Նողկալի է տեսնել, թե ինչպես է ԵՄ-ն խոնարհվում Էրդողանի առաջ. Guardian
Եվրոպացի առաջնորդների տեսքը, ովքեր խոնարհվում էին Թուրքիայի նախագահի առաջ ԵՄ-Թուրքիա գագագաթաժողովի ժամանակ, զզվելի էր, գրում է բրիտանական Guardian պարբերականի տեսաբան Փոլ Մեյսոնը:
Եվրամիությունը միգրացիոն ճգնաժամի օգնություն է որոնում երկրի մոտ, որտեղ ավելի շատ է ուժեղանում բռնապետությունն ու գրաքննությունը: Թուրքիան պատերազմ է վարում էթնիկ փոքրամասնության դեմ, ոստիկանական հատուկ նշանակության ջոկատը գրոհում է ընդդիմադիր Zaman թերթի գրասենյակը, նրա գաղտնի ծառայությունները մեղադրվում են ԴԱԻՇ-ին սպառազինություններ ուղարկելու մեջ, նրա զինծառայողները խոցում են ռուսական ռմբակոծիչը ու, չնայած դրան, Անկարան հաշվարկում է դառնալ Եվրամիության անդամ, գրում է Guardian-ը:
Դեռևս 3 տարի առաջ թվում էր, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է երկրի ներսում հասնել հավասարակշռության: Կարելի էր ենթադրել, որ հասարակության առաջադիմական ու ռեակցիոն մասը կարող է խաղաղ գոյակցել՝ մեկը մյուսին թողնելով հանգիստ, քրդերը կարող են ապստամբական պայքարի փոխարեն դիրքեր զբաղեցնել խորհրդարանական ընդդիմությունում, իսկ Էրդողանը «երկիրը կտանի դեպի ԵՄ, սակայն բավականին դանդաղ, որպեսզի ժողովրդավարությունում ակնհայտ թերությունները հնարավոր լինի անտեսել»,- հիշեցնում է Փոլ Մեյսոնը:
Սակայն հիմա ամեն ինչ փոխվել է: Թուրք նախագահը դաժանորեն ճնշում է բողոքի ակցիաները, նա հարուցեց «Քրդական աշխատավորական» կուսակցության հետ զինադադարի վերջնական ավարտը ու գրեթե մոխրացրեց Թուրքիայի հարավում քրդաբնակ քաղաքները: Եվրամիությունը, ընդ որում, փակում է աչքերը Թուրքիայում ժողովրդավարության ձախողման ու խաղաղ բնակիչների դեմ ռազմական գործողությունների վրա, կարծում է պարբերականի տեսաբան Փոլ Մեյսոնը:
«Սակայն այդ ամենը ոչինչ է, համեմատած այն խաղաքարտի հետ, որը Էրդողանը դեռ կարող է խաղի մեջ դնել: Փլուզվող կամ փլուզված պետությունների ֆոնին, ինչպիսիք են Աֆղանստանը, Եմենը, Իրաքը, Սիրիան, որքան ավելի շատ անհաջողություններ է կրում թուրքական ժողովրդավարությունը, այնքան ավելի շատ պետք է Արևմուտքը նրան աջակցի: Ու որքան շատ է Եվրոպական հանձնաժողովը պնդում, որ մի օր Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, այնքան ավելի ուժեղ են Եվրոպայում դառնում խաղացողները, որոնք ցանկանում են դուրս գալ միությունից»,- ասվում է հոդվածում:
Եվրամիության քաղաքացին պետք է իմանա ճշմարտությունը Թուրքիայի մասին, եզրակացնում է Guardian-ի տեսաբանը: