Բաժիններ՝

Գյուղոլորտում լիակատար խառնաշփոթ է. ՎՊ-ն ստուգել է ԳՆ-ի կողմից պետբյուջեի ծախսը

Գյուղատնտեսության ոլորտում լիակատար խառնաշփոթ է տիրում: ՀՀ վերահսկիչ պալատն անցած տարվա մարտից մինչև այս տարվա փետրվար ստուգումներ է իրականացրել Գյուղատնտեսության նախարարությանը ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ և բազմաթիվ խախտումներ ու թերացումներ է բացահայտել:

ՎՊ հաշվետվությունից տեղեկանում ենք, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի մասով իրականացված վերահսկողության ընթացքում բացահայտվել են դեպքեր, երբ համայնքների կողմից հաշվարկված անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանել տվյալ համայնքում փաստացի առկա անասնագլխաքանակի մասին տվյալներին:

ԳՆ Անասնաբուժության վարչությունը հակահամաճարակային միջոցառումների իրականացման և անհրաժեշտ պատվաստանյութերի ձեռքբերման հաշվարկների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ է ներկայացրել, օրինակ, տրամադրված տեղեկանքներում խոշոր եղջերավոր կենդանիների` կովերի ծինը հաշվարկվել է 2014թ.՝ 80%-ով, իսկ 2015թ.՝ 90%-ով: Դաբաղ հիվանդության նկատմամբ մանր եղջերավոր կենդանիներն ամբողջությամբ չեն պատվաստվում, օրինակ՝ կան համայնքներ, որտեղ մանր եղջերավոր կենդանիների մի մասը պատվաստվում են, իսկ մյուս մասը՝ ոչ, և որևէ տրամաբանություն այստեղ բացակայում է:

Հակահամաճարակային միջոցառումների իրականացման և անհրաժեշտ պատվաստանյութերի ձեռքբերման հաշվարկների վերաբերյալ կարգ գոյություն չունի, կամ պլանավորման մասով դաշտը կարգավորված չէ: Պլանավորման հիմքում ընդունվում են ՀՀ ազգային վիճակագրության ծառայության կողմից տրամադրված տվյալները, որոնք ձևավորվում են տարեկան մեկ անգամ կատարված հաշվառման արդյունքներով, տարվա ընթացքում անասնագլխաքանակի գծով շարժն անտեսվում է, իսկ տարեվերջին պահեստում առկա պատվաստանյութերի, ախտորոշիչ և լաբորատոր նյութերի մնացորդները հաշվի չեն առնվել հաջորդ տարվա ծրագրի բյուջեն կազմելու ընթացքում:

ԳՆ պաշտոնյաները, թերևս, մեկնաբանելու կարիք ունեն, թե ինչպե՞ս է ստացվել, որ 2014թ. դաբաղի պատվաստանյութի մեկ դոզան ձեռք է բերվել 216.5 դրամով (մատակարարը եղել է հիմնականում «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ն), 2015թ.՝ 214.4 դրամ (մատակարարը՝ «Ամասիա» ՍՊԸ), իսկ 2016թ. «Ագրոխիմպրոմ» ՍՊԸ-ն հաղթել է 147.9 դրամով, այսինքն՝ անհամեմատ ավելի ցածր գնով: Սակայն ՀՀ կառավարության որոշմամբ կենսապատվաստուկների և ախտորոշիչ միջոցների գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած, այնուհետև դաբաղի պատվաստանյութը գնվել է բանակցային ընթացակարգով և ավելի թանկ գնով՝ 154.03 դրամ:

Ընդ որում՝ ՎՊ-ն հանդիպակաց ստուգման արդյունքում պարզել է, որ «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ն ԳՆ-ին պատվաստանյութերը վաճառել է 460 մլն 240.1 հազար դրամով՝ այն դեպքում, երբ ինքը ՀՀ է ներմուծել 348 մլն 151.9 հազար դրամով և ՀՀ-ում գրանցված կազմակերպություններից ձեռք է բերել 8 մլն 588.3 հազար դրամի պատվաստանյութեր: Այսինքն՝ «Բիո Ունիվերսալը» շուրջ 103.5 մլն դրամ է աշխատել պետության հետ կնքված այս գործարքի արդյունքում: «Ամասիա» ՍՊԸ-ն հանդիպակաց ստուգման ժամանակ հրաժարվել է տրամադրել պահանջված փաստաթղթերն ամբողջությամբ:

2014-2015թթ. ընթացքում ԳՆ-ի կողմից ձեռք բերված պատվաստանյութերի որակի ստուգում չի կատարվել՝ համապատասխան լաբորատորիաների բացակայության պատճառով, ինչը ՎՊ-ն համարում է մտահոգիչ և ռիսկեր պարունակող:

ՎՊ-ի կողմից ԳՆ գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2011-ից գյուղոլորտի սուբյեկտներում ընդհանրապես ստուգումներ չեն իրականացվել, այսինքն, տեսչությունը չի իրականացնում իր իսկ կանոնադրությամբ սահմանված հիմնական տեսչական գործառույթը՝ գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների և գործիքների տեխնիկական վիճակի ու անվտանգ շահագործման կանոնների վերահսկումը: Ավելին, տեսչության կողմից ներկայումս իրականացվող գործառույթները չեն հանդիսանում տեսչական գործառույթներ:

ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում ՎՊ-ի ստուգումներն էական չարաշահումներ են բացահայտել: Պարզվել է, որ բյուջեին ՊՈԱԿ-ն իր ծառայությունները շատ ավելի թանկ է վաճառել, քան մասնավոր անձանց: Այսպես՝ «Սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում նախարարությունն անցած տարի ՊՈԱԿ-ի մեկ հատի ծախսերի սակագինը 2014-2015թթ. սահմանել է 165.6 հազար դրամ, մինչդեռ նույն գործառույթի վճարովի ծառայության համար մեկ սորտափորձարկման համար ընդունվել է 40 հազար դրամ գինը, կամ շուրջ 4 անգամ պակաս, քան պետական սորտափորձարկման համար սահմանված սակագինը:

ՎՊ հաշվետվության համաձայն՝ Շիրակի, Արագածոտնի մարզերի մի շարք համայնքներում հազարավոր հակահամաճարակային միջոցառումներ ցուցակներում ավելի են ցույց տրվել, և ավելորդ հարյուր-հազարավոր դրամի ծախս է արվել, իսկ Կոտայքի Մայակովսկի և Լեռնանիստ համայնքներում անասնաբույժների կողմից հակահամաճարակային միջոցառումների վերաբերյալ կազմած կատարողական ակտերին կից ցուցակներն ընդհանրապես բացակայում էին: Մարզպետարանների կողմից սերմացուի անհրաժեշտ քանակի ոչ ճիշտ պլանավորման հետևանքով ծրագրի գրեթե ամբողջ բեռը` շուրջ 80.9%-ը, ընկել է պետության վրա: Սերմացուների 10-25%-ը չի ցանվել, այսինքն՝ «փոշիացվել» է, այսինքն՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագիրը ոչ ամբողջությամբ է ծառայել իր նպատակներին, ավելին` ծրագրով ակնկալվող արդյունքը թերի է և ուղեկցվել է տվյալ տարում սերմերի վերարտադրողականության ծավալների նվազմամբ:

ՎՊ-ն ուսումնասիրել է ԳԱՄԿ-երի կողմից սեմինարների կազմակերպումը, և պարզվել է, որ դրանք հիմնականում կրում են ձևական բնույթ, և առկա են ռիսկեր, նաև համայնքներում խորհրդատվական ծառայությունների մատուցումը հաճախ իրականացվում է կրկնվող, ոչ արդիական թեմաների շուրջ, գրեթե նույն մասնակիցներով և հասանելի է գյուղացիական տնտեսությունների և ֆերմերների առավելագույնը 20-30 %-ի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս