«Ալիևը չի կարող սեղանին գտնվող փաստաթղթերից որևէ մեկն անգամ վաճառել սեփական հասարակությանը». Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման իր նախկին կանխատեսումներին ՝ ասաց, որ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը մի քանի անգամ անցած տարիների ընթացքում առիթ ունեցել է պաշտոնապես ներկայացնելու Վաշինգտոնի մոտեցումը խնդրի կարգավորման նկատմամբ, և, ըստ նրա՝ ի թիվս բազմաթիվ խնդիրների՝ նշել է տարբեր վեհաժողովների ընթացքում նախագահների հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը.

«Այսպիսի թեզեր կարող ենք բազմաթիվ անգամներ գտնել Ուորլիքի ելույթներում: Ակնհայտ է, որ դա իր անձնական տեսակետը չէ, և 2012թ. սկսած ԱՄՆ-ի ցանկությունն է՝ հասնել բանակցային գործընթացի վերականգնմանը՝ առայժմ գոնե նախագահների մակարդակով հանդիպումների տեսքով: Բնականաբար, սա ես հատկապես շեշտում եմ մի բանի համար՝ ԱՄՆ-ը անշուշտ կցանկանար այս միջոցառումն օգտագործել նախագահների հանդիպում կազմակերպելու համար, որովհետև իրենց ստրատեգիան է դա»:

Նրա խոսքով՝ միանգամայն հասկանալի է, թե ինչու ԱՄՆ-ը չի հայտարարում նման հանդիպման մասին.

«Կարծում եմ՝ այս պահի դրությամբ՝ այն պարզ պատճառով, որ դա հնարավոր չեղավ կազմակերպել, և Ադրբեջանը փաստացի հրաժարվում է ուղղակի վերականգնել բանակցային ֆորմատը: Հետևաբար, չի կարող հայտարարվել մի բան, որը, լավագույն դեպքում, մնալու է ցանկության մակարդակում և իրականություն չի դառնալու, առավել ևս՝ եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը նույն ՌԴ նախագահի հովանու ներքո կազմակերպվող հանդիպումներում խուսանավելու որևէ փորձեր չեն կատարում: Բայց նկատի ունենալով հակամարտության վրա, ի տարբերություն ՌԴ-ի՝ ԱՄՆ-ի ավելի քիչ ազդեցությունը, բնականաբար, դա տեղի է ունենում հենց ԱՄՆ-ի կամ արևմտյան համանախագահների միջնորդության պարագայում, հետևաբար՝ խնդիրը միանշանակ Ադրբեջանի հետ է կապված»:

Նրա կարծիքով՝ բավականին թարմ է այն լարվածությունը, որը ստեղծվեց ԵԽ ԽՎ-ում 2 բանաձևերի քննարկման կապակցությամբ.

«Որոնցից մեկը, ըստ ադրբեջանական կողմի և ըստ ԱԳՆ նախարար Մամեդյարովի՝ փաստացի չի անցել ԱՄՆ-ի և նաև ՄԽ համանախագահների ակտիվ դիվանագիտության արդյունքում: Նովրուզի հետ կապված Ալիևի ուղերձում կար այդ մասին. նա ակնարկում էր, որ իրենց մի քանի ձայն չբավարարեց, և դրա մեղավորը կրկին ՄԽ-ն է: Ի՞նչ է ուզում Ադրբեջանը սրանով, այստեղ, թերևս, ԵԽ ԽՎ բանաձևերը կամ մյուս հանգամանքներն ընդամենը առիթ են, ոչ թե պատճառ: Իրականում, արդեն քանի տարի է՝ Ադրբեջանը բացարձակապես ցանկանում է փոխել ՄԽ ձևաչափը՝ չկարողանակով ազդել կարգավորման տարբերակների վրա, որովհետև դրանք այլևս իր համար անընդունելի են: Ալիևը չի կարող սեղանին գտնվող փաստաթղթերից որևէ մեկն անգամ վաճառել սեփական հասարակությանը, որովհետև դրանք ալիևյան բացված ախորժակին համահունչ չեն»:

Հետևաբար, ըստ Ս. Սաֆարյանի՝ Ադրբեջանի ցանկություններից մեկն է՝ նվազագույն դեպքում փոխել ՄԽ ֆորմատը.

«Եվ պետք է խոստովանել, որ այս կտրվածքով Ադրբեջանը միայնակ չէ: Եթե նա միայնակ լիներ իր այս շահագրգռության մեջ, բնականաբար, այդ խնդիրը լուծելը շատ ավելի հեշտ կլիներ քաղաքական եղանակներով, բայց ՄԽ վերաֆորմատավորմամբ շահագրգռված է Թուրքիան, գրեթե նույն տեսքով, ինչ տեսքով Ադրբեջանը, բնականաբար, իրեն տեսնելով այդ խմբի համանախագահներից մեկը: ՄԽ դիրքերի ուժեղացմամբ շահագրգռված չէ նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Ես չեմ ուզում ասել, թե Ռուսաստանն իսպառ կցանկանար ՄԽ լուծարում, բայց հաստատապես կարող ենք մի բան վստահաբար պնդել, որ ՌԴ-ն ստեղծել է ՄԽ-ին զուգահեռ մի ֆորմատ՝ եռակողմ հանդիպումների ֆորմատ, որը, իհարկե, փորձ է արվում ներկայացնել՝ որպես ՄԽ-ի ուղեծրի մեջ, բայց, համենայնդեպս, այդ ֆորմատով Ռուսաստանն ընդգծում է իր առավել դոմինանտությունը ՄԽ մյուս համանախագահ երկրներից և կարողանում է չափազանց տեսանելի ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս