Բաժիններ՝

«Հայաստան եկած սիրիահայերի՝ այս պահին առաջնային լուծում պահանջող խնդիրն աշխատանքային և բնակարանային հարցերի ապահովումն է». Հրանուշ Հակոբյան

Այսօր ՀՀ Սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվեցին սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ 2015 թվականին կատարված և 2016 թվականին նախատեսվող աշխատանքային ծրագրերը:

Հանձնաժողովի հերթական նիստից առաջ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, որը ընթացքում մասնավորապես նշեց. «Ցավոք, սիրիական թնջուկը դեռ ավարտված չէ, և այս առումով Սիրիայում ապրող մեր հայրենակիցներն անընդհատ շարժման մեջ են: Նրանց շարժը հիմնականում տեղի է ունենում Լիբանանի և Հայաստանի մեջ: Խոսքը մոտավոր 20.000 հոգու մասին է, ովքեր գալիս են այստեղ, որից գլխավոր մասը՝ 17.000-ը, հաստատված են Հայաստանում: Հայաստան եկած սիրիահայերի՝ այս պահին առաջնային լուծում պահանջող խնդիրն աշխատանքային և բնակարանային հարցերի ապահովումն է: Ամեն ամիս մենք Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ ենք գումարում, որի ընթացքում քննարկվում են ամենատարբեր հարցեր: Այսօրվա նիստի ընթացքում անպայման քննարկվելու է քաղաքացիություն և կացության կարգավիճակ ստացած մեր հայրենակիցների հիմնախնդիրը»:

Ե՛վ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, և՛ Միջգերատեսչական հանձնաժողովի այսօրվա նիստին Հրանուշ Հակոբյանը բարձրաձայնեց այս պահին հրատապ համարվող՝ բնակարանային վարձավճարների նպատակով հանգանակություն կազմակերպելու հարցը. «Մենք համաժողով ենք գումարել նաև Գյուլբենկյան բարեգործական հիմնադրամում և ՄԱԿ-ի գրասենյակում, որի արդյունքում Սփյուռքում շարժում է սկսվել, գումարներ հանգանակելու՝ 600 և ավելի ընտանիքներին բնակարանային վարձավճարներով ապահովելու համար: Սա ընդհանուր հաշվարկով կազմում է մոտ 1 մլն 200.000 դոլար: Այս պահի դրությամբ Սփյուռքում հանգանակությունը կազմել է մոտ 350.000 դոլար: Հանգանակությանը պետք է միանան նաև ՄԱԿ-ի գրասենյակը և միջազգային այլ կազմակերպություններ»:

Հ. Հակոբյանն անդրադառնալով սփյուռքահայերի խնդիրների ուղղությամբ տարվող բազմաբնույթ ու բազմապրոֆիլ աշխատանքներին՝ ուշադրություն հրավիրեց հատկապես մի հանգամանքի վրա: «Պետք չէ մոռանալ, որ այս մարդիկ սիրական ճգնաժամի պատճառով են հայտնվել Հայաստանում, այլ ոչ՝ հատուկ կազմակերպված ներգաղթի ծրագրով, հետևաբար՝ պետք է մեր ձայնը բարձրացնենք՝ այս խնդրի շուրջ համախմբելու միջազգային կառույցների ուշադրությունը»,- նշեց նախարարը:

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին նաև 2015 թվականին ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ ստացած, ինչպես նաև՝ ապաստան հայցող սիրիահայերի հետ տարվող աշխատանքների հետ կապված հարցեր:

Նիստին զեկույցներով հանդես եկավ ՀՀ ԿԱ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, Ապաստան հայցող սիրիահայերի հետ տարվող աշխատանքների և հիմնախնդիրների մասին զեկույցով հանդես եկավ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ՄԱԿ ՓԳՀ Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը ներկայացրեց 2015 թվականին կատարված աշխատանքները, ինչպես նաև խոսեց 2016 թվականին նախատեսվող ծրագրերի մասին, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ի նախագահ Լենա Հալաճյանը ներկայացրեց 2015 թվականին կատարված և 2016 թվականին նախատեսվող ծրագրերը, զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակիցը, ով բարձրաձայնեց սիրիահայերի բուժօգնության կազմակերպման հարցում առկա հիմնախնդիրները:

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստն ավարտվեց ընթացիկ հարցերի քննարկմամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս