«Գործող նախագահն ամրապնդում է իր դիրքերը». Արմեն Բադալյան

Շրջանառվող տեսակետների համաձայն՝ կադրային փոփոխություններ անելով՝ Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է իր հեռանալուն: Սակայն քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը համամիտ չէ այս գնահատականների հետ: Ըստ նրա՝ կադրային փոփոխություններ անելով՝ գործող նախագահն ամրապնդում է 2017-18թթ. քաղաքական դաշտում մնալու և քաղաքական կարիերա անելու իր դիրքերը:

«Գործող նախագահն ինքը դեկտեմբերի 6-ից առաջ իր հարցազրույցում նշել է, որ 2017-18թթ. քաղաքական գործընթացների ու դրանցում իր դերի մասին ինքն առավել մանրամասն կասի 2017թ., բայց հարցազրույցի ժամանակ նա անուղղակի նշեց, որ հավանական է՝ կմնա ու կշարունակի Հայաստանը ղեկավարել՝ արդեն վարչապետի պաշտոնում: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա հատկապես կառավարության կառուցվածքային փոփոխությունները ցույց են տալիս, որ նախագահն իր դիրքերն ամրապնդում է պետական կառավարման համակարգում, և թուլացնում վարչապետի դիրքերը: Գործող վարչապետն էլ մի քանի անգամ հարցազրույցներում նշել է, որ ինքը կցանկանա 2017-18թթ. հետո էլ մնալ և զբաղեցնել բարձր պաշտոն, իսկ սահմանադրական փոփոխություններից հետո այդ բարձր պաշտոնը վարչապետի պաշտոնն է: Այսինքն՝ և՛ նախագահը, և՛ վարչապետն իրենց հարցազրույցներում անուղղակի, որոշ դեպքերում նաև՝ ուղղակի, հայտնել են, որ ցանկություն ունեն իրենց քաղաքական կարիերան շարունակել և որպես վարչապետ մնալ, բայց քանի որ պաշտոնը մեկն է, երկուսից մեկը պետք է մնա և իր գործունեությունն իրականացնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ հիմա մենք տեսնում ենք նախագահի գործունեությունը, բայց չենք տեսնում վարչապետի գործունեությունը. «Մասնավորապես, հենց կադրային փոփոխությունները եթե երկու մասի բաժանենք, կտեսնենք, որ առաջին մասով գործող նախագահը դաշնակներին, որոնք ընդամենը 5 պատգամավոր ունեն ԱԺ-ում, տվեց բավականին ազդեցիկ լծակներ՝ Տարածքային կառավարման նախարարություն ու Կրթության և գիտության նախարարություն, իհարկե, նաև Էկոնոմիկայի նախարարությունը, բայց վարչական ռեսուրսի տեսակետից կարևոր են Տարածքայինն ու Կրթության և գիտության նախարարությունները, ինչպես նաև՝ 2 մարզպետ, ինչը հնարավորություն է տալիս դաշնակներին՝ 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իհարկե, նախագահի թույլտվությամբ և նախագահի գիտությամբ, նկարել իրենց համար անհրաժեշտ տոկոս՝ խորհրդարանում հայտնվելու համար:

Այդ նախարարներն իրենց պաշտոնները գործող նախագահից են ստացել ու փաստացի ենթարկվում և ենթարկվելու են գործող նախագահին: Այսինքն՝ մի քանի նախարարությունները վարչապետի փաստացի վերահսկողությունից դուրս են: Եվ, փաստորեն, կառավարությունում այսօր նախագահն ունի նաև իր թիմակիցներին ու դաշնակ նախարարներին, որոնք իրեն են ենթարկվում, և ոչ՝ վարչապետին: Սա վարչապետի դիրքերի թուլացում ու նախագահի դիրքերի ամրապնդում է նշանակում»:

Ա. Բադալյանը եզրակացնում է՝ նախագահի կողմից իրականացված կադրային և կառուցվածքային փոփոխությունները ցույց են տալիս, որ նախագահն իր դիրքերն ամրապնդում է, իսկ ըստ նրա՝ ցանկացած գործիչ իր դիրքերն ամրապնդում է միայն այն ժամանակ, երբ հետագա քաղաքական նպատակներ ունի:

Տեսանյութեր

Լրահոս