Երբ է «հանցավոր խումբը» հայտնվել ԱԱԾ տեսադաշտում, ինչ դերակատարություն է ունեցել Վահան Շիրխանյանը. մանրամասնում է ԱԱԾ պաշտոնյան
Նախորդ տարի ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործով կան մանրամասն խոստովանական ցուցմունքներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ի պատասխան 168.am-ի հարցի, ասաց ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը՝ նշելով, որ հրապարակվող տվյալները նաև այդ ցուցմունքների արդյունքն ու հետևանքն են: Նա նշեց, որ անվանական տվյալներ հրապարակելուց զերծ կմնա, քանի որ դա վերաբերում է ոչ միայն նախաքննական գաղտնիքին, այլև բխում է մեղադրյալների շահերից:
Դիտարկմանը, որ գործի առնչությամբ հանրության շրջանում կասկածներ կան, Միքայել Համբարձումյանն արձագանքեց, որ չգիտի, թե ինչով են պայմանավորված այդ կասկածները, չէր ցանկանա, որ հանրությունն այդպես հեշտ պատկերացներ հանցագործության բացահայտման գործընթացը:
Ըստ նրա՝ խմբի առանցքային դերակատարում ունեցող անձինք ունեցել են գաղտնի հեռախոսներ և հեռախոսահամարներ, որով կապ են պահպանել բացառապես միմյանց հետ, Արթուր Վարդանյանը զբաղվել է նաև լեգալ գործունեությամբ՝ «Հայոց վահան 1» անվանմամբ հասարակական կազմակերպություն է հիմնադրել, դրանով ինչ-ինչ գործունեություն ծավալել՝ փորձելով դրանով պատճառաբանել ՀՀ-ում իր տևական ժամանակ գտնվելը: «Կարող եմ նշել, որ խումբը, ըստ այսօր գործով պարզված տվյալների, սկսել է ձևավորվել 2015թ. մայիս ամսից: Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում հայտնվելուց անմիջապես հետո այն վերցվել է հսկողության»,- ասաց նա՝ նշելով, որ ԱԱԾ-ն գործել է ճիշտ ժամանակին և պահին: Խումբն ԱԱԾ տեսադաշտում հայտնվել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից:
Անդրադառնալով քրեական գործի շրջանակներում կալանավորված՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի գործողություններին՝ Միքայել Համբարձումյանն ասաց, որ դեռևս մայիս ամսից նա արդեն կոնտակտներ է ունեցել խմբի ղեկավարների հետ.
«Մեր գնահատմամբ՝ տեղեկացված է եղել խմբի ծրագրի, նպատակների մասին, դրանից հետո ուրույն դերակատարություն է ստանձնել այն իրագործելու հարցում մասնակցություն ապահովելու համար և կատարել է որոշակի գործողություններ: Հիմա մեր խնդիրն այն է, որ պարզենք, թե արդյոք Շիրխանյանն իր ստանձնած գործառույթը, ինչ պարտավորություն որ իր վրա վերցրել է, այդ ուղղությամբ գործողություններ կատարե՞լ է, թե՞ չի կատարել: Դրանից հետո կրկին կանդրադառնանք Շիրխանյանի գործողությունների գնահատմանը»:
Միքայել Համբարձումյանն անդրադարձավ նաև վերջերս Վահան Շիրխանյանի որդու կողմից հոր առողջական վիճակի վերաբերյալ մամուլում շրջանառության մեջ դրված տեղեկատվությանը՝ նշելով, որ դրանք չափազանցված են և ըստ էության չեն համապատասխանում իրականությանը: Նա ասաց, որ Վահան Շիրխանյանին ձերբակալելուց հետո առաջին անգամ նրա առողջական խնդիրների մասին իրազեկել են պաշտպանները, ինչից հետո իրենք քրեակատարողական հիմնարկին տեղեկացրել են բարձրացված խնդիրների մասին: ՔԿՀ-ն, գործելով իր գործառույթների շրջանակներում, անմիջապես ապահովել է բժշկական հետազոտումը՝ խոսքը դուպլեքս հետազոտության մասին է, հրավիրել է բժիշկ, ով նշանակումներ է կատարել:
Միքայել Համբարձումյանի խոսքով՝ կատարվածը չի բավարարել պաշտպանական կողմին, նրանք միջնորդել են հրավիրել իրենց ցանկացած բժշկին, ինչը ևս բավարարվել է, ով առաջարկել է երկրորդ անգամ դուպլեքս հետազոտություն անցկացնել. դա ևս բավարարվել է: Վահան Շիրխանյանը տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն, արդյունքում՝ կատարվել է բժշկական միջամտություն, մի քանի օր հետո նա տեղափոխվել է ՔԿՀ: Այժմ, ըստ քննչական խմբի ղեկավարի, նշանակվել է փորձաքննություն, բարձրացվել են իրենց հուզող բոլոր հարցերը, որոշման հետ ծանոթացրել են պաշտպանական կողմին:
Պաշտպանական կողմը միջնորդել է իրենց հետաքրքրող հարցերը ևս առաջադրել փորձագետներին պարզաբանման համար, ինչը բավարարվել է: Փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո կրկին անդրադարձ կկատարվի Վահան Շիրխանյանի առողջական վիճակին:
Հարցին՝ հետևելով ֆինանսավորման, զենքի ձեռքբերման աղբյուրներին, ի՞նչ կարծիքի են հանգել, այս ամենը կազմակերպվում էր ներսի՞, թե՞ դրսի աղբյուրներից, Միքայել Համբարձումյանը պատասխանեց, որ Արթուր Վարդանյանը եղել է Լիբանանում, Սիրիայում, ժամանել Հայաստան, իսկ 2015թ. ապրիլից հետո սկսել են ձեռնամուխ լինել այս նպատակներին.
«Քննություն ենք կատարում դրսի հետ կապված ուղղություններով, ինչի հիմքը, կարծում եմ, ունենք: Այսօր ձեր կողմից նշվածը բացառել ես չեմ կարող: Դա իր պատասխանը կստանա, կարծում եմ, նախաքննության ավարտական փուլում»:
Անդրադառնալով Արթուր Վարդանյանի՝ Քեսաբի ազատագրմանը մասնակցելու հանգամանքին, Միքայել Համբարձումյանն ասաց, որ Արթուր Վարդանյանն իրոք եղել է Սիրիայում, մասնակցել ինչ-ինչ գործողությունների. «Ես ընդամենը մի փաստ կուզեմ հրապարակել՝ գնահատականները թողնելով ձեզ: Արթուր Վարդանյանը Լիբանանից Իսպանիա է մեկնել 2015թ. հունիսի 6-ին, իսկ Քեսաբն ազատագրվել է 2015թ. հունիսի 14-ին և 15-ին կատարված գործողությունների ընթացքում»:
Նա նշեց, որ մեղադրյալներից Հովհաննես Բալաբանյանի և երկու աղջիկների վերաբերյալ դատարան գրավի միջնորդություն է ներկայացվել. հաշվի առնելով Հովհաննես Բալաբանյանի դերակատարությունը խմբում, հասկանալով նրա գործողությունների տրամաբանությունը՝ դատարանում չեն առարկի միջնորդության դեմ. նույնը վերաբերում է նաև դեռևս կալանքի տակ գտնվող երկու աղջիկներին:
Միքայել Համբարձումյանը նշեց, որ չի կարող ասել, թե երբ կավարտվի գործով նախաքննությունը, ամենօրյա ռեժիմով հարցաքննություններ են կատարվում, դեռ անելու աշխատանք կա, կան հարցեր, որոնց պատասխանները չունեն: