Բաժիններ՝

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Ադրբեջանում է. Բաքուն չի կարողանում վճարել Ռուսաստանից ձեռք բերած զենքի դիմաց. «Կոմերսանտ»

Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», այսօր Բաքվում կկայանա Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Բանակցությունների հիմնական թեման կդառնա երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, որը, ըստ «Կոմերսանտի», վերջին շրջանում դժվարությունների է բախվել:

Նշվում է, որ էներգառեսուրսների գնանկման հետևանքով Բաքուն ի վիճակի չէ վճարել ավելի վաղ կնքված զենքի վերաբերյալ պայմանագրերի դիմաց: Բացառված չէ, որ ադրբեջանցի բանակցողները նաև հարց բարձրացնեն Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում են զենքի արտահմանմանը մոտ կանգնած աղբյուրները, երեկ ուշ երեկոյան Ադրբեջան են գնացել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, «Ռոսոբորոնէքսպորտի» ղեկավարության, Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչները: Հաղորդվում է, որ այդ այցը կրում է «հատուկ բնույթ» ու ավելի վաղ պլանավորված չի եղել:

«Խնդիրներ են ծագել արտահանման պայմանագրերի հետ, որոնք պետք է լուծվեն բարձր մակարդակով»,- հայտնել է աղբյուրը:

Սպասվում է, որ նախ՝ ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններ կվարեն «Ռոսոբորոնէքսպորտի» ղեկավարության և Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչները, իսկ հետո կհանդիպեն Ռոգոզինն ու Ալիևը:
Բացառված չէ, որ ՌԴ փոխվարչապետը հանդիպի նաև Ադրբեջանի առաջին փոխվարչապետի ու ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի իր գործընկերոջ՝ Յաղուբ Էյուբովի հետ:

«Ռոսոբորոնէքսպորտը» երեկ հրաժարվել է մեկնաբանություններից:
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի հիմնական խնդիրները ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, կապված են զենքի պայմանագրերի իրականացման հետ: Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը գումար չունի զենքի դիմաց վճարելու համար:

«Նավթի գնանկումը ազդել է բոլորի վրա, ու մեր ադրբեջանցի գործընկերները բացառություն չեն դարձել: Բանը հասել է այնտեղ, որ նրանց պատվիրած տեխնիկան պատրաստվել է ու տեղ հասցվել, սակայն անշարժ կանգնած է նավահանգստում՝ սպասելով բեռնաթափման ու այդ իրավիճակի հանգուցալուծման»,- ասել է «Կոմերսանտի» զրուցակիցներից մեկը:

Ադրբեջանի տնտեսությունը իսկապես կախված է նավթի գնից: Նավթարդյունահանման ավելի քան 70%-ն ապահովում է կասպյան «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» նախագիծը, որն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որում ընդգրկված են BP-ն (35,8%), ադրբեջանական SOCAR-ը (11,6%), Chevron-ը (11,3%) ու այլ ընկերություններ:

Այնտեղ արդյունահանվում է Azeri light նավթ: Արդյունահանման ևս 19,5% բաժին է ընկնում պետական SOCAR ընկերությանը: Ընդհանուր առմամբ՝ 2006-ից Ադրբեջանն ավելացրել է արդյունաբերական հզորությունները 22%-ով: Առավելագույն արդյունահանումը գրանցվել է 2010թ. ու կազմել 50,8 մլն տոննա: 2015թ. Ադրբեջանում նավթարդյունահանումը նվազել է 500 հազար տոննայով՝ մինչև 41,7 մլն տոննա, 2016-ի կանխատեսումը՝ անկում 2,4%-ով՝ մինչև 40,7 մլն տոննա:

«Կոմերսանտը» գրում է, որ Ադրբեջանը զենքի շուկայում խոշոր խաղացող է, ու Ռուսաստանը չի պատրաստվում այն կորցնել: 2010-2014 թվականներին Բաքուն Մոսկվայի հետ կնքել է մոտ 4 մլրդ դոլարի զենքի ձեռքբերման պայմանագիր: Ըստ աղբյուրների՝ պայմանագրերի մեծ մասը արդեն կյանքի է կոչված, օրինակ՝ 2015թ. ադրբեջանցի զինվորականներն ստացել են 2010թ. պատվիրված 40 «Մի-17Բ1» ուղղաթիռներից 6-ը:

Ռուսական ձեռնարկություններին մնում է միայն մատակարարել տանկերի որոշակի քանակություն, հետևակի զրահամեքենաներ ու մի շարք հրետանային համակարգեր: Ինչպես գրում է «Կոմերսանտը», ամենայն հավանականությամբ, այդ մատակարարումների հարցն էլ կդառնա բանակցությունների քննարկման առարկա:
Հաղորդվում է, որ ռուս բանակցողների դիրքորոշումը լինելու է բավական կոշտ, քանի որ նման վիճակ է ստեղծվել ադրբեջանական կողմի մեղքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս