Ով է կրել Թևոսիկի եղբոր սպանության վայրում հայտնաբերված բժշկական ձեռնոցը. հրապարակվել են փորձաքննությունների եզրակացություններ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական նիստը: Դատարանն այս փուլում հետազոտում է քրեական գործի նյութերը:

Հրապարակվեցին քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված մի շարք նյութեր, այդ թվում՝ տեղեկատվություն այն մասին, որ վերջին անգամ Մովսես Ներսիսյանը (ըստ նախաքննական մարմնի վարկածի՝ նա կրակոցներ է արձակել Արթուր Սաֆարյանի ուղղությամբ, ապա՝ սպանվել) 2013թ. սեպտեմբերին Բագրատաշեն անցակետով մուտք է գործել Հայաստան. ըստ մեղադրողի՝ սահմանը հատելու վերաբերյալ դրան հաջորդող տվյալներ չկան:

Հրապարակվեց քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությունը, որից հետո գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն ասաց, որ քննչական փորձարարության նպատակն է եղել՝ ճշտել ոստիկանության կազմակերպած գաղտնի դիտարկման արդյունքները՝ արդյո՞ք «Մագնում» հյուրանոցային համալիրից Մովսես Ներսիսյանի մեքենայի դուրս գալու պահից սկսած, մեքենայում, բացի վարորդի տեղում նստած անձից, այլ անձ եղել է, թե ոչ: Ըստ նրա՝ այդ գաղտնի դիտարկման արդյունքում արձանագրվել էին դեպքեր, երբ վարորդի կողքի նստատեղին նստած մարդ էր երևացել:

«Քննիչը սույն քննչական փորձարարությամբ ցանկացել է դա ինչ-որ կերպ հերքել: Որոշ դեպքերում նրան հաջողվել է, սակայն մի դեպքում, համենայն դեպս, արձանագրել է՝ երբ կատարեցինք շրջանցումը, ավտոմեքենայի դիմապակուց նկատվեց, որ ավտոմեքենայի վարորդի կողքին մարդ կա նստած, վարորդի և կողքի նստածի դիմագծերը չերևացին: 7-րդ վարչության ոստիկաններն էլ դիմագծեր չեն արձանագրել: Այսպիսով, քննիչը հաստատել է, որ երևում է երկրորդ անձ: Մե՞կ անգամ ես հաջողացրել տեսնել, բան չունեմ ասելու, բայց ոստիկանները 3-4 անգամ են տեսել, ու նրանց դիտարկումների օբյեկտիվության վրա կասկածելու հիմքեր մենք չունենք: Իսկ քննիչի փորձարարության տվյալների վրա կասկածելու հիմքեր ունենք, որովհետև որոշակի ժամանակ է անցել, և հանգամանքները փոխվել են»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ գաղտնի դիտարկման ժամանակ պարզկա է եղել, բայց եթե քննիչը կամ նրա հետ քննչական փորձարարությանը մասնակցած անձինք մեկ անգամ են վարորդի կողքի նստատեղին նստած անձ նկատել, դեռևս չի նշանակում, թե ոստիկանները 4 անգամ չեն նկատել:

Այս առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ նաև Իսրայել Սարգսյանը՝ նշելով, որ սա պարզապես խեղկատակություն է: Մեղադրող Արմեն Փանոսյանն ասաց, որ փորձարարության իրականացումը որևէ ապօրինի կամ ոչ իրավաչափ նպատակ չի հետապնդել, դրա միակ նպատակն է եղել՝ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը:

Հրապարակվեց փորձաքննության եզրակացությունը՝ համաձայն որի՝ «Մերսեդես» մակնիշի մեքենայի խուզարկությամբ և զննությամբ հայտնաբերված շապիկի, բաճկոնի վրա տեղակայված արյան հետքերից անջատված ԴՆԹ-ների գենետիկական բնութագրերը համընկնում են միմյանց հետ. հետևաբար՝ առաջացել են միևնույն անձից: Փորձագետները նշել էին, որ «Մերսեդես» մակնիշի խուզարկությամբ հայտնաբերված արյան հետքից, բաճկոնի և սպիտակ շապիկի վրա տեղակայված մարդկային ծագման արյան հետքից, «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակում հայտնաբերված արյան հետքերից, աթոռի արյան հետքից և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի հարակից դաշտային հատվածում հայտնաբերված արյան հետքից առաջացած ԴՆԹ-ները համընկնում են միմյանց հետ: Հետևաբար՝ դրանք առաջացել են, 99.99 տոկոս հավանականությամբ, նույն անձից: Փորձաքննության եզրակացության հետևությունների համաձայն՝ այս բոլոր հետքերի գենետիկական բնութագրերը չեն համընկնում բժշկական ձեռնոցից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ, հետևաբար՝ դրանք չեն թողնվել ձեռնոցից անջատված ԴՆԹ կրող անձի կողմից: Նշենք, որ այս բժշկական ձեռնոցը հայտնաբերվել է Արթուր Սաֆարյանի սպանության վայրում: Հրապարակվեց փորձաքննության մեկ այլ եզրակացություն, որի համաձայն՝ Մովսես Ներսիսյանի որդին չի կարող հանդիսանալ Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի վայրից հայտնաբերված բժշկական ձեռնոցից անջատված ԴՆԹ կրող անձի կենսաբանական որդին: Ըստ եզրակացության՝ Մովսես Ներսիսյանի որդին հանդիսանում է «Մերսեդես» մակնիշի բեռնախցիկի ծածկոցի շրջակայքից և հետևի հողմապակու վրայից, «Մագնում» հյուրանոցային համալիրից, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում առկա կոյուղու դիտահորի շրջակայքից հայտնաբերված արյան նմուշներից անջատված ԴՆԹ ունեցող անձի կենսաբանական որդին՝ 99.99 տոկոս հավանականությամբ: Իրականացվել էր մեկ այլ փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ բժշկական ձեռնոցից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագիրը չի համընկնում Իսրայել Սարգսյանի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ: Փորձագետը եզրակացրել էր, որ ձեռնոցից անջատված ԴՆԹ-ն չի առաջացել Իսրայել Սարգսյանից:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն ասաց, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորված է, որ բժշկական ձեռնոցը կրել է կրակոցի լիարժեք արգասիքներ, այն կրող անձը կրակոց է արձակել: Ըստ պաշտպանի՝ հիմնավորված է, որ Մովսես Ներսիսյանը չէ այն կրող անձը, Իսրայել Սարգսյանը ևս կապ չունի դրա հետ: Նրա խոսքով՝ ձեռնոցը կրող անձը չի պարզվել, իսկ այն կարևոր նշանակություն ունի դեպքի բացահայտման համար: «Ավելին, ձեռնոցն ունենալով ծանրակշիռ ապացուցողական նշանակություն գործի համար, որպես իրեղեն ապացույց՝ ճանաչված չէ: Սա առնվազն տարօրինակ է, և պետք է ամբողջ ուժերը՝ և´ քննչական, և´ օպերատիվ մարմինների, ուղղվեր այս ձեռնոցը կրողի անձին պարզելուն»,- ասաց փաստաբանը: Խոսելով հայտնաբերված ձեռնոցի մասին՝ մեղադրողն ասաց, որ քրեական գործի նախաքննության ընթացքում, ինչպես նաև՝ անջատված մասով քննություն իրականացնելիս՝ որևէ փաստական հանգամանք չի անտեսվում, դրանցից յուրաքանչյուրի հետ կապված կատարվում են անհրաժեշտ գործողություններ:

Տեսանյութեր

Լրահոս