Տաքսու վարորդները պահանջում են փոխել լիցենզավորման կարգը
«2 շաբաթ առաջ 24 կետից բաղկացած առաջարկ ենք ուղարկել կառավարությանը, և բոլոր կետերի նկատմամբ վարչապետի հանձնարարությամբ գործընթաց է սկսվել: Քաղաքապետարանն ու ՃՈ-ն ևս սկսել են այդ գործընթացը՝ ուսումնասիրում են տրանսպորտի ոլորտը, բայց Տրանսպորտի նախարարությունից լիցենզավորման կարգը կասեցնելու, փոփոխելու համար բացարձակ պատասխան չունենք»,- կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Ավտովարորդներն այսօր ևս բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց, և, ինչպես Տ. Հովհաննիսյանը նշեց՝ ամեն հինգշաբթի շարունակելու են պայքարել, մինչև Տրանսպորտի նախարարությունից համապատասխան արձագանք ստանան:
«Մենք պահանջում ենք, որ տրանսպորտի նախարարը լիցենզավորման կարգը փոխի: Լիցենզիայի պահանջը միայն գազի տեղադրման ակտի թուղթն է, որը Հայաստանում ցանկացած մեքենայի մեջ կա. չի կարելի այդ գազի թղթի համար լիցենզիայի պահանջ տալ: Պարզապես քաղաքացիները պետք է ձեռք բերեն 6000 դրամանոց կտրոնները փոստային տեղամասերից, և ամբողջ ոլորտն օրինականանա, ու վերահսկողությունը լինի միայն ՃՈ կողմից, դա է մեր առաջարկը, ուստի, մենք շարունակելու ենք ամեն հինգշաբթի մեր պայքարը»,- նշեց նա՝ հավելելով, որ այսօր ևս իրենց պահանջները ներկայացնող նամակ են փոխանցելու:
«Ավելի կտրուկ քայլեր է սկսում անել, անիմաստ 50 հազար դրամներ է սկսում տուգանել Տրանսպորտի նախարարությունը տաքու վարորդներին: Միևնույն է, ինչքան էլ տուգանեն, դրա վերջը գալու է, չէ՞: Ինչքա՞ն կարող են ազգին տուգանել: Դե գնացեք Լենինական՝ տուգանեք, փորձեք Վանաձորում տուգանել: Հիմա տասնյակ-հազարավոր տաքսու վարորդներից այս 5-6 հազա՞րը պիտի միայն լիցենզավորվեն»:
Վարորդներին այլ խնդիր էլ էր անհանգստացնում: «50 քաղաքացիներ ավտոմեքենաներ են ներկրել, և նրանցից պահանջել են ԱԱՀ վճարել: Մարդիկ բողոքում են, որ ԱԺ-ում Վարդան Այվազյանը՝ այս օրենքի հեղինակը, որ էդպես ուզում է անունը բարձրանա, խոսում էր, քննարկում էր, որ փետրվար ամսվա ընթացքում ներկրված մեքենաներն ազատեն ԱԱՀ-ից: Հիմա մարդիկ գնացել են՝ փաստի առաջ են կանգնել: Հիմա հազարավոր մեքենաներ են ներկրվելու Հայաստան, այս 50 մարդի՞կ պիտի տուժեն: Թող այդ ԱԱՀ-ն չվճարեն, էլի»,- ասաց Տ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 50 վարորդների ստորագրությամբ էլ մի նամակ են հանձնելու, որտեղ նշված է. «ԱԺ-ում քննարկումների ժամանակ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ վերջին ամսվա ընթացքում ներկրված մեքենաները նույնպես կազատվեն ավելացված արժեքի հարկից: Փետրվար ամսվա ներկրողների թիվը չի գերազանցում 50 մեքենայի քանակը: Համենայնդեպս, դա էր վկայում մեր հավաքի մասնակիցների քանակն ավտոմաքսատանը: Խնդրում ենք՝ ս.թ. փետրվարից մինչև մարտի 20-ը ներկրված մեքենաների մաքսազերծման գումարներից նույնպես չգանձել և ազատել մեզ ԱԱՀ-ից»:
ԱԱՀ-ի վճարման հետ կապված խնդիրներ ունեցող վարորդներից մեկն ասաց, որ հեռուստացույցով լսել ու գնացել մեքենա է բերել, բայց կանգնել է փաստի առաջ. «Էնտեղ էժան առել ենք ավտոն, եկել ենք ստեղ, կրկնապատիկ գինը կուզեն: 60 հազար ռուբլով գնած մեքենայից մարդիկ 630 հազար դրամ փող են ուզում: Որտե՞ղ այդպես օրենք կա»: