
Պետք է հնչեցվեն Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերը և ժողովրդին ոտքի հանեն. Գրիգոր Գրիգորյան

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանի դիտարկմամբ, Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության սկսած արշավն ադրբեջանա-թուրքա-իսրայելական ծրագիր է, հատկապես, եթե հաշվի ենք առնում նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին պատկանող ունեցվածքի նկատմամբ իսրայելական հավակնությունները: Այսինքն, ամեն մեկն իր խնդիրն է սրանով փորձում լուծել:
Թե ինչ հանգուցալուծում սպասել, 168.am-ի հետ զրուցում պահեստազորի գնդապետը նշեց.
«Հանգուցալուծումը պետք է լինի ժողովրդի ոտքի կանգնելը, իշխանափոխությունը և նոր իշխանություն ընտրելը: Իսկ ժողովուրդը, իհարկե, ինքն իրենով չի կարող ոտքի կանգնել: Կոնկրետ դեպքում ես զարմանում եմ Եկեղեցու, այսպես ասած, մեղմ արձագանքի վրա: Իմ կարծիքով, Վեհափառն արդեն պիտի հրավիրած լիներ համաշխարհային հոգևոր դասի ժողով, և որոշեին Հայաստանի փրկության ուղին: Պետք է հնչեցվեին Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերը և ժողովրդին ոտքի հանեին:
Եթե դա չի արվում, արված հայտարարությունները զրո արդյունավետություն ունեն այսօրվա իրավիճակում:
Իսկ Եկեղեցու դեմ իշխանությունների այս գործողությունը վաղուց սպասելի էր, մի քանի տարի առաջ նմանատիպ գործողություններ իրականացրեցին, բայց քանի որ այն ժամանակ իշխանափոխությունից հետո այլ խնդիրներ ուներ լուծելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, դադարեցրին այդ գործողությունները ժամանակավոր: Ուստի, կրկնում եմ, այսօր տեղի ունեցողը սպասելի էր, որ Եկեղեցու դեմ նման պայքար իրականացվելու էր»:
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահն անդրադարձավ նաև Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին և պատերազմի հավանականությանը:
Ըստ նրա, այսօր լայնամասշտաբ պատերազմական գործողությունները հավանական չեն:
«Մեծ ծավալի գործողություններ չեն լինի այսօրվա դրությամբ, բայց չի բացառվում, որ փոքր ու միջին սադրանքներ լինեն տարբեր ուղղություններով՝ որպես շեղող մանյովր, որի ընթացքում կարող է Ադրբեջանը մի քանի մետր էլ՝ 50-100 մետր, ասենք, հող գրավի նորից»,- շեշտեց Գրիգորյանը՝ հավելելով, որ Տիգրանաշենի հարցը փակված չէ ադրբեջանական կողմի համար: