ԱՄՀ-ն նախազգուշացնում է համաշխարհային տնտեսության փլուզման մասին
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախազգուշացնում է աշխարհում «տնտեսության փլուզման աճող ռիսկերի մասին», գրում է Financial Times-ը:
ԱՄՀ տնօրենի առաջին տեղակալ Դևիդ Լիփթոնը, ելույթ ունենալով Բիզնեսի էկոնոմիկայի ազգային ասոցիացիայի նիստում, հայտարարել է, որ գլոբալ տնտեսությունը գտնվում է «իսկապես դժվար վիճակում»:
Նա նշել է, որ համաշխարհային քաղաքական գործիչներին հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան տնտեսական աճի դանդաղման ու նոր մարտահրավերների, որոնք ստեղծվում են հումքային ու ֆինանսական շուկաների տատանումների հետևանքով:
Գործոնների թվում, որոնք առաջացնում են տատանումներ, նշվում է «կապիտալի և առևտրի հոսքերի կտրուկ կրճատումը» վերջին տարում, նշել է Լիփթոնը:
Այդ մտավախություններն իրենց հաստատումն են գտել նաև Չինաստանի վիճակագրական տվյալներում, որոնք հրապարակվել են նախօրեին: Համաձայն տվյալների՝ չինական արտահանման ծավալը 2016թ. փետրվարին փլուզվել է 25,4%-ով՝ հունվարյան 11,2% նվազումից հետո՝ ցուցադրելով 2009-ից ի վեր ամենազգալի անկումը:
Լիփթոնի խոսքով՝ համաշխարհային տնտեսությունը հասել է այն կետին, երբ նոր անկումը կարող է իրական դառնալ, եթե պետությունները միջոցառումներ չձեռնարկեն պահանջարկի խթանման համար: