ուղղությամբ:

Վերջին տարիներին բավականին հաճախ են հնչել տեսակետներ, որ պատերազմ կարող է սանձազերծվել: Հայաստանում հաճախ կրկնում են, որ Ադրբեջանն իրատեսորեն կվարվի և լայնածավալ պատերազմ չի սկսի, քանի որ այն իր շահերին դեմ կլինի: Բայց փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունները հաճախ բռնկվում են ոչ իրատեսական պատճառներով կամ քայլերով:

Ամենայն հավանականությամբ, ներկայիս լարվածությունը կթուլանա: Սակայն պետք է հասկանալ, որ շատ մեծ ազդանշան էր Հայաստանին, թե ինչպես կարող է իրավիճակը սրվել և վերահսկողությունից դուրս գալ:

Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական և դիվանագիտական կապիտալը բացառապես ներքաղաքական նպատակներով է օգտագործվել: Հայաստանի իշխանությունների այն հաշվարկները, թե Ռուսաստանի հետ դաշնությունը կզսպի Ադրբեջանին, սխալ դուրս եկան:

Բացի այդ, ՀՀ իշխանությունները տարածաշրջանային փոփոխությունների հորձանուտում ավելի զգոն և աչալուրջ դիվանագիտություն վարելու փոխարեն՝ իրենց ռեսուրսները ծախսեցին այնպիսի ձեռնարկների վրա, ինչպիսիք սահմանադրական փոփոխություններն են, և անգամ ԼՂՀ իշխանությունները ներքաշվեցին այս փոփոխություններում:

Ռազմական պատրաստվածության առումով ներկայումս ընթացող մարտերը կողմերի համար լուրջ փորձություն են՝ որոշելու համար ռազմական պատրաստվածության աստիճանը: Եթե, ադրբեջանական հարձակմանն ի պատասխան՝ հայկական կողմը կարողանա վերահաստատել իր դիրքերը, ուժեղ հակահարձակ լինել, ապա կվերահաստատի ռազմական հավասարակշռությունն ու թույլ զինադադարը:

1994թ.-ից հետո շատ բան է փոխվել` բանակների կառուցվածքը, չափերը, ռազմավարությունը, զինատեսակները: Պատերազմի վերսկսման դեպքում շատ ավելի լուրջ կորուստներ կլինեն, քան 1990-ականների պատերազմի ժամանակ:

Բազմիցս նշվել է, որ Ադրբեջանի էներգետիկ արտերիաներն անցնում են ԼՂՀ-ի սահմանից ոչ հեռու և կարող են թիրախ դառնալ հայկական կողմի համար: Եթե նման հարված հասցվի, սա ամենամեծ պարալիզացնող հարվածը կլինի Ադրբեջանին՝ վտանգելով երկրի արդեն վատառողջ տնտեսությունը, ինչը կհանգեցնի էներգետիկ ոլորտում ներդրումների արագ անկմանը, իսկ էներգետիկ արտահանումներն Ադրբեջանի ողջ արտահանումների 90%-ն են կազմում:

 

Տեսանյութեր

Լրահոս