«Սա ոչ թե Ընտրական օրենսգիրք է, այլ հատկապես Սերժ Սարգսյանի իշխանությունը վերարտադրելու տակտիկական կամ տեխնիկական ծրագիր». Արմեն Մարտիրոսյան

«Պետք է ասեմ, որ իշխանություններն այս անգամ էլ կարողացան ինձ բացասական առումով զարմացնել, թե իրենց մտքի պայծառությունը որքան խորն է՝ սեփական իշխանությունը վերարտադրելու գործիքներ ստեղծելու առումով»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով իշխանությունների կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի մասին:

Ա. Մարտիրոսյանն իր համար պարզել է, որ սա ոչ թե Ընտրական օրենսգիրք է, այլ հատկապես Սերժ Սարգսյանի իշխանությունը վերարտադրելու տակտիկական կամ տեխնիկական ծրագիր: Նա նշեց, որ Ընտրական օրենսգիրքը պետք է վերաբերեր բոլորին, պետք է բոլորին մասնակցելու հավասար հնարավորություններ ընձեռեր, այնինչ ներկայացված նախագծով հակառակ պատկերն է:

«Իբրև թե 100 տոկոս համամասնականի պետք է անցնեինք, բայց պարզվեց՝ մեծամասնականի թիվն ավելի է մեծանում, ակնհայտ է, որ իշխանությունները մի այնպիսի մեխանիզմ են կյանքի կոչելու, որի պարագայում իրենք մի քանի կուսակցությունով ճնշող մեծամասնություն կունենան, մի քանիսին էլ կբերեն՝ որպես իրենց ընդդիմություն: Կարծես թե այդ մեխանիզմն է կյանքի կոչվում»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ կոնկրետ ո՞ր դրույթներ են խնդրահարույց, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Խոսքը վերաբերում է 2 ընտրացուցակներին՝ համապետական և տարածքային: Եթե նախկինում մեծամասնական ընտրատարածքներն ավելի փոքր էին, ու ընդդիմության կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուները կարողանում էին քարոզարշավ իրականացնել, ապա այս պարագայում այդ ամբողջ տարածքով ուղղակի ոչ միայն ֆիզիկապես հնարավոր չէ, նյութական սուղ միջոցներով չես կարող այդպիսի քարոզաշավ իրականացնել, այլև ակնհայտ է, որ մարզերում կամ Երևան քաղաքում միայն մեծահարուստ օլիգարխը կարող է նման տարածքում քարոզարշավ իրականացնել»:

Ա. Մարտիրոսյանը նաև խնդրահարույց դրույթ է համարում այն, որ դիտորդներին պետք է հրավիրեն.

«Զարմացա, որ դիտորդները պետք է հրավիրվեն, նոր դիտորդություն իրականացնեն, այսինքն՝ այն հեղինակավոր կազմակերպությունները, որոնք դիտորդություն են իրականացնում, հնարավոր է՝ չկարողանան, որովհետև որևէ իշխանության կարող է պետք չլինի նման դիտորդական առաքելությունը: Ընտրական գրավը միայն 5 տոկոս ձայն հավաքելու դեպքում կվերադարձվի, նախկինում 3 տոկոս էր դա: Բացի այդ, գրավի թիվը բավական մեծ է, այս ճգնաժամային իրավիճակի համար 10 միլիոն դրամը բավականին մեծ թիվ է կազմում, և, օրինակ, «Ժառանգություն» կուսակցությունը, որը պետության կողմից տարեկան ընդամնեը 4 միլիոն դրամի կարգի գումար է ստանում, այդ կուսակցությանը պետությունն ինչպե՞ս է 20 միլիոն գրավի տակ դնում: Սա նշանակում է, որ արհեստական խոչընդոտ է դրվում, որ իրական ընդդիմադիր ուժերը մասնակցեն»:

Հարցին՝ եթե համեմատենք երկու Ընտրական օրենսգրքերը, ի՞նչ դրական կետեր կան այստեղ, ո՞ր օրենսգիրքն է ավելի լավը, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Դրական կետեր չկան: Ո՛չ նախորդն է մեր խնդիրներին լուծում առաջարկում, ո՛չ էլ այս մեկը: Երկուսն էլ խնդիրները չեն լուծում, խորացնում են, ու երկու վատերի միջև ինձ համար էական չէ՝ որն է ավելի վատը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս