Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ ՌԴ-ի դիրքերի փոփոխության ազդանշաններ չկան

«168 Ժամի» զրուցակիցն է ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը

– Պարոն Մայիլյան, վերջերս երկու անգամ ռուսական մամուլում հայտնվեց գաղտնի տեղեկություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ստորաբաժանումների, դրանց տեղակայվածության վերաբերյալ, և այս ամենը՝ այն ինֆորմացիայի ֆոնին, որ Ադրբեջանը չի կարողանում վճարել Բաքու առաքված ռուսական զինամթերքի համար, ինչը հայաստանյան մամուլում բազմիցս որակվեց՝ որպես «ռուսական շանտաժ՝ ուղղված Ադրբեջանին»։ Ձեր կարծիքով` ի՞նչ տեղի ունեցավ, ինչո՞ւ։

– Սկզբից ԶԼՄ-ներում հայտնվեց ռուսական 200-միլիոնանոց վարկով Հայաստանի կողմից գնված սպառազինության և զինտեխնիկայի ոչ ամբողջական ցանկը։ Սրան հաջորդեց ռուս ռազմական փորձագետի հնացած և կիսատ տվյալների հրապարակումը ՀՀ ԶՈՒ-ի և Արցախի ՊԲ-ի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ օգտագործվել էին տեղեկատվության բաց աղբյուրներ։ Ի դեպ, նույն այդ հեղինակը դրանից հետո հրապարակեց նույնպիսի մի նյութ Ադրբեջանի զինված ստորաբաժանումների մասին։ Չեմ կարծում, որ պատրաստվել էր ինչ-որ դավադրություն։

– Ինչո՞վ է վտանգավոր հրապարակված տեղեկությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։

– Քանի որ այդ տեղեկությունները հնացած և կիսատ են, չեն կարող իրենցից սպառնալիք ներկայացնել հայկական հանրապետությունների համար։ Նրանից, որ ռազմական փորձագետը փորձել է ամփոփել տարբեր տարիների բաց հաշվետվությունները, այդ տվյալները հակառակորդ կողմի համար արժեքավոր չեն դարձել։ Մեր որոշ հայրենակիցներ զարմանալիորեն արձագանքեցին այդ «գաղտնի» տեղեկություններին։ Նման տեղեկատվական արտահոսքերը կարող են հակառակորդին միայն մոլորության մեջ գցել։

– Վերջերս Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարեց, որ Ադրբեջանը հաստատակամ է ՄԽ ձևաչափն ընդլայնելու հարցում, դրան հաջորդեց ՀՀ նախագահի այցը ՌԴ, ապա՝ ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունը, և այս ամենը՝ տարածաշրջանային նոր իրողությունների ֆոնին։ Ըստ Ձեզ` Ռուսաստանի առաջնահերթությունները, շահերը ԼՂ հակամարտությունում փոխվե՞լ են։ Ի՞նչ պետք է սպասել Մոսկվայից ԼՂ հակամարտության կարգավորման հարցում այսօր։

– Սկսենք նրանից, որ Ադրբեջանը միայնակ ունակ չէ ընդլայնել համանախագահող երկրների կազմը։ Դրա համար անհրաժեշտ է հակամարտության մյուս երկու հիմնական կողմերի` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համաձայնությունը։ Ադրբեջանը միայն կարող է հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ միջնորդությունից իր համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի մամլո խոսնակի հայտարարությանը, ապա այն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 2015 թվականի դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհրդում ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների Համատեղ հայտարարությունից։ Այսպիսով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության ուղղությամբ Ռուսաստանի դիրքերի փոփոխության ազդանշաններ չկան, առավել ևս՝ իր առանձին դերակատարության։ Ռուս համանախագահը շարունակում է ակտիվ կերպով համագործակցել իր գործընկերների հետ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, ու նրանց հերթական հանդիպումը կայացավ միայն մեկ շաբաթ առաջ։

– ՄԽ եռանախագահների ձևաչափի փոփոխության անհրաժեշտություն կա՞։

– Միջնորդական ձևաչափի փոփոխման անհրաժեշտություն չկա։ Կա հակամարտության կարգավորման հարցում միջազգային միջնորդների մոտեցումների փոփոխման և լիարժեք, եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման, այսինքն` ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ ձևաչափի, անհրաժեշտություն։

– Պարոն Մայիլյան, Ադրբեջանում առկա տնտեսական խնդիրները, ըստ էության, անդրադառնում են հակամարտության գոտում Ադրբեջանի ակտիվության վրա։ Մի շարք փորձագետներ սրանով են բացատրում սահմանային հարաբերական հանգստությունը։ Դուք ի՞նչ եք կարծում այս մասին, և որքանո՞վ կայուն կլինի այս «խաղաղությունը»։

– Ադրբեջանի տնտեսական անկումն ու սոցիալական խնդիրների սրացումը դեռ կարտացոլվեն շփման գծում։ Այնինչ դեռ չկան փոփոխության ակնհայտ նշաններ։ Ադրբեջանը շարունակում է դիվերսիաների փորձերը և մեր դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը։ Համենայն դեպս, Բաքուն շարունակում է «խաղալ մկաններով»՝ փորձելով մեզ ցույց տալ, որ ներքին խնդիրները որևէ կերպ չեն անդրադառնում իրենց «ռազմական դիվանագիտության» վրա։

– Պարոն Մայիլյան, Washington Times պարբերականում հրապարակված հոդվածներից մեկում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ունի Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատելու բացառիկ հնարավորություն մարտի 31-ին Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակներում։ Ըստ Ձեզ` Օբաման հանդես կգա՞ արդյոք դիվանագիտական նախաձեռնությամբ։

– Միջնորդ երկրներն ու նրանց նախագահները մշտապես փորձում են օգտագործել այս կամ այն հարթակները հակամարտող կողմերի ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար։ Հնարավոր է, որ ԱՄՆ նախագահը կփորձի օգտվել այս հնարավորությունից, բայց խոսել այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը Վաշինգտոնում վերջնական խաղաղություն կհաստատի տարածաշրջանում, իրատեսական չէ։

Տեսանյութեր

Լրահոս