Օբաման կարո՞ղ է բեկում մտցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում
Հեղինակավոր Washington Times-ում Caspian Group Holdings-ի գործադիր տնօրեն Ռոբ Սոբհանին օրերս հոդված էր հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ըստ Սոհբանիի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հնարավորություն ունի մարտի 31-ին Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակներում նախաձեռնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում` հանուն երկու երկրների խաղաղության: Ըստ հոդվածագրի, այսօր Օբաման եզակի հնարավորություն ունի կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
168.am-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը կարծիք էր հայտնել, որ, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վրա վերցնի Ալիևի ու Սարգսյանի հետ համատեղ մի եռակողմ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը և շրջանառության մեջ նոր գաղափարներ դնի, ապա դա կարող է թարմ շունչ հաղորդել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից, և արդյո՞ք Օբաման որևէ նախաձեռնությամբ հանդես կգա:
ովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կասկածում է, թե ինչ-որ նոր նախաձեռնություն կներկայացվի. «Նույնիսկ, եթե տեղի ունենա, եթե ինչ-որ գլոբալ հարցեր դրվեն, դա անհաջող կլինի: Բայց եթե Օբաման նկատի ունի իրական առաջխաղացում ստանալ բանակցային գործընթացում, ապա ես կարծում եմ՝ դա շատ հեշտ է անել. պետք է մաքսիմալ ձևով փորձել ազդել կողմերի վրա՝ առնվազն անել առաջին քայլը: Իսկ առաջին քայլը՝ նշանակում է՝ վստահության մեխանիզմների ստեղծումը շփման գծում. ռազմական սպառնալիքների նվազեցման մեխանիզմներ ստեղծի, որոնք կարող են հնարավորություն տալ՝ սկսել տեսանելի ապագայում հիմնական բանակցային գործընթացը:
Եթե դա չլինի, լինի Օբաման, Հռոմի պապը թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որևէ իրական առաջխաղացում բանակցային գործընթացում մենք չենք տեսնի»:
Քաղաքագետը նշեց, որ ժամանակ առ ժամանակ Մինսկի խմբի երեք համանախագահների մոտ ինչ-որ գաղափարներ են առաջանում այն մասին, թե ճիշտ ժամանակն է՝ ինչ-որ առաջխաղացում արձանագրել. «Բայց եթե դա փորձում են ավելի գլոբալ մակարդակով անել, այլ ոչ թե իրական և իրատեսական, իսկ իրատեսականը՝ սկզբից լուծել հարցը շփման գծում, եթե հարցը դրան չի վերաբերում, մնացած բոլոր գաղափարները վերջին 20 տարվա ընթացքում ստանում են միևնույն վախճանը»:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար
Ստյոպա Սաֆարյանն այլ կարծիք ունի. «Լավատեսության հիմքեր կան»: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ խնդիրներ կան, որոնք սերտորեն իրար հետ կապված են. «Առաջինը՝ բանակցային գործընթացի ֆորմատի լիարժեք վերսկսում, որն ըստ էության խաթարվել էր անցած տարիների ընթացքում, քանի որ Ադրբեջանն առավելապես փորձում էր թուլացնել բանակցային ձևաչափի դիրքերը և հակված էր ավելի շատ խնդրի ռազմական լուծմանը: Եվ վերջին շրջանի փոփոխությունները նկատի ունենալով, այն, որ Ալիևը նույնպես հրավիրված է այդ գագաթաժողովին (նախկինում չհրավիրվեց, մինչն առաջացրեց Բաքվի զայրույթը), այն, որ այդ գագաթաժողովի նախաշեմին, ըստ էության, Ալիևը փորձում է հաճոյանալ Արևմուտքին և ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ իր վրայից ճնշումները թուլացնելու համար, այն, որ գագաթաժողովի նախաշեմին ընդունում է Մինսկի խմբի առաջարկը՝ Զատիկի և Նովրուզի շրջանում հրադադարը պահպանել, թերևս, հիմքեր են ստեղծում մտածելու, որ՝ այո, բանակցային գործընթացի վերսկսման շանսեր կան, և այս կտրվածքով՝ Օբաման փորձելու է ոչ միայն պարտավորություններ կորզել, որ երկու երկրների նախագահները պարբերաբար հանդիպեն, այլ նաև հավատարմություն հայտնեն հիմնարար սկզբունքների նկատմամբ, որոնք տարբեր անվանումներ են ստացել անցած տարիների ընթացքում, և երեքը հաստատապես հայտնի ու հիմնարար են՝ տարածքների ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում և ուժի չկիրառում:
Հետևաբար, եթե հաջողվի դրան հասնել, արդեն կարելի է ասել, որ բանակցային գործընթացի վերսկսման հավանականություն կա: Այս առումով, այո, լավատեսության թեկուզ և փոքր, թույլ, բայց հույս կա»:
Նա նշեց, որ սպասելիքներ կարող ենք ունենալ այն առումով, որ որոշակի քաղաքական նոր գործոններ են ի հայտ եկել. «Մի փոքր ավելի խեղճացած Ադրբեջան և ԱՄՆ նախագահի, այսպես ասած, հովանու ներքո հանդիպման հեռանկար, որոնք էական և լուրջ գործոններ են դառնում»:
Հարցին, արդյոք Օբաման չի՞ փորձում նախաձեռնությունը Պուտինի ձեռքից վերցնել, սովորաբար Պուտինն էր նման հանդիպումներ կազմակերպում, նա պատասխանեց.
«Ես չէի ասի, թե Օբաման փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, ես կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ որևէ մեկի հովանու ներքո պրոցեսը չի տեղավորվելու, այլ բան է, որ, երբ Պուտինը հիմք դրեց, այսպես ասած՝ ՌԴ նախագահի հովանու ներքո հանդիպումների ձևաչափին, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, առհասարակ՝ Արևմտյան աշխարհն առնվազն պարտադրված է սիմետրիան վերականգնել, որպեսզի տպավորություն չլինի, թե կա երկու բանակցային գիծ. մեկը՝ համանախագահների հովանու ներքո, մյուսը՝ ՌԴ նախագահի հովանու ներքո:
Որքան էլ դիրքորոշումների նույնություն կա համանախագահող երկրների միջև, բայց դրանց տակ ընկած շահերի խիստ տարբերություններ կան, որոնք արդեն ի հայտ են բերում բավականին խայտաբղետ պատկեր: Թեև պատահական չէ, որ այդ շահերի, հակասությունների դաշտում Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան շահագրգռված էին. Ռուսաստանը շահագրգռված էր Մինսկի խմբի դիրքերի էական թուլացմամբ, Ադրբեջանը շահագրգռված էր թե՛ դիրքերի էական թուլացման հարցում, թե՛ նաև վերաֆորմատավորման հարցում, և այս առումով էլ՝ Ադրբեջանը ընդհանրություններ է ձեռք բերում Թուրքիայի հետ, որը նույնպես կողմնակից է Մինսկի խմբի վերաֆորմատավորմանը, կազմի ընդլայնմանը:
Եվ Ադրբեջանը փորձում է այս առումով Ռուսաստանի և Թուրքիայի հետ իր ընդհանրությունների դաշտում խաղալ, իսկ արևմտյան կողմը միանշանակ շահագրգռված է Մինսկի խմբի դիրքերի ուժեղացմամբ, որովհետև դա մի հարթակ է, որտեղ Ռուսաստանն առկա է, իսկ առանց Ռուսաստանի՝ գիտակցում են, որ խնդրի հանգուցալուծման չեն կարող գալ, և մյուս կողմից՝ դա մի հարթակ է, որտեղ իրենք կարող են հակակշռել Ռուսաստանին: Հետևաբար՝ այս առումով, ինչպես արդեն նշել եմ՝ զարմանալիորեն Արևմուտքի և Հայաստանի շահերն են համընկնում, և Հայաստանին էլ պետք է այնպիսի ֆորմատ, որտեղ հովանու մոնոպոլիա չլինի, այլ խուսանավելու հնարավորություններ լինեն՝ մեկ, և երկրորդ՝ բանակցային գործընթացի դիրքերն ամրապնդվեն, որպեսզի ռազմական լուծման ռիսկերը նվազեն, և այլն»:
Հետևաբար՝ Ս. Սաֆարյանը կարծում է, որ այս բարդ դաշտում էլ Արևմուտքը փորձում է վերականգնել Մինսկի խմբի դիրքերը՝ թույլ չտալով թե՛ ռուսական ստրատեգիայի իրականացում, որը, ըստ նրա՝ նախատեսում է մի կողմից՝ Մինսկի խմբի դիրքերի թուլացում, մյուս կողմից՝ երկրորդ ձևաչափի՝ Ռուսաստանի նախագահի հովանու ներքո ձևաչափի ամրապնդում. «Եվ մյուս կողմից՝ Արևմուտքն էլ թույլ չի տալիս թուրքական գծի իրականացում, որը ենթադրում է Մինսկի խմբի դիրքերի թուլացում, վերաֆորմատավորում, կազմի ընդլայնում: Այս կոնտեքստում էլ՝ Ադրբեջանին թույլ չի տալիս մեծացնել ռազմական ռիսկի հավանականությունը՝ ի վնաս բանակցային գործընթացի»: