Բաժիններ՝

«Կրթության ոլորտի ուղղությամբ շատ մեծ լոբբինգ է գնում, ընդ որում՝ տարբեր ուղղություններով». Լևոն Մկրտչյան

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ոլորտի հիմնական խնդիրներին և ներկայացնելով սեփական հայեցակարգերը, խոսեց նաև առկա ձեռքբերումների մասին:

Ըստ Լևոն Մկրտչյանի՝ ոլորտի կարևոր ձեռքբերումն այն է, որ ունենք կրթության կառուցվածք և կրթության շղթա. «Իհարկե, եղել են դժվարություններ կամ համակարգային փոփոխությունների հետ կապված բարդություններ, անցել ենք բավականին բարդ փուլերով և, այս ամենով հանդերձ՝ հնարավոր չէր պահպանել կրթության որակը: Կրթության որակի և բովանդակության իմաստով մենք ունեցել ենք առաջընթաց քայլեր, բայց հասարակության մեջ կրթական համակարգից դժգոհությունները կայանում էին նրանում, որ մենք չունեինք փորձ: Օրինակ, երբ բողոքներ էին հնչում դասագրքերի բովանդակության հետ կապված, ապա պետք է հաշվի առնել, որ մենք դասագրքային ստեղծման փորձ, որպես այդպիսին, Խորհրդային Հայաստանում չենք ունեցել: Դասագրքերը տպագրվում էին Մոսկվայում, և ունենալ այդպիսի լուրջ ինստիտուտ՝ ժամանակատար գործընթաց էր: Հիմա արդեն այդ պրոցեսը գալիս, ընկում է իր տեղը, և ես համոզված եմ՝ ձեռքբերումները դեռ առջևում են»:

Խոսելով կրթական ոլորտում ֆինանսավորման համաչափության խնդրի մասին՝ նախարարը մտահոգություն հայտնեց. «Կրթության նախարարությունը, իմ պատկերացմամբ, կոպիտ ասած՝ պահակն է կրթության համակարգի, որովհետև կրթության ոլորտի ուղղությամբ շատ մեծ լոբբինգ է գնում, ընդ որում՝ տարբեր ուղղություններով՝ հասարակության, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, մանկավարժական, կրթական ծառայություններ մատուցող տարբեր միությունների, իշխանությունների կողմից: Բոլոր ուղղություններով մեր ուղղությամբ տարվում է բավականին մեծ ճնշում, և դա բնական է, որովհետև աշխարհի տարբեր երկրներում այդպես է: Մենք պետք է կարողանանք այդ ազդեցությունները հավասարակշռել, իսկ այս հարցը լուծելու համար պետք է նախ՝ հասկանանք, թե մեր երկիրն իր առջև ի՞նչ խնդիր է դնում»:

Նախարարը հորդորում է ուշադրությամբ ուսումնասիրել դպրոցական ծրագրերը՝ հայտնաբերելու համար հետևյալ պատկերը. «Տարիների ընթացքում որ առարկայախմբերի կամ ուղղությունների վրա ուժեղ լոբբինգ է իրականացվել՝ բնապահպանությունը, քաղաքացիական կրթությունը, ունեն ուժեղ հենարան և ֆինանսավորում: Մեկ այլ ուղղություն՝ ազգային ուղղությունը, հովանավորվում է պետության կողմից՝ հայոց լեզու, հայոց պատմություն և այլն: Հետևաբար՝ փորձը ցույց է տալիս, որ այն ուղղությունը, որ ունեցել է պաշտպանված դաշտ, մտել է ծրագրերի շրջանակ և հաջողություններ է գրանցել: Հակադարձելով այս պատկերին՝ առաջարկում եմ նայել, թե ինչ վիճակում է բնագիտությունը մեր 9-ամյա կրթության և ավագ դպրոցներում, կբացահայտեք շատ կարևոր ու մեծ հիմնախնդիր: Մենք ամենամեծ պոտենցիալն ենք ունեցել այդ ոլորտում և պարտավոր ենք դա պահպանել, որովհետև մեր առջև ծառացած մարտահրավերները շատ լուրջ են, հակառակ դեպքում՝ մենք աստիճանաբար մեր դպրոցներում կկորցնենք բնագիտական շերտը»:

Ասուլիսի ավարտին նախարարը հույս հայտնեց, որ հասարակական բնույթի քննարկումներն ու լրագրողների հետ հանդիպումներն ավանդական բնույթ կկրեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս