«Երբեք գաղտնիք չի եղել այն, որ Ռուսաստանը միշտ փորձել է խաղալ դեր՝ առաջինը հավասարների մեջ՝ Մինսկի խմբի շրջանակներում». Սերգեյ Մինասյան

«Ոչ մի նոր զարգացում կամ որևէ նոր տենդենց չկա, այն պատճառները, որոնցից ելնելով պահպանվում էր լարվածությունը նախորդ ամիսների և տարիների ընթացքում, գոյություն ունեն, ինչպես նաև՝ այն գործոնները, որոնք, դրա հետ մեկտեղ՝ հնարավորություն չեն տալիս ադրբեջանական կողմին՝ վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ ունենք մի իրավիճակ, երբ ինչ-որ կարևոր հանդիպումներից կամ միջազգային իրադարձություններից առաջ տեղի է ունենում լարվածության էսկալացիա, ադրբեջանական կողմը դիմում է որոշ քայլերի:
Ըստ նրա՝ դա ունի իր տրամաբանությունը, որը և՛ ռազմական է, և՛ քաղաքական.

«Ռազմական տրամաբանությունն այն է, որ բոլոր այդ միջադեպերն այս կամ այն ձևով պահանջում են բոլոր կողմերի պատասխանը, որովհետև զինվորականները շփման գծում փորձում են արձագանքել՝ տեսնելով սեփական զինվորների կամ ընկերների մահը: Քաղաքական տրամաբանությունն այն է, որ, ցավոք սրտի, Ադրբեջանի ղեկավարությունն իր նախորդ քայլերով, հայտարարություններով, ոչ արդարացված հույսերով՝ ստեղծեց մի իրավիճակ, երբ չի կարող հետ կանգնել իր նախորդ արած քայլերից: Հետևաբար՝ այն, ինչ կա, կարող ենք անվանել չարիքի փոքրագույնը, որը հայկական կողմերի համար որևէ ձևով նպաստավոր չէ»:

Երբ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարծիք հայտնեց, թե Ադրբեջանի ցանկություններից մեկն է՝ փոխել ՄԽ ֆորմատը, իսկ ըստ նրա՝ դրանում շահագրգռված են նաև Թուրքիան և Ռուսաստանը, Սերգեյ Մինասյանն արձագանքեց, թե երբեք գաղտնիք չի եղել այն, որ Ռուսաստանը (ՌԴ) միշտ փորձել է խաղալ դեր՝ առաջինը հավասարների մեջ՝ Մինսկի խմբի (ՄԽ) շրջանակներում.

«Գաղտնիք չէ և այն, որ ՌԴ-ն նաև և՛ ՄԽ համանախագահների ֆորմատում, և՛ մինչև ՄԽ համանախագահների ֆորմատի ստեղծումը՝ 90-ական թթ., և՛ քաղաքական, և՛ ռազմաքաղաքական, և՛ երբեմն նաև՝ տնտեսական առումով գլխավոր դերակատարն էր: Նույնիսկ այն ժամանակ, երբ 90-ականների սկզբին Ռուսաստանը, բնականաբար, որակապես այլ վիճակում էր, քան այս պահին: Գաղտնիք չէ նաև այն, որ Ռուսաստանը կցանկանա այդ իրականությունը, եթե ոչ՝ ինստիտուցիոնալ, ֆորմալ ձևով անել, այլ գոնե՝ ինչ-որ պրակտիկ քաղաքական առումով, ոնց որ եռակողմ ֆորմատը, դա նույնպես իրականություն է:

Բայց դրա հետ մեկտեղ՝ պետք է հասկանանք, որ կոնկրետ այս պահին միգուցե ՄԽ գործունեությունը՝ համանախագահների ֆորմատը, երևի թե հանդիսանում է եզակի այն ֆորմատներից մեկը, որտեղ փաստացի գոնե ինչ-որ կոնցեպտուալ հարցերի շուրջ կա ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի (ԵՄ)՝ ինչ-որ մի հարցի շուրջ մոտեցումների համընկնում: Այսինքն՝ ՌԴ-ն շահագրգռված է ՄԽ համանախագահների ֆորմատի մեջ՝ ոչ թե մեր տարածաշրջանի հետ կապված որևէ գործոններից ելնելով, այլ՝ ՌԴ-ԱՄՆ կամ ՌԴ-Արևմուտք ֆորմատում ցույց տալ, որ գոյություն ունի ինչ-որ մի հարթակ, որտեղ ՌԴ-ն և ԱՄՆ-ը փորձում են իրար հետ համագործակցել, միասին հայտարարություններ անել, ընդունել և այլն, որը որ մենք տեսնում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս