Ռուս պաշտոնյաները հրաժարվեցին մեկնաբանել զենքի մասին սկանդալային հրապարակումները. Երևանում կայացավ ՀԱՊԿ ԽՎ նիստը
Այսօր Երևանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի և ՀԱՊԿ անդամ երկրներից պատգամավորների, պատվիրակների մասնակցությամբ: Լրագրողները հնարավորություն ունեցան մի քանի րոպե ներկա լինել նիստի մեկնարկին, ապա լսել Շարմազանովի և Նարիշկինի ամփոփիչ հայտարարությունը, որով նրանք հանդես եկան նիստի ավարտից հետո: Լրագրողներին նույնիսկ հնարավորություն չտրվեց քննարկել ինչ-ինչ հարցեր Հայաստան ժամանած ռուս պաշտոնյայի հետ: Հրաժարվեցին հարցերի պատասխանել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Այնուամենայնիվ, Նարիշկինի ելույթը Երևանում անցկացված նիստի օրակարգի ու ՀԱՊԿ-ի հետագա անելիքների մասին էր: Նա նշեց, որ այսօրվա քննարկումների կենտրոնում է եղել հարցը՝ ՀԱՊԿ գործունեությունն ընդդեմ ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքների, քանի որ, ըստ նրա, ներկայումս հիմնական սպառնալիքները գալիս են Մերձավոր Արևելքի տարածաշրջանից և ահաբեկչական խմբավորումներից, որոնք գործում են Սիրիայում և մեծ պայթյունավտանգ տարածաշրջանում:
«ԻՊ-ը ոչնչացնում է մարդկանց, համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտները և փորձում է իրեն վերագրել կրոններից մեկը` Իսլամը, այնինչ Իսլամի հետ որևէ առնչություն չունի: Այս հարցերն էին այսօր մեր ուշադրության կենտրոնում: Ստեղծվել է բավարար նորմատիվային բազա ՀԱՊԿ գործունեության համար՝ ընդդեմ ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքների, այսօր մենք մանրամասն տեղեկատվություն լսեցինք այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից՝ այն միջոցների մասին, որոնք կան ՀԱՊԿ տրամադրության տակ»,- ասաց Նարիշկինը:
Նիստի արդյունքներն ամփոփեց Էդուարդ Շարմազանովը ևս:
Հիշեցնենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը։
Այս տարի՝ 2016 թվականին, ՀԱՊԿ-ը նախագահում է Հայաստանը, բայց անցած տարեվերջին անսպասելիորեն որոշվեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ չի նշանակվի, այդ պաշտոնում մեկ տարի ևս կշարունակի մնալ Նիկոլայ Բորդյուժան։