«Մենք մինչ այժմ ձևավորել ենք 1.5 կուսակցական համակարգ…». Թևան Պողոսյան
«Այն գործընթացը, որն այսօրվա դրությամբ գնում է, դեռ սկիզբն է, չեմ պատրաստվում ասել, որ նա անհաջողության կհասնի»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի շուրջ ընթացող քննարկումների մասին:
Նրա խոսքով՝ այս իրավիճակը պետք է օգտագործել. «Այնքան էլ համաձայն չեմ, որ շատ ժամանակ ունենք, քանի որ մենք պետք է հասկանանք, որ օրենքը, այսպես թե այնպես, պետք է ընդունվի մինչև հուլիսի 1-ը, իսկ օրենսդրական բոլոր մեխանիզմները, որոնք այսօրվա դրությամբ գոյություն ունեն, այնպես պետք է անենք, որ առնվազն ապրիլի 2-րդ կեսից հետո մենք սկսենք արդեն Ազգային ժողովի նիստերով քննարկումը»:
Հարցին՝ կիսո՞ւմ եք այն տեսակետը, թե ընդդիմությունը շարունակաբար պարտվում է բոլոր ընտրություններին, որովհետև նախաձեռնություն չի ցուցաբերում, այս դեպքում ևս շարունակ խոսում է, բայց որևիցե ձևով այլընտրանքային տարբերակ չի ներկայացնում, Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Ընդդիմությունը միշտ պարտվում է, դրա մեջ կա երկու էլեմենտ՝ առաջինը՝ ընդդիմության կողմից առաջարկված ծրագրերը, առաջարկված թիմը, և երկրորդ՝ այն մեխանիզմները, որ հնարավոր է քվեներն ապահովել: Մի կողմից՝ դու կարող ես ունենալ փայլուն օրենսգիրք, բայց եթե չկան բոլոր տեղերում իրականում վստահված անձինք, բնականաբար, այդտեղ կա ընդդիմության մեղքը, որ այս ուղղությամբ աշխատանքները շատ քիչ են կատարվել ժամանակին: Հաջորդ խնդիրն այն մեխանիզմներն են, որոնք պետք է նորովի մատուցենք ու բոլորին տիրապետենք, ու ունենանք իսկապես վստահված անձանց և դիտորդների այնպիսի բանակ, որ կկարողանա քվեներին տեր կանգնել»:
Հարցին էլ, թե այլընտրանքային նախագիծ չպե՞տք է ներկայացվի ընդդիմության կողմից, Թ. Պողոսյանը պատասխանեց, որ այլընտրանքային նախագիծ ժամանակին չեն մշակել, որը, ըստ նրա՝ գալիս է և՛ ընդդիմության, և՛ մեր քաղաքական համակարգի թույլ կողմերից.
«Այստեղ մեղադրել մեր ընդդիմությանն այնքան էլ ճիշտ չէ, ցավոք սրտի, մենք մինչ այժմ ձևավորել ենք 1.5 կուսակցական համակարգ, միշտ եղել է իշխող կուսակցությունը, որը տիրապետել է բոլոր ռեսուրսներին, և ունեցել ենք այն մյուս կեսը, որը եղել է մնացած ընդդիմությանը: Որպեսզի կարողանաս շատ պատշաճ որակի նախագիծ մշակես, պետք է ունենաս իսկապես նվիրյալ մասնագետներ, որոնք կնստեն և այդ խնդիրը կգրեն: Մենք դա չենք արել ու սկսել ենք ավելի շատ հետքայլից: Մենք շատ հաճախ պետք է լինենք նախահարձակ, բայց քննարկում էինք այլ հարցեր, խնդիրը բաց ենք թողել, հիմա պատասխանող իրավիճակի մեջ ենք»: