«Ադրբեջանը դառնում է ավելի անկանխատեսելի». Դավիթ Բաբայան
«Իրավիճակը նույնն է, ինչ եղել է: Ճիշտ է՝ այս ինտենսիվությունը հատկապես բարձրացել է Զատիկի նախօրեին, հիմա պահպանվում է զինադադարի ռեժիմը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմն ինտենսիվացրել էր կրակոցները հայկական կողմի վրա, անգամ գնդակոծում էր բնակավայրերը, ինչի արդյունքում՝ կան վիրավորներ:
– Պարոն Բաբայան, ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի վերջին օրերի գործելաոճը:
– Նման պահելաձևը կապված է Ադրբեջանի էության հետ: Որպես պետություն՝ նա ահաբեկչական պետություն է, այդպես էլ վարվում է: Այն էլ իր պահվածքով հարված է հասցնում ոչ միայն՝ բանակցային գործընթացին, այլև նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Հատկապես Ալիևի այդ վերջին խայտառակ հայտարարությունը, որտեղ նա, փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մեղադրում է սադրիչ գործողությունների մեջ, քրիստոնյա-մահմեդական հակամարտության երանգ է տալիս դրան, սա շատ վատ մի մոտեցում է, ու միջազգային հանրությունը պետք է շատ ավելի զգույշ և ուշադիր լինի նման հայտարարությունների նկատմամբ, որովհետև նման հայտարարությունը մի քանի խորքային հարցեր է առաջ բերում: Պարզ է, որ Ադրբեջանը մենակ չէ այդ ամենն անում, նրա մեջքին մի ուժ կանգնած է, մենք գիտենք՝ դա ով է, դա Թուրքիան է, որը հորդորում է, որ Ադրբեջանը նման քաղաքականություն վարի: Սա նաև ցույց է տալիս, որ այնպես է ստացվում, որ այդ «Իսլամական պետության» ահաբեկիչները, նաև՝ Թուրքիան ու Ադրբեջանը, մեկ ընդհանրություն են: Կարծում եմ, որ պետք է լուրջ վերաբերվել նման հայտարարություններին: Միջազգային հանրությունն ավելի կոշտ ու նորմալ դիրքորոշում պետք է ունենար Ադրբեջանի նկատմամբ, այդ դեպքում միգուցե նաև չէին լինի այդ ահաբեկչական գործողությունները Փարիզում, Բրյուսելում և այլ տեղերում: Դա նաև ցույց է տալիս եվրոպական մի շարք կառույցների կոռուպցիոն վատ վիճակը, որովհետև այդ նույն Ալիևը՝ իր հայտարարությունն անելով, մեջբերում է անընդհատ այդ երկու խայտառակ զեկույցները, որից մեկը չի ընդունել: Դա ցույց է տալիս, որ որոշ մարդիկ Եվրոպայում իրենց ստամոքսի կարիքները հոգալու համար հարված են հասցնում և՛ ժողովրդավարությանը, և՛ ընդհանրապես քաղաքակիրթ նորմերին ու հանրությանը: Պետք է այս ամենը բավականին լուրջ վերլուծել ու համապատասխան քայլեր ձեռնարկել:
– Նշեցիք, որ Ադրբեջանի նման գործելաոճը վնասում է, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Ի՞նչ պետք է անեն խմբի անդամ երկրները, որպեսզի զսպեն Ադրբեջանի այդ գործելաոճը:
– Պաշտոնական Ստեփանակերտը մի շարք առաջարկներ է արել, որ անհրաժեշտ է տոն օրերին զերծ մնալ զինադադարի ռեժիմի խախտումներից, և համանախագահները դա բավականին մեծ ոգևորությամբ են ընդունել ու կոչ էին արել Նովրուզի և Զատիկի օրերին պահպանել զինադադարի ռեժիմը, ինչը ցույց է տալիս, որ համանախագահների կողմից մեր առաջարկն ընդունվել է: Որոշ տվյալների համաձայն՝ Ադրբեջանը նույնպես ընդունել էր այդ առաջարկը, բայց այդ ընդունումը տևել է ընդամենը 1-2 ժամ, և նույն Ալիևը խախտել է զինդադարի ռեժիմը հենց Նովրուզի ժամանակ՝ սրանով սրբապղծելով իրենց սեփական տոնը և իրենց կրոնական Աստծո պատվիրանները: Հետևաբար՝ ի՞նչ եք սպասում նման պետությունից: Միայն պետք է պատժամիջոցներ սահմանել, եթե ամբողջ աշխարհը պայքարում է ահաբեկիչների դեմ, եթե նրանց որոնում են աշխարհով մեկ, նույնը պետք է արվի սրանց նկատմամբ:
– Ըստ Ձեզ՝ արդեն ժամանակը չէ՞, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներն իրենց գնահատականներում զերծ մնան հավասարության նշան դնելուց՝ ադրբեջանական և հայկական կողմերի գործողություների մասին խոսելիս՝ այդպիսով զսպելով Ադրբեջանին:
– Իհարկե, պետք է ոչ թե հավասարությունը փոխվի, այլ լիարժեք լինի այդ գնահատականը, մենք չենք ասում, որ պետք է լինի հայամետ, հակաադրբեջանական, գնահատականը պետք է լինի լիարժեք:
– Հիմա լիարժեք չէ՞:
– Մենք հասկանում ենք, որ իրենք ամեն ինչ անում են, որ գործընթացին չվնասեն, բայց միևնույն ժամանակ՝ ակնհայտ է նաև այն, որ նման պահվածքով Ադրբեջանը դառնում է ավելի անկանխատեսելի ու շարունակում է իր դեստրուկտիվ քաղաքականությունն անպատժելիության մթնոլորտում:
Անի Քեշիշյան