«Պետք է պարզել` ինչպես և ինչու է բարձրանում գազի գինը սպառողի համար, եթե Ռուսաստանն այն էժանացնում է». Սիմոնով

«Հայաստանյան բնակիչները պետք պարզեն` ինչպես է գազի գինը սահմանից հետո բարձրանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը` անդրադառնալով հայ-ռուսական բանակցություններին գազի շուրջ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր նման խնդրանք-նամակով դիմել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, որի արդյունքում գազի շուրջ հայ-ռուսական բանակցությունները շարունակվում են, և, ըստ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի՝ այդ բանակցությունների նպատակը նաև բնակիչների, ձեռնարկությունների համար գնի իջեցումն է: «Այսօրվա դրությամբ բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ մենք հնարավորություն ունենանք սակագների իջեցման՝ բնակիչների համար։ Թողեք՝ բանակցություններն ավարտվեն, արդյունքների մասին ձեզ տեղյակ պահենք»,- ասել է նախարարը լրագրողների հետ զրույցում:

Նախօրեին ՀՀ վարչապետը ևս անդրադարձել էր այս հարցին՝ նշելով. «Գազի գնի հետ կապված որոշում չկա, բայց քննարկում կա, հանրապետության նախագահը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, քննարկել են, հիմա նախարարությունները, «Գազպրոմ-Արմենիան» գազի գնի շուրջ բանակցություններ են իրականացնում»: Նշենք նաև, որ վերջին շրջանում գազի գնի բոլոր փոփոխությունները շրջանցել են հայ սպառողին, քանի որ գազի գնի իջեցումը հասել է սահմանին, ապա՝ բարձրացել սպառողի համար: Կոնստանտին Սիմոնովը, չնայած Հայաստանի բնակչության շրջանում առկա էական դժգոհություններին, նշեց, որ Ռուսաստանն էժան գազ է տրամադրում և’ Հայաստանին, և’ Բելառուսին` ի տարբերություն Ուկրաինային և այլ երկրներին տրամադրվող գների:

Այլ հարց է, ըստ նրա, որ այդ գնից դժգոհ են բնակիչները, քանի որ սահմանին այդ գինը փոխվում է: «Այդ հարցում բնակիչներն իրենց դժգոհությունը պետք է ուղղեն ՀՀ իշխանություններին, և նրանք պետք է պարզեն, թե ինչպես է գազի գինը բարձրանում սահմանից հետո: Սա խնդիր է, և ինձ ևս հետաքրքրում է, թե ինչպես և ինչ գործոնների ազդեցությամբ է գինն այդքան փոխվում:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ գազային բանակցությունները Հայաստանի համար դրական հետևանքներ կունենան, քանի որ գազի գինն էլ ավելի կնվազի Հայաստանի համար` պայմանավորված նավթի գներով: Իմ հաշվարկներով՝ այդ իջեցումը կկազմի մոտավորապես 15-20%, հաշվի առնելով նավթի գների անկումը»,- նշեց Սիմոնովը:

Վերջինիս համոզմամբ՝ Սարգսյան-Պուտին հանդիպմանն այս հարցը ևս քննարկվել է: Հարցին, թե ապրիլին սպասվող Մեդվեդևի այցի ժամանակ որոշակիություն կմտնի՞ այս հարցում, Սիմոնովը պատասխանեց, որ չի կարելի բացառել: «Այցի օրակարգին ծանոթ չեմ, բայց վստահ եմ, որ վարչապետները չեն շրջանցի այս հարցը, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են»,- նկատեց նա: Հիշեցնենք նաև, որ Հայաստանի հետ սահմանին գազն արժե 165 դոլար, սակայն այդ գինը գործում է մինչև այս ապրիլի 1-ը: Վերջնական սպառողին, այն է՝ ՀՀ բնակչությանը, գազը մատակարարվում է մոտ երկու անգամ բարձր գնով՝ 320 ԱՄՆ դոլարի չափով:

Տեսանյութեր

Լրահոս