«Վաշինգտոնում ղարաբաղյան հակամարտությունում բեկում գրանցելու նախադրյալներ չկան». գերմանացի վերլուծաբան
«Վաշինգտոնում Ալիև-Սարգսյան հանդիպման դեպքում կարելի է ակնկալել միայն առաջընթաց կարգավորման գործընթացում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում կայանալիք Միջուկային անվտանգության Վեհաժողովի շրջանակում սպասվող Ալիև-Սարգսյան հնարավոր հանդիպմանը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին և ապրիլի 1-ին Վաշինգտոնում կայանալու է Միջուկային անվտանգության չորրորդ վեհաժողովը, որին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով, մասնակցելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ևս:
Մի շարք արևմտյան վերլուծաբաններ չեն բացառում, որ Օբաման կազմակերպի Ալիև-Սարգսյան հանդիպում, ավելին, փորձի բեկում մտցնել կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ ԱՄՆ-ը կոնգրեսականներ Ռոյսի և Էնգըլի միջոցով շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում միջադեպերի վերահսկողության մեխանիզմ ներդնելու հարցը: Ի դեպ, նախաձեռնությունը բաղկացած է երեք հիմնական քայլից` համոզել հակամարտող կողմերին դիպուկահարներին հեռացնել սահմանային գոտուց, ավելացնել շփման գծում ԵԱՀԿ ներկայացուցիչների քանակը, տեղադրել այնպիսի տեխնիկական համակարգեր, որոնք թույլ կտան ճշգրտորեն պարզել, թե որտեղից է արձակվում կրակը:
Ուվե Հալբախը նախ՝ գնահատեց, որ բովանդակային առումով սա նոր նախաձեռնություն չէ, ավելին, այն տարբեր ձևակերպումներով հաճախ դրվել է շրջանառության մեջ և տապալվել՝ տարբեր պատճառներից ելնելով:
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով՝ մեծ դրական ազդանշան կլինի այս հարցում կողմերի համաձայնությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ հետսովետական տարածքի ամենամիլիտարիզացված և վտանգավոր հակամարտություններից մեկը, որի հակամարտող կողմերը շարունակում են մեծ միջոցներ ներդնել պաշտպանության ոլորտի ամրապնդման և նոր սպառազինության ձեռքբերման վրա:
Այս միտումը, Հալբախի համոզմամբ՝ չի կարող չուղղորդել դեպի մի վտանգավոր հանգրվան՝ հաշվի առնելով նաև մերձավորարևելյան իրադարձությունները և երկու երկրներում, հատկապես՝ Ադրբեջանում, տիրող ներքին իրավիճակը: Սա բացառելու համար, նրա կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է միջոցներ գտնի:
«Այդ միջոցներից մեկը կարող է այս նախաձեռնությունը լինել՝ ընդունվելու դեպքում, սակայն, որքանով ինձ է հայտնի, ոչ բոլոր կողմերն ու համանախագահներն են կողմ այս մեխանիզմի ներդրման առաջարկին: Եթե սա չընդունվի, ապա համանախագահները, ինչո՞ւ ոչ, նաև՝ ԵԱՀԿ նախագահող Գերմանիան, պետք է շարունակեն արդյունավետ միջոցների փնտրտուքը, քանի որ ներկայիս առաջարկներն այդպիսին չեն»,- ասաց Հալբախը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում կայանալիք հանդիպմանը, ասաց, որ հանդիպումները դրական են:
«Սակայն ներկայումս ակնկալել բեկում պետք չէ, քանի որ ես չեմ տեսնում այդ բեկման նախադրյալները: Այո, կա դրական առաջընթաց, լոկալ համաձայնություններ կողմերի միջև, բայց զուգահեռաբար՝ երկու կողմերն էլ նոր սպառազինություն են փորձում ձեռք բերել, չեն համաձայնում այս նախաձեռնությանը, բանակցություններին չի մասնակցում Արցախը, այս պայմաններում Վաշինգտոնում կարող է միայն առաջընթաց գրանցվել, կողմերն ու համանախագահները պետք է երկար աշխատեն հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ»,- ասաց Հալբախը: