Բաժիններ՝

«Խորհրդանշական կերպով ազգությամբ հայերը եղան այն երկու մարդիկ, որոնցից մեկը ժամանակին խրախուսել է Սթիվեն Հոքինգին ու բերել դեպի գիտություն, և այն մարդը, ով սահմանեց իր անվան միջազգային մեդալը». Գարիկ Իսրաելյան

Բրիտանացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգն օրերս հրապարակել է այն մարդու անունը, ում շնորհիվ դեռևս փոքր հասակում հետաքրքրություն է դրսևորել գիտության նկատմամբ: Պարզվում է՝ հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգի ուսուցիչը բրիտանահայ մաթեմատիկոս Տիգրան Թահթան է, ով Սբ. Ալբանսի դպրոցում մաթեմատիկա է դասավանդել Հոքինգին: Տիգրան Թահթայի կենսագրությունից հայտնի է, որ նրա ծնողները փրկվել էին Հայոց ցեղասպանությունից և բնակություն հաստատել Մանչեսթերում:

Այս մասին առավել մանրամասներ ստանալու նպատակով 168.am-ը հեռախոսազրույց ունեցավ Իսպանիայում՝ Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, «STARMUS» միջազգային փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրաելյանի հետ: Մեզ հետ զրույցում վերջինս պատմեց, որ դեռևս 2015թ. դեկտեմբերին, երբ Լոնդոնում տեղի ունեցավ Սթիվեն Հոքինգի անվան մեդալի շնորհանդեսը, անվանի գիտնականն իրեն արդեն ասել էր, որ գիտության նկատմամբ հետաքրքրության և իր հաջողությունների համար նա պարտական է Տիգրան Թահթային: Սթիվեն Հոքինգը Գարիկ Իսրաելյանին պատմել է նաև մի քանի տարի առաջ իրեն այցելած Տիգրան Թահթայի դստեր հետ հանդիպման մանրամասների մասին:

– Շատ հետաքրքիր է, որ Սթիվեն Հոքինգն այս մասին հենց հիմա բարձրաձայնեց: Ինձ թվում է՝ դա պայմանավորված է միջազգային մրցանակով, որը կրում է «Լավագույն ուսուցիչ» («Global Teacher Prize») անունը և 1 մլն դոլար է սահմանում այդ կոչմանն արժանացած լավագույն ուսուցչի համար: Սա անգլիական կողմի նախաձեռնություն է, որը վերջին տարիներին է նախաձեռնել այս միջազգային մրցանակը: Ընդ որում, «Լավագույն ուսուցչի» մրցանակին հավակնում են ուսուցիչներ աշխարհի ամենատարբեր երկրներից՝ Հնդկաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլն: Հետաքրքիր է այն, որ Սթիվեն Հոքինգը ներգրավված է «Լավագույն ուսուցիչ» («Global Teacher Prize») մրցանակի կազմակերպչական կոմիտեի աշխատանքներում, և պարզ է, որ իր պատասխանը ևս կցանկանային իմանալ՝ «Լավագույն ուսուցիչ» անվանակարգում արժանի ուսուցիչներ ներկայացնելու առիթով: Այս կապակցությամբ էր պայմանավորված Հոքինգի ելույթը՝ «Global Teacher Prize» մրցանակաբաշխության արդյունքների հրապարակմանը նվիրված ուղերձում:

– Փաստորեն, կարելի է ասել, որ սա հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգի հատուկ ժեստն էր՝ ուղղված իր ուսուցչին:

– Իհա՛րկե: Հոքինգն իր այդ ելույթում նշեց, որ առանց Տիգրան Թահթայի՝ ինքը ոչնչի չէր հասնի: Ի դեպ, այդ ելույթում պատմել ու բացահայտել է այնպիսի մանրամասներ, որոնց մասին ինքը երբեք չէր ասել: Ի վերջո, հայտնի փաստ է, և ինքը՝ Հոքինգը, չի թաքցնում, որ դպրոցական տարիներին միջին որակի սովորող աշակերտ է եղել՝ բացարձակ հետաքրքրված չլինելով գիտությամբ: Այդ մարդն է ոգեշնչել է նրան՝ բերելով դեպի գիտություն: Նրանք միասին են ստեղծել Հոքինգի առաջին համակարգիչը, և ուսուցիչներից նա միակն էր, ում հետ նրանք հաջողեցին իրենց այդ փորձը: Ինձ թվում է, որ Հոքինգը վերջին տարիներին այս մասին սկսեց բարձրաձայնել և գիտությունների հանրահռչակման ուղղությամբ իր ուշադրությունը սևեռել՝ հատկապես «STARMUS»-ի շնորհիվ: Ինքը մինչ դա այսպիսի որևէ փառատոնի չէր մասնակցել:

– Պարոն Իսրաելյան, այս առիթով չեմ կարող չհարցնել, թե ինչպե՞ս ստացվեց, որ աշխարհահռչակ Սթիվեն Հոքինգը համաձայնեց լինել «STARMUS» միջազգային փառատոնի խորհրդի անդամ:

– Երբ մենք նրան պատմեցինք մեր նպատակների մասին, և, երբ նա առաջին անգամ եկավ ու տեսավ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այս փառատոնը, համաձայնեց: Նա նաև համաձայնեց, որ ժամանակակից աշխարհում գիտության հանրահռչակման դերը պետք է անպայման բարձրացնել: Ընդ որում, Հոքինգն այն գիտնականն է, ում հեղինակած գիրքը՝ «A Brief History of Time»-ը, որ պրոպագանդում էր գիտության արժեքը, ամենամեծ թվով վաճառքի արդյունքներ է գրանցել՝ ավելի քան 10 մլն օրինակ: Սա իրական ռեկորդ էր, որովհետև դեռ ոչ մի գիտնական նմանօրինակ գիրք և այն էլ՝ այդպիսի թվով, չի վաճառել: Ամենահետաքրքիրն այն է, որ երբ 1980-ականներին ինքն այս գիրքը ներկայացրեց տպագրության, Քեմբրիջի համալսարանը դեմ էր արտահայտվել: Այնտեղ եզրակացրել էին, թե ուղղակի անմտություն է, որ լուրջ գիտնականը փորձեր անի զբաղվելու նաև գիտության հանրահռչակմամբ, և այդ սխալ ընկալումը, ցավոք, մինչև հիմա էլ առկա է: Շատերը կարծում են, որ, եթե դու լուրջ գիտնական ես, ապա պետք է զբաղվես բացառապես միայն գիտությամբ, և ոչ՝ դրա հանրահռչակմամբ: Սա կոչվում է Կարլ Սագանի էֆեկտ: Այդ մարդը՝ Կարլ Սագանը, լուրջ գիտնական էր՝ բիոքիմիկոս, ով աշխարհում ճանաչվեց նաև իր գրած գիտահանրամատչելի գրքերի և մրցանակ ստացած 1980 թվականի հեռուստասերիալի՝ «Կոսմոս. անձնական թռիչք» (անգլ՝ Cosmos։ A Personal Voyage) շնորհիվ, որը դիտել է 500 միլիոնից ավելի մարդ՝ աշխարհի ավելի քան 60 տարբեր երկրներում։ Սերիալի հետ գիրքը հրատարակել է նույն անվամբ՝ «Կոսմոս»։ Շատ հետաքրքիր է, որ նույն Հոքինգին շատ մեծ ճանաչում և հեղինակություն բերեց հենց այդ գիրքը՝ «A Brief History of Time»-ը, որովհետև նա, անկասկած, հզոր գիտնական էր, բայց իր գիտական նվաճումներով հայտնի էր միայն նեղ մասնագիտական շրջանակներում:

Բոլորն էլ հասկանում են, որ գիտության մասին գրելու արվեստի մեջ (թե որքան պարզ կարելի է ներկայացնել գիտությունը) Սթիվեն Հոքինգը մնում է դեռևս չգերազանցված: Չնայած, որ գիտության հանրահռչակման վերաբերյալ գրող գիտնականներ էլի կան և վատ չեն գրում, նույնիսկ ես կասեի՝ գրում են արտակարգ, և դա պետք է խրախուսվի: Իսկ եթե այս աշխատանքը չարվի, այն էլ՝ խիստ հետևողականորեն, ապա պարզից էլ պարզ է, որ մարդիկ հետ են գնալու քարե դար, մտնեն իրենց քարանձավներն ու մոմեր վառած պատերին փորագրություններ անեն:

Garik-Hawking1

– Փաստորեն, Ձեր կողմից ստեղծված փառատոնի շրջանակներում ներկայացվող Սթիվեն Հոքինգի անվան մեդալը հենց այդ առաքելությունն ունի՝ խրախուսելու այդպիսի մարդկանց, և ոչ միայն՝ գիտության բնագավառից:

– Այո: Պետք է կոտրել այն ընդունված կարծրատիպերը, թե գիտնականներն իրենց լաբորատորիաներում փակված՝ ինչ-որ բաներ են անում, որոնք ոչ մեկը չի հասկանում:

Մամուլում լուրեր եղան այն մասին, որ տարիներ առաջ Սթիվեն Հոքինգին այցելել է իր ուսուցիչ Տիգրան Թահթայի դուստրը: Ի՞նչ բնույթի այցելություն է եղել դա:

– Այո, եղել է: Այդ այցելությունը հատուկ նպատակներով չի եղել: Դա պարզապես եղել է հարգանքի տուրք՝ Սթիվեն Հոքինգի նկատմամբ: Ինձ թվում է՝ այդ հանդիպումը նաև նպաստել է, որ Հոքինգը սկսի բարձրաձայնել իր ուսուցչի մասին: Մի զարմանալի բան պատահեց, երբ ես առաջին անգամ այցելեցի Հոքինգին: Իմ այդ այցելությունից առաջ ես էլ չգիտեի, թե ո՞վ է եղել իր ուսուցիչը, առավել ևս, որ նա ազգությամբ հայ է եղել: Մեր հանդիպումից առաջ ինձ ասացին այդ մասին: Երբ ես առաջին անգամ հանդիպեցի Հոքինգի հետ, նա հարցրեց, թե ես ո՞ր ազգի ներկայացուցիչ եմ, և ասելով, որ հայ եմ, ավելացրեցի՝ իսկ գիտե՞ք, որ Ձեր ուսուցիչը ևս հայ է եղել: Ինքը, իհարկե, գիտեր այդ մասին և շատ սիրալիր ասաց, որ իհա՛րկե գիտի, բայց հետաքրքիրն այն եղավ, որ հիմա շատ խորհրդանշական կերպով հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ազգությամբ հայերը եղան այն երկու մարդիկ, որոնցից մեկը ժամանակին խրախուսել է Սթիվեն Հոքինգին ու բերել դեպի գիտություն, և այն մարդը, ով սահմանեց իր անվան միջազգային մեդալը:

Հիշեցնենք, որ Գարիկ Իսրաելյանը Կանարյան կղզիներում անցկացվող «Starmus» («Սթարմուս») գիտական փառատոնի հիմնադիրն է: «Starmus» փառատոնի կազմխորհրդի անդամներն են` տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը (Ռուսաստան), աստղաֆիզիկոս, «Queen» խմբի կիթառահար, Լիվերպուլի Ջոն Մուրի անվ. համալսարանի ռեկտոր Բրայան Մեյը (Մեծ Բրիտանիա), Կանարյան կղզիներում Աստղաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ֆրանցիսկո Սանչեսը (Իսպանիա), Միջազգային աստղագիտական միության (IAU) նախագահ Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ) և Գարիկ Իսրաելյանը:

Տեղեկացնենք, որ 2016թ. հունիսի 27-ից մինչև հուլիսի 2-ը Տեներիֆե կղզում կայանալիք «Starmus» երրորդ փառատոնին մասնակցելու են Նոբելյան մրցանակի մեկ տասնյակից ավելի դափնեկիրներ: Երրորդ «Սթարմուս» փառատոնը կունենա «Հորիզոնից այն կողմ` հարգանքի տուրք Սթիվեն Հոքինգին» խորագիրը, որը հարգանքի տուրք կմատուցի բոլոր ժամանակների ամենահայտնի բրիտանացի աստղաֆիզիկոսին և կհաստատի, որ «Սթարմուս» փառատոնն աշխարհի ամենահավակնոտ գիտական փառատոնն է, որը կրկին Տեներիֆեում կհամախմբի գիտության, կրթության և տիեզերական հետազոտությունների լավագույն մասնագետներին: Մինչ այդ փառատոներին մասնակցել են ամերիկացի լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը (Neil Alden Armstrong), աշխարհահռչակ տիեզերագնացներ, գիտնականներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, երաժիշտներ, ֆիզիկոսներ, կենսաբաններ և այլք: Զեկույցներով հանդես են եկել 1965թ. բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, «Ապոլոն-8» տիեզերանավի տիեզերագնաց Բիլ Անդերսը (Bill Anders), ով 1968թ. դեպի Լուսին թռիչքին մասնակցեց, Չառլի Դյուկը (Charlie Duke)` «Ապոլոն-16»-ից, Ջիմ Լովելը (Jim Lovell)` «Ապոլոն-13» տիեզերանավի հրամանատարը, ում շատերը հիշում են 1970թ. թռիչքից` իր հայտնի արտահայտությամբ` «Հյուսթոն, մենք խնդիր ունենք», որը նա ասաց ուժգին պայթյունից հետո: Այնտեղ էր Վիկտոր Գորբատկոն, Յուրի Բատուրինը, Ջորջ Սմիթը (George Elwood Smith), Կիպ Տորնը (Kip Thorne), Ռոբեր Ուիլյամսը (Robert Williams), Ջեկ Շոստակը (Jack Szostak), Ջիլլ Թարթերը (Jill Tarter), Միշել Մայորը (Michel Mayor), Բրայան Մեյը (Brian May), Սամի Սոլանկին (Sami Solanki), Ռոբերտ Ուիլսոնը (Robert Wilson), Ադամ Բարրոուզը (Adam Burrows), Ջորջ Սմութը (George Smoot), Լեսլի Սեյջը (Leslie Sage), Ջոզեֆ Սիլքը (Joseph Silk) և շատ-շատերը:

Լուսանկարը՝ Starmus-ի՝ հատուկ 168.am-ի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս