Մի անգամ Դուշանբեում
Դժվար թե մենք՝ հայերս, առանց հույժ անհրաժեշտության, զուտ ճանաչողական այցով այցելենք Տաջիկստան։ Առավելևս, որ ուղիղ չվերթ, Երևանից՝ Դուշանբե, չկա։ Սակայն, եթե ինչ-որ առիթով բախտ վիճակվի լինել այս երկրում, ապա կհամոզվեք, որ այդ այցելությունը ձեզ ավելի շատ մտածելու տեղիք կտա, քան ուղևորությունը դեպի ամենազարգացած եվրոպական երկիր։
Դուշանբեի օդանավակայանից մինչև հյուրանոց ճանապարհը կարճ է՝ մեքենայով մոտ 15 րոպե։ 15 րոպեների ընթացքում հասցնում ես մեքենայի պատուհանից մի թեթև ուսումնասիրել քաղաքը՝ հիմնականում ցածրահարկ շենքեր ու տներ են։ Մի քանի հարց ես տալիս վարորդին՝ որքան են բենզինի գները, աշխատավարձը, ընդհանուր սոցիալական վիճակը, և այլն։ Պարզվում է՝ բենզինի գինն այնքան է, որքան Հայաստանում, խնդիրներն էլ հիմնականում նույնն են։
Զարմանալու առաջին առիթը տալիս է հյուրանոցը։ Այն իրոք շքեղ է և ինչ-որ տեղ հակասություն է առաջացնում մինչ այդ քո տեսած պատկերի հետ։ Հսկիչ-անցագրային կետում անվտանգության աշխատակիցը հայելու և լապտերի օգնությամբ ստուգում է մեքենայի տակը՝ արդյո՞ք պայթուցիկ չկա (ընդ որում, մեքենան հյուրանոցինն է)։ Նման պրակտիկայի կարող ես հանդիպել դիվանագիտական ներկայացուցչություններում կամ միջազգային կառույցների տեղական գրասենյակներում, սակայն՝ ոչ հյուրանոցներում (որքան էլ դրանք բարձրակարգ լինեն)։ Հետո կողքից հիշեցնում են, որ երկիրը մոտ 1000 կմ ընդհանուր սահման ունի Աֆղանստանի հետ, և ամեն ինչ որոշ չափով հասկանալի է դառնում։
Հյուրանոց հասնելով՝ առաջին բանը որ փորձում ես անել, wi-fi-ին միանալն ու Ֆեյսբուք մտնելն է։ Առաջինը (wi-fi-ին միանալը) ստացվում է, իսկ երկրորդը՝ Ֆեյսբուք մտնելը, ոչ։ Մտածում ես՝ միգուցե խնդիրը սմարթֆոնի հետ է կապված, սակայն նոութբուքով նույնպես չի ստացվում։
Զանգահարում ես Reception… նրանք սպասում էին քո հարցին։ Պատասխանում են, որ 2015 թվականի կեսերից երկրում Ֆեյսբուքն արգելափակված է։ Ոչ միայն Ֆեյսբուքը, այլև Twitter-ը, YouTube-ը, անգամ՝ ռուսական vkontakte սոցիալական ցանցը։ Սա արդեն լուրջ է, և առաջին տպավորությունների ձևավորման վրա ավելի շատ է ազդում, քան մինչ այդ քեզ հանդիպած ամեն ինչը։
Հաջորդ օրը միջոցառման տեղացի պատասխանատուներից հարցնում ես՝ ինչո՞ւ են արգելափակել, պաշտոնական ի՞նչ հիմնավորում է եղել։ Պատասխանում են, որ պաշտոնական հիմնավորում՝ որպես այդպիսին, չի եղել, սակայն ոչ պաշտոնապես՝ այդ կերպ ցանկանում են երիտասարդությանը հեռու պահել անառողջ քարոզչությունից (հատկապես՝ իսլամիստական բնույթի)։ Սակայն, պարզվում է, տեղացիները լուծումը գտել են. ներբեռնում են հատուկ ծրագրային հավելվածներ և դրանց օգնությամբ մուտք գործում արգելափակված կայքեր։
Հաջորդ օրը կազմակերպվում է փոքրիկ էքսկուրսիա՝ դեպի նոր կառուցված հսկայական թեյատուն (որին տաջիկներն անվանում են փՈռւՈվՈ)։ Այն ամենամեծն է Ասիայում և իրականում՝ ոչ թե թեյատուն է, այլ՝ տարբեր միջոցառումների համար նախատեսված համալիր։ Այստեղ կազմակերպվում են միջազգային ընդունելություններ, առաջին դեմքերի մասնակցությամբ միջոցառումներ, և այլն։ Ներսն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է՝ փայտի վրա մանր փորագրություններով։ Էքսկուսավարը հպարտությամբ հայտարարում է, որ Տաջիկստանի 300 լավագույն վարպետների ձեռքի գործն է։ Մի տեսակ հիշեցնում է Աշտարակի խճուղու սկզբնամասում գտնվող հայտնի առանձնատունը։ Հասկանում ես՝ սրա վրա ահռելի գումարներ են ծախսվել։ Իսկ որքա՞ն։ Գաղտնիք է՝ պատասխանում է գիդն ու ավելացնում, որ այդ ամենը կառուցվել է բարեգործական միջոցներով։ Առավելևս, եթե բարեգործական՝ ինչո՞ւ է գաղտնիք։
Հետո տեղացիների հետ փոքր-ինչ զրուցելով՝ հասկանում ես գաղտնիքի գաղտնիքը։ Ըստ որոշ խոսակցությունների՝ «Կոխի Նավրուզ» թեյատան կառուցման վրա ծախսվել է շուրջ 400 մլն դոլար։ Մի երկրում, որտեղ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ընդամենը 1200 դոլար է (Հայաստանում՝ շուրջ 3800 դոլար), 400 մլն դոլար ծախսելը նման շքեղության վրա, որը 12 ամսից 11-ը պարապուրդի մեջ է, իհարկե, դժվար է հասկանալ։ Դրա համար էլ գերադասում են թվեր չնշել։ Փոխարենը՝ գիդը մեծ հպարտությամբ ցույց է տալիս հսկայական խճանկարը, որի վրա պատկերված է երկրի նախագահ Էմոմալի Ռախմոնը՝ մոր հետ։
Էքսկուրսիայից հետո հաջորդ կանգառը ռեստորանն է։ Ծրագրով նախատեսված է հյուրասիրություն՝ Դուշանբեի ամենահայտնի ռեստորաններից մեկում՝ «Չայխանա Ռոխատում»։
Ճանապարհը կարճ է՝ ոտքով եք անցնում ու ձեռքի հետ ուսումնասիրում քաղաքը։ Այն փոքր է, երկնաքերներ ու ժամանակակից շինություններ քիչ կան, բայց քաղաքը տպավորում է իր մաքրությամբ։ Սակայն ամենից շատ ուշադրությունդ գրավում են ոչ թե շենքերն ու հուշարձանները, այլ ամեն քայլափոխի հանդիպող մեծ պաստառները՝ երկրի գործող նախագահ Էմոմալի Ռախմոնի նկարով և նրա արտահայտած մտքերով։ Ձեզ մոտ ընտրություննե՞ր են՝ հարցնում ես տեղացիներին։ Պարզվում է՝ ոչ։ Պարզապես նախագահ Ռախմոնն այստեղ պաշտոնապես համարվում է ազգի առաջնորդ (տաջկերեն՝ пешевой миллат)։ Դրանով ամեն ինչ ասված է։
64-ամյա Ռախմոնը երկիրը փաստացի ղեկավարում է 1992 թվականից, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից։ Սահմանադրական փոփոխությունների միջոցով նա 2 անգամ պաշտոնավարելուց հետո հնարավորություն է ստացել ևս երկու անգամ ընտրվել, 2013-ին չորրորդ անգամ է ընտրվել երկրի նախագահ։ Պաշտոնավարելու է 7 տարի, մինչև 2020 թվականը։ Տաջիկստանում համոզված են, նախագահի պաշտոնում Ռախմոնին կփոխարինի նրա որդին՝ 27-ամյա Ռուստամը, ով այժմ ղեկավարում է Տաջիկստանի հակակոռուպցիոն հանձնաժողովը։ Ճիշտ է, 2020-ին նրա տարիքը բավարար չի լինի՝ նախագահ ընտրվելու համար, սակայն խոսում են, որ առաջիկայում երկրի սահմանադրությունը կրկին համապատասխան փոփոխությունների կենթարկվի։
Տաջիկներին այդ գաղափարը չի ոգևորում, բայց կհամակերպվեն։ Որովհետև դրա այլընտրանքը կամ քաղաքացիական պատերազմն է, կամ՝ իսլամական պետությունը։ Համենայնդեպս, մարդկանց մեջ այդ միտքն արմատավորվել է։
Հասնում ենք ռեստորան։ Տեսքը լավն է, ներսի պատկերազարդումն ու սյուները հիշեցնում են քիչ առաջ այցելած շքեղ համալիրը։ Անկախ քեզնից՝ սպասում ես, որ այստեղ էլ պատին կտեսնես երկրի նախագահի նկարը։ Ու չես սխալվում։ Ճիշտ է, խճանկար չէ, սակայն նույն մեծությամբ պաստառ է։
Մյուս զարմանքը, ի դեպ, քեզ մատուցում է վրացին, որը դրսում նյարդայնացած ծխում է։ Հարցնում ես՝ ի՞նչ է եղել։ Պարզվում է՝ մարդը ցանկացել է գնալ զուգարան, ու պարզվել է՝ այն վճարովի է։ Բարձրակարգ ռեստորանի զուգարանը՝ վճարովի։ Հասկանում ես՝ լավ օրից չէ, որ այդպես է։ Տաջիկստանն իրոք լուրջ խնդիրներ ունի։
Տաջիկները հյուրասեր ու բարի ժողովուրդ են։ Ամեն ինչ զգում են ու նկատում, շատ բաներ իրենց էլ ակնհայտ դուր չի գալիս, սակայն արտահայտվելիս շատ զգուշավոր են։ Փորձում են ամեն ինչ անել՝ հյուրին գոհացնելու համար։ Զրուցում են ու կիսվում։ Իմանալով, որ Հայաստանից ես՝ փորձում են նմանություններ գտնել, հիմնականում՝ խնդիրների առումով։
Օրինակ, որ Տաջիկստանն էլ Հայաստանի նման՝ ելք չունի դեպի ծով, ռելիեֆը բարդ է (տարածքի մեծ մասը լեռներ են), բնական ռեսուրսներով հարուստ չէ, և երկրի եկամտի հիմնական աղբյուրը միգրանտների ուղարկած դրամական փոխանցումներն են։ Մոտ 2 մլն տաջիկներ աշխատում են Ռուսաստանում, և այդ երկրի տնտեսական դժվարությունների պատճառով՝ դրամական փոխանցումները նվազել են։
Լուրջ արդյունաբերություն այստեղ չկա. արտահանման ողնաշարն ալյումինն է և բամբակը։ Երկիրը խնդիրներ ունի հարևան Ուզբեկստանի հետ, որի պատճառով բնական գազ չի կարողանում ստանալ։ Էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրը հէկ-երն են։ Լրացուցիչ գլխացավանք է նաև Աֆղանստանի հետ մոտ 1000 կմ ընդհանուր սահմանը, որտեղից ոչ միայն մեծ քանակությամբ թմրանյութ է մտնում երկիր, այլև մեծ է ահաբեկչության ռիսկը։ Այդ երկրում նույնպես ռուսական ռազմական բազա կա։
Տրանսպորտային լուրջ խնդիրներ կան։ Տաջիկստանում խոսում են զբոսաշրջային պոտենցիալից, սակայն անգամ հարևան միջինասիական երկրներից ուղիղ չվերթ չկա դեպի Դուշանբե։ Դժվարություններն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փորձում են պայմանավորել օբյեկտիվ հանգամանքներով, արտաքին գործոններով։
Սակայն իրենք էլ հասկանում են, որ խնդիրների գլխավոր պատճառն ուրիշ տեղ է։
Տաջիկստանը, թերևս, լավագույն օրինակներից մեկն է, թե ժողովրդավարության ու օրենքի իշխանության բացակայությունն ինչ տնտեսական հետևանքներ է ունենում։ Մեկն արդեն նշեցինք. աղքատ երկրում մի քանի հարյուր միլիոն դոլար կարող է ծախսվել ինչ-որ անիմաստ շքեղություն կառուցելու համար, որը կշոյի ազգի առաջնորդի ինքնասիրությունը։
Նման երկրներ այցելելը մտածող մարդու վրա երկու ազդեցություն է ունենում։ Առաջինն այն է, որ գիտակցում ես՝ չնայած դժվարություններին ու թերություններին, Հայաստանը շատ առումներով ավելի առաջ է, քան տարածաշրջանի երկրների մեծ մասը։ Թե՛ կոռուպցիայի մակարդակով, թե՛ գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ, թե՛ տնտեսական ազատությունների աստիճանով, թե՛ ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների վիճակով Հայաստանն անհամեմատ ավելի բարենպաստ վիճակում է։
Մյուս կողմից՝ սա տագնապի ազդանշանի պես բան է, որը ցույց է տալիս, որ տնտեսությանը (և ընդհանրապես երկրին) սպառնացող ամենամեծ վտանգը ոչ թե բնական ռեսուրսների անբավարարությունն է, այլ «ազգի առաջնորդ» ունենալն ու ամեն քայլափոխի նրա նկարին հանդիպելը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։