«Մեր երկրում սեռային տարբերակում պետք չէ, հարկավոր է լինել որոշակի կլանի ներկայացուցիչ»
«Գարուն» հանդեսի խմբագիր Կարինե Խոդիկյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ տոնը քեզ հետ, քո մեջ պետք է լինի. «Մարդ, ով հաշտ է ինքն իր հետ, սովորական օրից էլ է տոն սարքում: Սա լավ առիթ է հավաքվելու մի սեղանի շուրջ: Իսկ կանանց իրավունքների պաշտպանությունը հենց իրենց ձեռքում է: Որքան կանայք փորձեն հասարակության մեջ իրենց խոսքը լսելի դարձնել, այդքան Մարտի 8-ը կդառնա անիմաստ: Մեր երկրի հնարավորություններն այնպիսին են, որ մեր երկրում սեռային տարբերակում պետք չի, հարկավոր է լինել որոշակի կլանի ներկայացուցիչ: Մեր երկրում բոլորս հավասար ենք, բայց ոմանք ավելի քան հավասար են: Միակ բանն առաջ գնալու համար, համառության հետ, պրոֆեսիոնալիզմն է»
Նրա խոսքով՝ մեր երիտասարդները գտնվում են երկակի հուսահատության եզրին. «Ավարտում են բուհը ու չեն կարողանում իրենց գտնել, նրանք ասում են՝ լավ, մենք որոշակի գիտելիք ստացել ենք, առաջ գնալ ենք ուզում, ու առաջ գնալու ճանապարհը կտրված է: Ես չգիտեմ՝ ինչ-որ բան կփոխվի՞ մեր երկրում: Նույնիսկ ամենաամբիցիոզ ղեկավարի համար միշտ ձեռնտու է ունենալ բանիմաց, պրոֆեսիոնալ աշխատող»:
Քաղաքական մեկնաբան Կարմեն Դավթյանն էլ ասաց, որ ընդվզում է այս տոնի դեմ, որովհետև ըստ նրա՝ ունենք ավելի գեղեցիկ տոն՝ Ապրիլի յոթը. «Ես չեմ ուզում որ այս օրը լինի տոն, այս տոնն արվում է պոպուլիզմի համար: Ե՛վ Ռոզան, և՛ Կլարան ահավոր բարդույթներ ունեցող տիկիններ էին, մենք Եվայի հետ կերել ենք այդ խնձորը, բերել ենք այդ կոմպլեքսը, բայց Մարիամի հետ կարող ենք բարձրանալ»:
Նա նշեց, որ պամությունը կերտում ու գրում են տղամարդիկ. «Հասարակությունն իր մեջ ներքաշում է նրանց, ովքեր ավելի ակտիվ են: Կանացի ճշգրիտ էներգետիկան չի կիրառվում, դրա համար դժվար է բոլորին, նորմալ մտածող, կարգին մարդկանց համար այսօր շատ դժվար է: Այսօր մենք՝ կանայքս էլ, այդ ակտիվության մեջ չենք ու չենք կարողանում ձևավորել այդ առաջարկը: Իներցիան գնում է, ու մենք ստիպված ընտելանում ենք դրան: Այսօր Աֆրոդիտե կանանց ժամանակաշրջան է, նրանք ծաղկուն, գեղեցիկ, հետաքրքիր, սեքսուալ են: Այդպես իրենք իրենց էներգիան կիրառելով՝ գնում են առաջ: Իսկ Հերայի նման կանայք հիմա քիչ են»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ կարծում է, որ Հայաստանում շատ մեծ պրոբլեմ կա կանանց և տղամարդկանց մեջ: «Դա ոչ պրոֆեսիոնալ լինելով՝ մեծ ամբիցիաներ ունենալն է: Տղամարդիկ մեղադրում են կանանց, և՝ հակառակը: Գտնում եմ, որ պրոֆեսիոնալիզմն այն դաշտն է, որտեղ կանայք և տղամարդիկ կարող են լինել հավասար»: